«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԵՆԱՏԵՐԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԵՆՔ

Հայաստանը դարձել է արհեստական մենաշնորհների երկիր։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2002-ի գործունեության հաշվետվությունում նշված են կենտրոնացվածության աստիճաններն ապրանքային տարբեր շուկաներում։ Ուսումնասիրված 28 ապրանքային շուկաներից 16-ում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան։ Այսինքն, երբ այս կամ այն շուկայի 70-100 տոկոսը պատկանում է 1-3 խոշոր տնտեսվարող սուբյեկտի։

Բացի հեռահաղորդակցության ոլորտից, 100 տոկոսանոց մենաշնորհ գոյություն ունի հանքային ջրերի արդյունահանման շուկայում։ «Բջնի», «Դիլիջան», «Հանքավան», «Լոռի», «Արզնի», «Արարատ», «Ջերմուկ» հանքային ջրերը շշալցնողները գնում են «Ադամանդ-կ» ընկերությունից։ Ընդ որում, որեւէ բացատրություն, թե ինչո՞ւ է Հայաստանի հանքային ջրերի բոլոր աղբյուրներն առանց մրցույթի, առանց շահույթի չափ նշելու հանձնվել այս ընկերությանը, հնարավոր չեղավ ստանալ ընդհուպ երկրի ամենաբարձր ղեկավարությունից։ Բնական է, որ այս ընկերությունը պատահական չի ընտրվել եւ այնտեղ չեն կարող չլինել բարձրաստիճան պաշտոնյաներ կամ նրանց հովանավորներ։

Կերակրի աղի շուկան գրեթե 100 տոկոսով պատկանում է Ավանի աղի կոմբինատին։ Դա գուցե ինչ-որ տեղ օբյեկտիվորեն է ստեղծվել, քանի որ մեր աղի պաշարները բավարար են ոչ միայն ներքին շուկան բավարարելու, այլեւ արտահանելու համար։

Էթիլային սպիրտի եւ շաքարավազի խիստ կենտրոնացված շուկա ունենալու համար «պարտական» ենք «Աստղացոլք» ՍՊԸ-ին։ Առաջին դեպքում շուկայի 76,4 տոկոսը, երկրորդ դեպքում մոտ 80 տոկոսը զբաղեցնում է այս ընկերության ներկրած ապրանքը։ Ի դեպ, «Աստղացոլքը» մեծ մասնակցություն ունի նաեւ մի շարք այլՙ ցորենի (40 տոկոս), կենդանական յուղի (23 տոկոս), ինչպես նաեւ սուրճի եւ դեղորայքի շուկաներում։

Գարեջրի, կոնյակի, փրփրուն գինիների եւ շամպայնի շուկաները նույնպես խիստ կենտրոնացված են։ Գարեջրի շուկայում գրեթե 100 տոկոսով ներկայացված են Աբովյանի գարեջրի գործարանը (մոտ 72 տոկոս) եւ Երեւանի գարեջրի գործարանը։ Փրփրուն գինիների եւ շամպայնի արտադրությամբ գերիշխող դիրք ունի Երեւանի շամպայն գինիների գործարանը (81 տոկոս)։ Հիմնական կոնյակ արտադրողը Երեւանի կոնյակի գործարանն է, որը զբաղեցնում է շուկայի 66 տոկոսը։ Իսկ հաջորդ 4 արտադրողները միասին զբաղեցնում են շուկայի 29 տոկոսը։ Հիմնական պաղպաղակ արտադրողները երեքն ենՙ «Թամարան», «Շանթը» եւ «Աշտարակ-կաթը», որոնք զբաղեցնում են շուկայի 85 տոկոսը։

Ինչպես այս, այնպես էլ ցեմենտի եւ գաջի շուկաներում բարձր կենտրոնացվածությունը պայմանավորված է խոշոր արտադրողների առկայությամբ, որոնց մեծ մասի ձեռնարկությունները ստեղծվել են տարիներ առաջ։ Այսինքնՙ այստեղ գոյություն ունի նաեւ օբյեկտիվ պատճառ։ Նույնը չես ասի էթիլային սպիրտի եւ շաքարավազի ներկրման շուկաների մասին։ Անգամ հանձնաժողովն է իր վերլուծության մեջ որոշակի ակնարկ արել, նշելով, որ պետք է դիտարկվի 2003 թ.-ին շաքարավազի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Աստղացոլքի» վարքագիծը։ Մեզ չհաջողվեց պարզելՙ նման դիտարկում արվե՞լ է, քանի որ հանձնաժողովի լրատվական ծառայության պատասխանատուին հնարավոր չեղավ գտնել իր աշխատանքային վայրում։

Քարերի շուկայում իրավիճակը նման է հանքային ջրերի արդյունահանման ոլորտին։ Այստեղ եւս առանց որեւէ լուրջ հիմնավորման եւ մրցույթի Հայաստանի քարհանքերի շահագործումը տրվել է 1-2 ընկերությունների։ Մարմարի շուկայի 99 տոկոսը պատկանում է «Ալմաքար» ՍՊԸ-ին, բազալտի շուկայի 61 տոկոսըՙ «Հազրավարդ» ընկերությանը, իսկ գրանիտի շուկայում «Փարվանա գրանիտն» ունի ամենամեծ բաժինըՙ 34,6 տոկոս։ Կենտրոնացվածությունը վերջին դեպքում 80 տոկոս է, բազալտի դեպքումՙ 82։

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ բացի բարձր կենտրոնացվածություն ունեցող 16 շուկաներից, եւս 9-ն ունեն միջին եւ ընդամենը 3-ըՙ ցածր կենտրոնացվածություն։ Ինչի՞ մասին է սա խոսում եւ ի՞նչ է ձեռնարկվում այս ոլորտներում ազատ մրցակցության ապահովման համար։

Կարծիք կա, որ ներկրման ոլորտում բարձր կենտրոնացվածությունը պայմանավորված է Հայաստանի փոքր եւ սահմանափակ շուկայով եւ մեկ-երկու ընկերություններ կարողանում են բավարարել ամբողջ պահանջարկը։ Սակայն անհասկանալի է մնում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կենտրոնացվածությունը։ Պարզ է, որ այս դեպքում գործ ունենք բարձր եւ արագ շահութաբերություն ապահովող բիզնեսի հետ։ Տրամաբանական է, որ այստեղ տնտեսվարողները, այսինքնՙ այս բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ կլինեն։ Իսկ եթե քիչ են, նշանակում է, որ խոշորները նրանց չեն թույլատրում, ինչպես իրենք են ասում, «խփել» իրենց գործին։ Թե ի՞նչ մեթոդներով, դա այլ հարց է։

Իսկ հանձնաժողո՞վը։ Ի՞նչ է անում տնտեսական մրցակցությունը պաշտպանելուն կոչված այս կառույցը։ Ըստ էության, որդեգրել է ստեղծված վիճակն արձանագրելու դեր։ Պատահում է, որ նրան չեն թույլատրում անգամ դա կատարել։ Օրինակ, ո՞վ կհավատա հանձնաժողովի այն եզրակացությանը, որ բենզինի կամ դիզելային վառելիքի շուկաներն ընդամենը միջին կենտրոնացվածություն ունեն։

Հանձնաժողովն իր գոյությունը հիշեցնում է, երբ արտառոց իրավիճակ է ստեղծվում։ Օրինակ, երբ Երեւանի տրանսպորտային սպասարկումն իրականացնող երթուղային տաքսիների մեծ մասը ձմռանը մի քանի օր դուրս չեկավ երթուղիներ կամ երբ հացահատիկի գները կտրուկ բարձրացան։ Սակայն դա էլ անմիջապես մոռացվում է, քանի որ հայտարարելով արձանագրված փաստերի վերաբերյալ ուսումնասիրություններ սկսելու մասին, այլեւս երբեք չեն հայտնում դրանց արդյունքները։ Երբեք չենք կասկածել հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Ստեփանյանի անկեղծությանը եւ հուսով ենք, որ նոր նախագահ Ֆելիքս Փիրումյանը նույնպես ցանկանում է կոնկրետ արդյունքների հասնել։

Սակայն փաստ է, որ դրանք դեռեւս չկան, ինչի պատճառը, ինչպես նախկինում ենք գրել, քաղաքական կամքի բացակայությունն է երկրի ղեկավարության մեջ։ Իսկ քանի դեռ կացությունն այս առումով անփոփոխ է, Հայաստանը կշարունակվի գալարվել մենատերերի եւ գերիշխողների ճիրաններում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4