Ամառային այս շոգ օրերը սննդային թունավորումների, աղիքային վարակիչ հիվանդությունների, նույնիսկ համաճարակների բռնկման ամենահավանական ժամանակաշրջանն են, երբ բարձր ջերմաստիճանը միկրոօրգանիզմների աշխուժացման նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Առողջապահության նախարարության գլխավոր սանիտարական բժշկի որոշմամբ հատկապես այս ընթացքում պահպանության որոշակի ժամկետներ ու շուտ փչացող սննդատեսակների բացօթյա վաճառքը, ինչպիսիք են կրեմային հրուշակեղենը, կաթն ու կաթնամթերքը, ոչ ալկոհոլային ըմպելիքները, ապուխտները, երշիկեղենը եւ այլն, արգելվում է։ Սակայն սանհիգիենիկ պայմանները ոտնահարվում են փողոցային վաճառքում։ Վաճառողների գերակշռող մասը միանվագ օգտագործման բաժակները գնորդին է հրամցնում երկրորդ, երրորդ անգամ։ Կառավարության ընդունած որոշման համաձայն վաճառողները աշխատատեղում պիտի հայտնվեն միայն բժշկական քննություններից հետո։ Նրանց մեծ մասը պատահական մարդիկ են, ովքեր ոչ միայն սանգրքույկներ չունեն, այլեւ երբեւէ իրենց նեղություն չեն տալիս այդ մասին մտահոգվելու։ Եվ սպառողը ամենեւին գաղափար չունի, թե ով է իրեն մատուցում ըմպելիքը կամ քյաբաբն ու Ղարսի խորովածը։ Շատ է խոսվում թոքախտի տարածվածության մեծ ծավալների մասին։ Ոչ ոք հաշվարկներ չի արել, ճշգրիտ վիճակագրություն չկա, ինչպիսին է իրական պատկերը։ Բայց դատելով այն իրողությունից, որ այս վտանգավոր ախտի առաջացման խթանը նաեւ թերսնումն ու սոցիալական ծանր պայմաններն են, ոչ մի երաշխիք չկա, որ այս հիվանդության զոհերը կարող են լինել նաեւ փողոցում մեզ սնունդ առաջարկողների մեջ։ Ցածր վարձատրվող, սեզոնային այդ ժամանակավոր, ոչ թեթեւ աշխատանքին նրանք անցել են նույնպես ոչ լավ պայմանների պատճառով։ Լիցենզավորման մասին օրենքը խիստ բարեհաճ է վաճառքի նման արտահայտությունների հանդեպ։ Սննդատեսակները պատրաստվում ու իրացվում են պարզեցված ընթացակարգով. դրանք վաճառելու թույլտվություն, կամ անվտանգության վերաբերյալ սանհիգիենիկ եզրակացություններ չեն էլ պահանջվում վաճառողից։ Պարզապես գործունեության թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են ենթարկվել վաճառքի սանիտարահիգիենիկ չափանիշները պահպանելու վերաբերյալ գլխավոր պետական սանիտարական բժշկի պահանջներին։ Դե եթե դա էլ իրենց հայեցողությանն է տրված, իսկ վերահսկող կազմակերպությունները հանդուրժողականություն են ցուցաբերում, հետեւանքն այն պիտի լինի, ինչ այսօր առկա է։
Հատկապես վերահսկողությունից դուրս է մսով, պանիրով, կարտոֆիլով պատրաստված փողոցային կարկանդակների պատրաստումը։ Ձեթով տապակված այդ տեսականին ճաշակելուց քիչ հետո, ստամոքսում այրոցի սուր զգացողություններ են առաջանում։ Պատճառն այն է, որ պատրաստվել են եռակի, քառակի այրված ձեթի մեջ։ Յուրաքանչյուր 10 լիտր ձեթի մեջ միայն սահմանված որոշակի քանակ պիտի տապակվի, հակառակ դեպքում երիցս այրված ձեթի մեջ թունավոր, քաղցկեղածին նյութեր են առաջանում։ Լաբորատոր ուսումնասիրությունները բազմիցս ապացուցել են իրողությունը։
Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չնայած երեւույթի ակնհայտ բարբարոսական էությանը, այն շարունակում է պահպանել կենսունակությունը։ Այս առթիվ մեր հարցմանը առողջապահության նախարարության պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը պատասխանեց. «Խնդիրը վերահսկվում է մի քանի գործընթացով. պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունն օրենքի համաձայն ստուգումներ պիտի անցկացնի տարվա մեջ մի անգամ, ընդ որում այդ մասին 3 օր առաջ տեղեկացնելով ստուգման ենթակա կազմակերպությանը։ Այսինքն, եթե արտադրողին կամ վաճառողին այցելել են աշնանը, հաջորդ տարի նույնպես աշնանն են այցելելու։ Այսինքն, վերջիններիս արատավոր շահերը լիովին ապահովագրված են օրենքով։ Ի սկզբանե պարզ է նաեւ, որ ստուգման արդյունքներն էլ անարդյունավետ են լինելու։ Բայց տեսնո՞ւմ եք, ինչ արտասովոր տրամաբանությամբ են առաջնորդվել օրենքի այս դրույթի հեղինակները։ Նույնիսկ մանկական խաղի մեջ նման «մեծահոգի միամտություն» չի ցուցաբերվում։ Զարմանալի է, բայց իրողություն։ Ըստ Մարիետա Բասիլիսյանի, առողջապահության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ ի սկզբանե սրբագրման կարիք զգացող վաղօրոք տեղեկացման դրույթի վերացման օրենսդրական նախաձեռնությամբ։ Նախատեսվում են նաեւ օրացուցային տարվա գրաֆիկի փոփոխություններ, դրա մեջ ներմուծելով անսպասելիության տարրը։
Նշենք նաեւ, որ այս տարի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են նաեւ այս ոլորտին։ Հույս կա, որ հիգիենիկ-հակահամաճարակային ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու լծակ կարող են դառնալ նաեւ տնտեսավարող սուբյեկտների ու կազմակերպությունների խստացված տուգանքները։ Սանիտարական օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ նախկինում սահմանված 1000-1200 դրամ ծիծաղելի չափը փոխարինվել է 30-50 հազար դրամովՙ եթե տարածքային մարմիններն են կիրառում պատժամիջոցը, իսկ եթե գլխավոր վերահսկողըՙ տեսչությունը, մինչեւ 100 հազար դրամ։ Այս կարգի խստացված ակցիաները նոր է փորձ արվում կիրառել ու հաստատել սպառողական շուկայում, եւ եթե իսկապես կիրառվեն, եթե ոչինչ չխանգարի, հաստատ արդյունք կտան։ Մեկ անգամ 100 հազար տուգանք վճարած անձը հարկավ պիտի վերանայի իր գործունեության որակըՙ հաջորդ անգամ ֆինանսական կորուստներ թույլ չտալու համար։
Այս տարվա ստուգումների ժամանակ, Մարիետա Բասիլիսյանի հավաստմամբ, պատժամիջոցներ կիրառվել են առեւտրային բոլոր օբյեկտներում, այսինքն, բոլոր տեղերում արձանագրվել են սանիտարական կանոնների այս կամ այն մակարդակի խախտումներ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ