ՆԱԽԻՋԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նախօրեին մի խումբ լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվել Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շահբուզի շրջանի Քյարմյաչաթաղ գյուղում, հաղորդում է «Պրես-ցենտր.ռուն»։ Լրագրողները գյուղ էին եկել տեղի բնակիչների կանչով, որոնք հայտնել էին, որ գյուղը կանոնավորապես հայկական կողմից գնդակոծության է ենթարկվում վերջին մեկ ամսվա ընթացքում։ Սակայն լրագրողները չեն հասցրել գյուղ մտնել, երբ նրանց վրա է բառացիորեն հարձակվել գործադիր իշխանության ներկայացուցիչ Լազիմ Միրզոեւը։ Նա հայտարարել է, որ «վերեւից» ցուցում ունի Քյարմյաչաթաղ չթողնել լրագրողներին։ Այնուհետեւ Միրզոեւը եւ իր կամակատարները սկսել են ծեծել ANS հեռուստաալիքի օպերատոր Մուշֆիգ Հաջիեւինՙ փորձելով ջարդել կամ խլել նրանից տեսախցիկը։ Բաժին է հասել նաեւ ANS-ի թղթակից Նաթելլա Մահմուդովային եւ «Միլիյեթ»-ի թղթակից Իլգար Նասիբին, որոնք փորձել են պաշտպանել գործընկերոջը։ Բռնության է ենթարկվել նաեւ «Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակից Քյամալ Սուրխայգըզըն, որին պարզապես գետին են շպրտել։ Երբ «Թուրան» գործակալության թղթակից Մալախատ Նասիբովան սկսել է օգնել գործընկերոջը ոտքի կանգնելու, Միրզոեւը խլել է նրանից ձայնագրիչը եւ հարվածել նրանով Նասիբովայի գլխին։ Այդ ամենից հետո, լրագրողներին վռնդել են գյուղից։