«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ՔԱՐԱՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՆՈՐԱՄՈՒՏՆ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»

Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստներ, ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ Արման եւ Արտավազդ Քարամյանները հուլիսի 22-ի կեսօրին երկամյա պայմանագիր են կնքել Կիեւի «Արսենալի» հետ։ Իսկ երեկոյան նրանք թիմի կազմում մասնակցեցին Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրի հանդիպմանը։ Կիեւի Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտում այդ օրը «Արսենալը» մրցեց իր համաքաղաքացիներիՙ դինամոյականների հետ։ Մեր ֆուտբոլիստների համար նորամուտն անհաջող ստացվեց։ «Արսենալը» չկարողացավ համառ դիմադրություն ցույց տալ երկրի չեմպիոնինՙ սեփական դարպասն ընդունելով 3 անպատասխան գնդակ։ Այդ խաղում Քարամյան եղբայրներն ընդգրկվել էին թիմի մեկնարկային կազմում։ Արմանը հանդես եկավ 20 համարի մարզաշապիկով, իսկ Արտավազդին բաժին էր ընկել 27 համարի մարզաշապիկը։ Արմանին խաղի 81-րդ րոպեին փոխարինեց Կովալչիկը, իսկ Արտավազդը մասնակցեց ողջ հանդիպմանը։

Հարկ է նշել, որ «Արսենալն» այդ խաղի 6-րդ րոպեից խաղում էր 10 հոգով։ Թիմի պաշտպան Չեռնովը հեռացվեց խաղադաշտից Դմիտրուլինին վնասվածք պատճառելու համար։ Դինամոյականներն արդեն առաջին խաղակեսում երկու անգամ իրացրին թվային գերակշռությունը։ Հաշիվը 26-րդ րոպեին բացեց Լեկոն, 3 րոպե անց Շացկիխը երկրորդ գոլը խփեց։ Խաղավերջում Գուսեւը հաշիվը դարձրեց 3-0։ Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին Արման Քարամյանը ձախ թեւով ճեղքեց դինամոյականների պաշտպանությունը, մտավ տուգանային հրապարակ, սակայն սուր անկյան տակ նրա հարվածը շեղ ստացվեց։

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին Քարամյանների հետ կապված որոշ պարզաբանումներ է տվել։ Նա նշել է, որ հայ ֆուտբոլիստների տրանսֆերը ստացել էին դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն այդ ընթացքում քննարկում էին Քարամյանների անձնական պայմանագրի հետ կապված որոշ հարցեր։ Արդյունքում միայն խաղի օրը Քարամյանները պայմանագիր կնքեցին թիմի հետ, այլապես նրանք «Արսենալի» կազմում դեռեւս 2-րդ տուրի հանդիպմանը կմասնակցեին։ 4-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Իլյիչեւեցին»։ Իսկ Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Բորիսֆեն»-«Շախտյոր»ՙ 0-1, «Կարպատներ»- «Մետալուրգ» Զ.ՙ 1-0, «Զվեզդա»-«Դնեպր»ՙ 0-3, «Օբոլոն»-«Կրիվբաս»ՙ 1-1, «Իլյիչեւեց»-«Չեռնոմորեց»ՙ 1-2, «Մետալուրգ» Դ.-«Վոլին»ՙ 1-0, «Վորսկլա»-«Տավրիա»ՙ 0-0։ 3 տուրից հետո առաջնության աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են «Դնեպրն» ու «Շախտյորը»։ 3-րդ տեղում 6 միավորով երկրի չեմպիոն Կիեւի «Դինամոն» է։ «Արսենալը» տարել է մեկ հաղթանակ, երկու խաղում զիջել է եւ 3 միավորով հանգրվանել է 9-րդ հորիզոնականում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4