«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԱՌԱՏ ՑՈՐԵՆԸ ԴԵՌԵՎՍ ԷԺԱՆ ՀԱՑ ՉԷ

Նախորդ տարվա հացահատիկի առատությունը ԼՂՀ-ում երեւի կրկնվի նաեւ այս տարի։ Համենայն դեպս, այս ակնկալիքն ունեն արցախցի հացագործները։ Դրա մի իրատեսական հիմքն այն է, որ ընթացիկ տարում հնձվող հացահատիկի միջին բերքատվությունը 3 ցենտներով ավելի է։ Իսկ ընդհանուր առմամբՙ 2003 թ. կատարվել է 41 հազար հեկտար ցանք, որը 10 հազար հեկտարով ավելի է անցյալ տարվանից։

2002 թ. բերքահավաքի առատությունը, խոստովանենք, բոլորովին էլ սպասված արդյունքը չունեցավ հանրապետության մասնավոր հացարտադրողների համար, որովհետեւ հավաքված ցորենի իրացումը լուրջ խնդիր էր դարձել նրանց համար։ «Ալրաղաց» ՊՓԲԸ-ն հիմնականում գնեց խոշոր հողատերերի ցորենը, այն էլՙ նրանց համար ձեռնտու գներով, իսկ մենատնտես գյուղացիները ստիպված եղան իրենց ցորենն ավելի էժան վաճառել։ Որպեսզի հասարակ գյուղացին չտուժի, այս տարի ԼՂՀ կառավարությունը 300 հազար դոլարին համարժեք դրամ վարկ է տրամադրել «Ալրաղաց» ձեռնարկությանըՙ առաջնահերթության կարգով մասնավոր գյուղացիներից բերքը երկուստեք ձեռնտու գներով առնելու համար։ Ձեռնարկության տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքերով, փոխընդունելի գինը կիլոգրամը 80 դրամն է։ Նրա տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ իրենք արդեն գնել են 1600 տոննա ցորեն։ Ցորենի իրացման խնդիրը դյուրացնելու համար, նշեց Վլ. Պողոսյանը, անհրաժեշտ է, որ գյուղացին վաճառվող հացահատիկի հետ ներկայացնի նաեւ համապատասխան փաստաթուղթ համայնքից։ Ընդ որում, նա շատ կարեւոր համարեց ցորենը մաքրված վիճակում հանձնելը։ Հաջորդ տարի նախատեսվում է «Ալրաղաց» կոմբինատում տեղադրել հատիկամաքրիչ մեքենա։ Ի դեպ, այս ձեռնարկությունը գործունեության ծավալման ու օպտիմալացման հեռանկարներ ունիՙ կապված սեփականաշնորհման հետ։ Վերջերս ԼՂՀ կառավարության որոշմամբ «Ալրաղաց» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհվել եւ տրվել է «Ստեփանակերտի հացի գործարան» ընկերությանը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ընկերության ղեկավար Աբո Պողիկյանը, բարեբախտություն կարելի է համարել, որ այս գործը նախաձեռնողները բարերար մարդիկ են եւ իրենց գործունեությամբ լայնորեն հայտնի են ոչ միայն ԱՄՆ-ում, որտեղ ապրում են։ Ա. Պողիկյանի բնութագրմամբ, ընկերությունն, անշուշտ, շահույթ կհետապնդի, սակայն այդ շահույթը նպատակաուղղվելու է առկա ծախսերի փոխհատուցմանը։ Մասնավորապես, նրա խոսքերով, պետք է աստիճանաբար ընդարձակվեն ընկերության գործունեության ծավալները։ Առաջին հերթին, իրենք եւս պետք է զբաղվեն հացագործությամբ, որպեսզի կարողանան պահել հացի նորմալ ու մատչելի գները։ Եթե անգամ ալյուրի միջազգային գինը թանկացվի, ապա ընկերությունը կձգտի պահպանել Արցախում մինչ այդ գործող գները, հավաստիացրեց նա։

Հացի գործարանի տնօրեն Գրիշա Հայրապետյանն ավելացրեց, որ իրենք անհրաժեշտության դեպքում կօգնեն հաց թխող արտադրամասերինՙ էժան ալյուր ձեռք բերելու, որպեսզի Ստեփանակերտում վաճառվող հացը գործնականում չթանկանա։

Ընդհանրապես, «Ալրաղաց» ձեռնարկությունն ի վիճակի է տարվա կտրվածքով գնել մինչեւ 12 հազար տոննա հացահատիկ, ու եթե ձեռնարկությունն իրոք կարողանա պահպանել 80 դրամի վճարագինը, ապա գյուղացին անպայման կշահի։ Առայժմ հացագործների հիմնական խնդիրը բերքը անկորուստ հավաքելն է։ Այս տարի կարկուտից ու հեղեղներից փչացել է 410.6 հեկտար հացահատիկի դաշտՙ 56.6 մլն դրամ վնասի ընդհանուր արժեքով։

Պակաս կարեւոր չէ նաեւ արտերը հնարավոր հրդեհներից պաշտպանելը։ ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալներով, վերջին երկու շաբաթում հանրապետության տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման 25 դեպք, որոնք անմիջապես մարվել են։ Ամենամեծ վնասը հասցվել է Քաշաթաղի շրջանին, որտեղ վառվել է 133 հեկտար ցորենի եւ 7 հեկտար գարու արտ։

Հուլիսի սկզբներին սկսված հացահատիկի բերքահավաքը արդյունավետ կազմակերպելու նպատակով օպերատիվ շտաբներ են ստեղծվել շրջաններում։ Իսկ հանրապետության մասշտաբով այդ աշխատանքներն իրականացնում է գյուղատնտեսության նախարարությունըՙ նախարար Բ. Բախշիյանի գլխավորությամբ։

Որ ցորենի առատությունը դեռեւս հացի էժանության գրավական չէ, Արցախում համոզվել են «Բերք-2002-ի» օրինակով։ Խնդիրը, տվյալ դեպքում, հացի թանկացումը կանխարգելելն է, ինչին էլ նպատակամղված են թե՛ կառավարության եւ թե՛ հացագործների ջանքերը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4