«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2003-07-19 | #138, 2003-07-22 | #139, 2003-07-23


ԵԳԻՊՏՈՍ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿ ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան դոկտ. Բաքրի Ռուշդի Էլ Ամմարիի հետ մեր թղթակցի հարցազրույցը նվիրված է Եգիպտոսի ազգային տոնիՙ 1952 թվի հուլիսի 23-ի հեղափոխության 51-րդ տարեդարձին։

- Շնորհիվ Ձեր ջանքերի, անցյալ դեկտեմբերին Եգիպտոս կատարած մեր այցելության ընթացքում ականատես եղանք հեղափոխության 50-ամյա նվաճումներին։ Ասացեք խնդրեմ, որո՞նք են Եգիպտոսի ներկա կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

- Կարող եմ ասել, որ նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության առաջնահերթ խնդիրներից են տեխնոլոգիայի առավել զարգացումը, առավել բարձր մակարդակների նվաճումը։ Երկրորդ, քանի որ ներկայումս տարեկան ավելի քան մեկ միլիոնով ավելանում է երկրի բնակչությունը (որն այսօր արդեն 70 միլիոն է), կառավարությունը փորձում է մարդկանց գիտակցության բարձրացման միջոցով նվազեցնել նոր ծնունդների թիվը։ Տարվում է ընտանիքի ծրագրման հետեւողական գործընթաց, որպեսզի կարողանանք ապագայում յուրաքանչյուրին ապահովել աշխատանքով ու բնակարանով։ Երկրում անգործությունը չափազանց փոքր թիվ է կազմում։ Փորձում ենք պահպանել դա եւ առավել մեծ թվով դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելով հասնել սոցիալական ապահովության ծառայությունների ավելի բարձր մակարդակների։ Մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսությանը, ավելի մեծ տարածքներ են տրամադրվում հողագործներին։ Գաղտնիք չէ, որ արդեն երկու տասնամյակ Եգիպտոսը ցորեն է ներմուծում, որը չտեսնված երեւույթ է երկրի պատմության մեջ։ Եթե ժամանակին զբաղվեինք ընտանիքի ծրագրման հարցերով, այսօր նման խնդիրների առաջ չէինք կանգնի։ Այսքանը ներքին բնագավառում։

Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, կառավարությունն առաջին հերթին փորձում է ինչքան հնարավոր է շուտ հիմնել արաբական ընդհանուր մի շուկա, որը կպաշտպանի արաբական երկրներին տնտեսական վայրիվերումներից, սննդի պաշարների պակասից։ Համագործակցելով որպես մեկ մարմին, երկրները կկարողանան միմյանցից ներմուծել այս կամ այն ապրանքըՙ այլ երկրներից կախվածության մեջ լինելու փոխարեն։ Ներկայիս արաբական աշխարհի հարստության չորս տրիլիոն դոլարը ներդրված է արտասահմանում։ Ընդհանուր շուկայի ընձեռած առեւտրաշրջանառությունը կնպաստի, որ այս գումարը մնա արաբական աշխարհի եւ ոչ թե արտասահմանյան երկրներում։ Սա կարեւոր է ոչ միայն պարենամթերքի հայթայթման, այլեւ մանավանդ անվտանգության, տնտեսական անկախության տեսանկյունից, քանի որ այլ երկրներից կախվածության մեջ չլինելով, արաբական երկրները կկարողանան ինքնաբավ դառնալ եւ ինքնուրույն պաշտպանել իրենց անկախությունը։

Միջազգային ասպարեզում խաղաղության եւ անվտանգության կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Շարունակում ենք հակամարտությունները խաղաղ կերպով կարգավորելու եւ փոխադարձ հարգանքի հիման վրա ստեղծված հարաբերությունների սկզբունքներին հավատարիմ մնալՙ պահանջելով ուրիշներից նույն ձեւով վերաբերվել մեզ։

- Վերջերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այցելեց աֆրիկյան հինգ պետություններ։ Դրանից առաջ անգլո-ամերիկյան զորքերը մտան Իրաք եւ տապալեցին Սադդամ Հուսեյնի վարչակարգը։ Ինչպե՞ս եք գնահատում Մ. Նահանգների նման միջամտությունը տարածաշրջանի գործերին։

- Միանշանակ պետք է ասել, որ Իրաքի հանդեպ նախագահ Բուշի կատարած քայլը սխալ էր։ Պատերազմն անտրամաբանական էր եւ հակաօրինական։ Անտեսում էր ՄԱԿ-ի որոշումները։ Զանգվածային բնաջնջման զենքի առկայության հիմնախնդիրը մինչեւ օրս ապացուցված չէ։ Նախագահ Մուբարաքը բազմիցս զգուշացրեց, որ պատերազմն անցանկալի հետեւանքներ կարող է ունենալ։ Նա պահանջում էր, որ անգլո-ամերիկյան զորքերն անհապաղ հեռանան Իրաքից եւ թողնեն, որ ժողովուրդն ինքը որոշի իր ճակատագիրը։ Պատերազմի հետեւանքով Իրաքի մեծ մասը խորտակվեց, անմեղ մարդիկ մահացան, տնտեսությունը քայքայվեց, անգործությունը մեծացավ, ազգային-մշակութային հարստությունը, որը միջազգային նշանակություն ուներ, թալանվեց։ Ավելին, մինչեւ օրս դեռ ամերիկացի զինվորներ են սպանվում։ Խորապես ցավում ենք բոլոր զոհերի համար։ Նախագահ Մուբարաքը քանիցս կոչ է արել տարածաշրջանը զանգվածային բնաջնջման զենքերից ազատ գոտի հռչակելու վերաբերյալՙ պայմանով, որ պահանջը տարածվի բոլոր երկրներիՙ ներառյալ Իսրայելի վրա։ Իսրայելը չպետք է բացառություն լինի։ Հույս ունենք, որ ավելի խելամիտ առաջնորդներ կգան կարգավորելու այդ խնդիրը։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Մ. Նահանգների հետ բոլոր բնագավառներում։ Նախագահներ Մուբարաքի ու Բուշի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Բայց որոշ հարցերում (օրինակՙ Իրաքի) մենք տարբեր տեսակետներ ունենք։ Հույս ունենք, որ շուտով անգլո-ամերիկյան զորքերը կհեռանան Իրաքից։ Իրաքն անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան եւ ճակատագիրը։

- Եգիպտոսը միշտ էլ նշանակալի տեղ է զբաղեցրել Միջին Արեւելքում։ Մեծ է նրա դերը հատկապես այս օրերին, երբ փորձ է արվում լուծելու պաղեստինյան պետության ստեղծման խնդիրը։ Ինչպե՞ս եք տեսնում ապագա պաղեստինյան պետության կազմավորման հարցը։

- Եգիպտոսը միշտ էլ պաշտպանել է պաղեստինյան ժողովրդի իրավունքները։ Մենք շարունակում ենք եւ հետագայում էլ կշարունակենք պաշտպանել պաղեստինցիներին, որովհետեւ հավատացած ենք, որ ինչպիսին այլ ազգություններ, նրանք եւս իրավունք ունեն իրենց սեփական, անկախ պետությունն ստեղծելու։ Եվ ամբողջ աշխարհն է պաշտպանում նրանց այդ իրավունքը։ Իսկ թե ինչպիսին ենք տեսնում այդ պետության ստեղծումը, ասեմ, որ նախ իսրայելական զորքերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներից եւ պաղեստինա-իսրայելական սահմանը ճանաչվի այն, որ եղել է մինչեւ 1967 թ.-ի պատերազմը։ Միաժամանակ Երուսաղեմը, որը քրիստոնյա եւ մահմեդական սրբավայրեր է ընդգրկում, պետք է դառնա Պաղեստինի մայրաքաղաքը։ Մենք ողջունում ենք Մ. Նահանգների դերն առաջարկված հաշտության «ուղեցույցի» առնչությամբ եւ հույս ունենք, որ դա կդառնա հիմնաքարը մերձավորարեւելյան այս թնջուկի կարգավորման խնդրում։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերըՙ Իսրայելն ու Պաղեստինը պարտավոր են ազնվորեն կատարել իրենց պարտականությունները։ Պաղեստինը կատարում է դրանք։ Մնում է, որ Իսրայելը նույնպես անցնի իր պարտականությունների կատարմանը։ Հույս ունենք, որ Մ. Նահանգներն ավելի մեծ ճնշում կբանեցնի Իսրայելի վրա այս հարցում։

Ինչպես պաղեստինցի, եւ ընդհանրապես արաբ ժողովուրդներին, այնպես էլ իսրայելցի ժողովրդին մենք խաղաղություն ենք ցանկանում եւ հույս տածում, որ այս թեժ տարածաշրջանում շուտով վերջ կգտնեն բռնություններն ու դաժանությունները։

- Եվ վերջին հարցը։ Ինչքան մեզ հայտնի է, շուտով ավարտելու եք ձեր առաքելությունը Հայաստանում։ Այդ առթիվ խնդրում ենք ասելՙ Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների բարելավման վերաբերյալ ի՞նչ ակնկալիքներ ունեիք եւ ինչքանո՞վ կարողացաք իրականացնել դրանք։

- Խորապես ցավում եմ, որ մեկնելու եմ այս հրաշալի երկրից։ Մոտ 4 տարի ապրեցի այստեղՙ զգալով ինձ ինչպես իմ տանը։ 1999-ի հոկտեմբերին ժամանեցի Հայաստանՙ երկու երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու ակնկալիքներով։ Դժբախտաբար, օդային ուղիղ գիծ բացելու առաջնահերթ խնդիրը հնարավոր չեղավ լուծել մինչեւ օրս։ Ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելը նույնպես չհաջողվեց։ Ներկայումս դրանք հասնում են մոտ 250 հազար դոլարի, որը չափազանց համեստ թիվ է եւ չի համապատասխանում մեր երկու երկրների ոչ ցանկություններին, ոչ էլ հնարավորություններին։ Դրանք զգալիորեն հետ են մնում մյուս բնագավառներում (քաղաքական, մշակութային, կրթական եւ առողջապահության) արձանագրված հրաշալի արդյունքներից։

Մեզ հաջողվեց գումարել տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ կոմիտեի 3-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց 6 պայմանագիր։ Դա մեծ ձեռքբերում էր. Հայաստանը մասնակցեց Կահիրեի միջազգային տոնավաճառին, իսկ սեպտեմբերին Եգիպտոսը կմասնակցի «Արմէքսպոյին» Երեւանում։ Հավատացած ենք, որ այս փոխադարձ մասնակցությունները ցուցահանդես-տոնավաճառներին կխթանեն առեւտրի զարգացմանը մեր երկու երկրների միջեւ։ Արդեն ակտիվացել են որոշ գործարար շրջանակներ եւ պատրաստվում են փոխադարձ այցելությունների։

Հաջորդ մեծ հաջողությունը, որը գերազանցեց մեր ակնկալիքներն, առողջապահության բնագավառում է։ 1997 թ-ին Երեւանում սկսված գործընթացը, որը 2000-ին շարունակվեց այդ ժամանակվա առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի առաջնորդած պատվիրակության Եգիպտոս այցելությամբ, այս տարի վերաիմաստավորվեց երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելություններով։ Եվ ամենակարեւորըՙ համաձայնություն ստորագրվեց պատվաստանյութեր եւ ինսուլին արտադրելու Երեւանում ստեղծվելիք համատեղ ձեռնարկությունում, որի վայրն արդեն իսկ որոշված էՙ Ավանում։

Արտադրության կարողությունները գերազանցելու են Հայաստանի պահանջները եւ հնարավոր է լինելու նաեւ արտահանել հարեւան ԱՊՀ երկրներ։ Եգիպտոսն այդ բնագավառում առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։

Կարեւոր ձեռքբերում էր նաեւ Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Ալեքսանդրիայի պապ եւ Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Շենուդա Գ-ի այցը Երեւանՙ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հրավերով։ Ստորագրվեց համատեղ հայտարարություն, որը հաստատում է երկու եկեղեցիների եղբայրական սերը հիմնված սրբազան ավանդույթների վրա։

Եզրափակելով, կուզենայի նշել, որ ինձ բախտավոր եմ համարում, որ Եգիպտոսի կառավարությունն ինձ այստեղՙ Հայաստանում դեսպան նշանակեց։ Մեր երկու երկրները երբեք խնդիրներ չեն ունեցել։ Մեր հարաբերությունները կարող են օրինակ ծառայել ամբողջ աշխարհին։

Դրանք խորն են, ջերմ եւ ամուր։ Իմ ցանկությունն է տեսնել մոտ ապագայում արդյունքներն այն ջանքերի, որոնք հնարավոր եղավ ներդնել։ Տեսնել ուղիղ չվերթի, պատվաստանյութերի գործարանի իրականացումը եւ, անշուշտ, եգիպտական առեւտրի կենտրոնի վերաբացումը եւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Այդ բոլորն էլ ավելի են ամրապնդելու մեր դարավոր եղբայրական հարաբերությունները։

Շնորհակալություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4