«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2003-07-19 | #138, 2003-07-22 | #139, 2003-07-23


ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Առաջիկայում կհրապարակվի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցը ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ տեղ կգտնեն Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ։ Այս մասին հայտարարեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան Քրիստիան Ստրոհալը եւ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ Ջովաննի Քեսլերը Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտինՙ հուլիսի 22-ի կայացած ասուլիսում։

ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչները Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներին իրենց հիասթափությունն են արտահայտել երկրում վերջերս անցկացված ընտրությունների կապակցությամբ, չնայած, ըստ նրանց, մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների համեմատ որոշակի առաջընթաց են արձանագրել քարոզարշավի եւ մամուլի կողմից լուսաբանման հարցերում։ Ըստ բանախոսների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի դիտարկման գործընթացը շարունակական է։

Այցի նպատակն էր Հայաստանի իշխանություններին հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչների մտահոգությունը։ ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչները հատկապես առաջնային են համարում ընտրությունների վարչարարության եւ օրենսդրության շրջանակում կատարվելիք բարեփոխումները եւ վերջին ընտրություններում իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվությանՙ քաղաքական եւ վարչական, ենթարկելու անհրաժեշտությունը։ Վերջինը, ըստ Ջովաննի Քեսլերի, պայմանավորված է անպատժելիության մթնոլորտին վերջ դնելու մտահոգությամբ։ Ինչ վերաբերում է օրենսդրական բարեփոխումներին, ապա, ըստ նրա, դրանց պետք է գործուն մասնակցություն ունենան թե՛ իշխանության եկած կոալիցիոն ուժերը, թե՛ ընդդիմությունը։ Ստրոհալի խոսքերով, աշնանից իր ղեկավարած գրասենյակը ակնկալում է այդ բարեփոխումների նախաձեռնումը եւ պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը նաեւ նշեց, որ հաջողությունների կարգին է դասում քրեակատարողական հաստատությունների մոնիտորինգի նպատակով հասարակական խորհրդի ստեղծումը, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամրապնդումը մի շարք ոլորտներում, այդ թվում դատական համակարգի անկախության, վարչական եւ նախնական կալանքի հարցերում, ինչպես նաեւ հասարակական եւ տնտեսական կյանքում կանանց հավասար մասնակցության ապահովման գործում ՀՀ իշխանությունների ձեռնարկած կոնկրետ քայլերը։

Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ Հայաստանի իշխանությունները իրոք կփորձեն շտկել արձանագրված խախտումներն ու թերությունները, Քրիստիան Ստրոհալը նշեց, որ իրենց տպավորությամբՙ Հայաստանը լուրջ է մոտենում իր ստանձնած պարտավորություններին։ Ջովաննի Քեսլերն էլ նշեց, որ իրենք կարող են օժանդակել, «սակայն երաշխիքները պետք է գան Հայաստանից»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4