«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆԻՆ

Անողոք մահը մի հիանալի անձնավորություն էլ խլեց մեր շարքերից։ Դա ժողովրդական արտիստ Արմեն Խոստիկյանն է, համեստագույն ստեղծագործող մի մարդ, որին բնությունն արտիստական առատ շնորհք էր պարգեւել։ Նա անսահման բարի էր ու բարյացակամ, շրջապատին օգտակար լինելու պատրաստ, իր դերակատարումներով էլ բարություն սերմանող քաղաքացի-դերասան էր։

Խոստիկյանը ծնվել է 1929 թ. Երեւանում, մտավորականների ընտանիքում։ Նա իր մասնագիտական կրթությունը ստացել է Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, Արմեն Գուլակյանի կուրսում (1947-1951)։ Դեռեւս ուսանողական ներկայացումներում, որոնցում նա կատարում էր Փարսիղի («Քանդած օջախ»), Տումանսկու («Մաշենկա»), Լաունսի («Վերոնայի երկու ազնվականները») դերերը, ի հայտ եկան դերասան Խոստիկյանիՙ կատակերգական ու բնութագրական խաղաոճին հատուկ անսպառ հնարավորությունները։

1951 թվականից Խոստիկյանն աշխատանքի է անցել Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչեւ 1990-ական թթ. ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ, անմոռաց դերեր, որոնցում անմրցելի է եղել։ Խոստիկյանը լուրջ կատակերգակ դերասան էր։ Նա աշխատող, մտածող դերասան էր. խորանալով կերպարի էության մեջ, աշխատում էր տեքստի վրա, կարեւորություն տալիս ամեն մի արտահայտության նպատակասլաց հնչեղությանը, փոքր ընդմիջում-դադարից հետո այնպես արտաբերում խոսքը, որը մտածված դիմախաղի ու շարժուձեւի հետ ամբողջություն դառնալովՙ տպավորիչ հետք էր թողնում։

Խոստիկյանի ինքնատիպ դերակատարումներից հնարավո՞ր է մոռանալ Սերգեյ բեկը («Նամուս»), Հարութ Անվերջը («Հաջի Փայլակ», Ֆերդիշչենկոն («Ապուշը»), Ֆուշեն («Մադամ Սան-Ժեն»), Աթիլլոն («Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»), Տելյատեւը («Կատաղի փողեր») եւ ուրիշներ։

1990-ական թթ. քաղցի ու ցրտի դաժան ժամանակներում Խոստիկյանը մի փոքրիկ խումբ կազմեց եւ ներկայացումներ էր տալիս մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրսՙ նպատակ ունենալով կատակերգությանՙ ծիծաղի միջոցով բարձրացնել բնակչության տրամադրությունը, հույս ներշնչել գալիք լավ օրերի համար։ Իր այդ հոգատարությամբ նա արժանացավ հանդիսականների բարձր գնահատանքին։

Խոստիկյանն իր մասնակցությունն է բերել նաեւ մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին։ Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թ. բեմադրվել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Խոստիկյանը սիրված դերասան էր նաեւ կինոյում եւ հեռուստաբեմադրություններում։ Ո՞վ կարող է մոռանալ հորթապահ Արմոյիՙ նրա այնքա՜ն համով դերակատարությունը «Ոսկե ցլիկը» կարճամետրաժ կինոֆիլմում, որտեղ նրա արտահայտությունները թեւավոր խոսքեր դարձած բերնեբերան են անցնում։

Արմեն Խոստիկյանի պես ազնիվ ընկերոջ, բազմաշնորհ դերասանի պայծառ հիշատակն անմոռաց կմնա նրան ճանաչողների սրտերում։

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4