«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԿԵՂԾՎԱԾ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Մոնիտորինգ ընդդեմ անորակ արտադրանքի

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մեր ժամանակներում կոալիցիաներ ստեղծվում են ոչ միայն իշխանական ատյաններում։ Ղեկավարվելով այն սկզբունքով, որ, այնուամենայնիվ, խեղդվողի փրկության խնդիրը հենց խեղդվողինն է, հասարակական 5 կազմակերպություններ Սպառողների շահերի պաշտպանության միության նախաձեռնությամբ միավորվել ու կոալիցիա են ստեղծել սպառողի շահերի գործնական պաշտպանության համար։ Կոալիցիայում ընդգրկված են նաեւ «Շուկային ընդառաջ» լրագրողական կազմակերպությունը, «Լոռի» սպառողների ընկերակցությունը, Հայաստանի կանաչների միության Վայոց ձորի մասնաճյուղը, Հայ լոբբիստների ընկերակցությունը։ Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանի համոզմամբ, այս երեւույթները շարունակում են գերակայող մնալ հայկական շուկաներում նաեւ օրենքների կիրառումը վերահսկող մոնիտորինգային հետազոտությունների բացակայության պատճառով։ Հուլիսի սկզբից կոալիցիան արդեն սկսել եւ շարունակաբար իրականացնելու է մոնիտորինգ սպառողական արտադրանքի շուկայում։ Ծրագիրը միասնաբար իրականացվում է Երեւանում, Լոռու եւ Վայոց ձորի մարզերում։ Ուսումնասիրվում են 5 ցուցանիշներՙ ապրանքների ժամկետանցության, պահպանության պայմանների խախտումների, կեղծումների ծավալների, համապատասխանության սերտիֆիկատների բացակայության, ապրանքի մասին տեղեկատվության անհասկանալիության վերաբերյալ։

Առաջին արդյունքներն արդեն կան, եւ դատելով սպառողի առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների բազմազանությունից, կարելի է ասել, որ Հայաստանը շարունակում է մնալ որպես անորակ սննդամթերքի իրացման ու շրջանառության շահավետ շուկա։

Կեղծված սննդատեսակներ հայտնաբերվել են վաճառասրահներում, շուկաներում ու բացօթա վաճառքի կետերում։ Հատկապես հարուստ է քաղցրավենիքի ու թխվածքների տեսականինՙ կարամելներ, շոկոլադի սալիկներ, տարբեր տեսակի ու անվանումների տորթեր։ Ինչպե՞ս տարբերել տորթ «Պրիչուդայի» կեղծված տարբերակը իսկական ֆիրմային արտադրանքից։ Իսկական «Պրիչուդայի» մեջ ստվարաթղթի վրա տորթը կտրելու համար հատուկ «հուշող» դաջվածքներ կան, որոնք բացակայում են կեղծվածի վրա։ Նաեւ տուփի կողային հատվածում դաջված է արտադրության ու պիտանելիության ժամկետը, որը չկա կեղծվածի վրա։

Ենթադրվում է, որ այս թխվածքն էլ, նույնօրինակ շոկոլադի սալիկներն էլ կեղծված են Թուրքիայում։

Ադրբեջանական «Ֆինալ» թեյը լաբորատոր փորձաքննության է ենթարկվել «Երթեսթ» կենտրոնում։ Պարզվել է, որ սպառողի անվտանգության նորմատիվային ոչ մի պահանջ չի բավարարում։ Ցեխաջուր հիշեցնող անհասկանալի զանգվածի մեջ բորբոսասնկեր են հայտնաբերվել, ոչ համ ու հոտով, ոչ էլ այլ հատկանիշներով թեյ չի հիշեցնում։ Այս «արտադրանքը» Հայաստան է մտնում Բագրատաշենի սահմանամերձ շուկայով, սերտիֆիկացված չէ, եւ դժվար է դատողություններ անել, թե որտեղ են կեղծելՙ Ադրբեջանու՞մ, թե մի այլ տեղ։

Կեղծված շոկոլադի սալիկները հեշտ է տարբերել. դրանց անվանումները հիմնականում նաեւ տառասխալներով են տպագրված եւ ներկայացվում են իբրեւ ռուսական արտադրություն։ Ռուսականի վրա սովորաբար լինում է RST նշանը, որ նշանակում է, որ սերտիֆիկացված է, նշվում է սերտիֆիկացնող մարմնի կոդը։

Բազմաքանակ ու բազմատեսակ է նաեւ պահպանման պայմանների խախտումներով վաճառվող սննդամթերքի ցանկը։ Այս խնդիրը կարեւորվում է հատկապես ամառվա այս շոգ օրերին, երբ ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-40 աստիճան։ Հատկապես փողոցային վաճառքի դրված երշիկեղենը, նույնիսկ որակական բարձր հատկանիշներով ու անվտանգության բոլոր պայմաններին համապատասխանությամբ, արագ որակազրկվում է, որովհետեւ, պարզ է, արեւի տակ ջերմաստիճանն անհամեմատ բարձր է։ Նույն կերպ եւ մսի պահածոներն ու զանազան յուղերն ու շոկոլադի կոնֆետները։

Ըստ պահպանության նորմատիվների ձկնեղենը պիտի պահպանվի -25-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Առանց ջերմաստիճանային ռեժիմի պահպանման ցուցադրվելուց ու չվաճառվելուց հետո քանի՞ անգամ է հալեցվում ու սառեցվում հավի միսը։ Ընդհանրապես ցանկացած մսատեսակ պիտի սառեցվի միայն մի անգամ։ Հակառակ դեպքում կորցնում է որակական հատկանիշները։

Նույնիսկ տարիներ ձգձգվող Սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի ընդունումից հետո էլ անորակ ապրանքները տիրապետում են մեր շուկաներում։ Հիմնական պատճառները շարունակում են նույնը մնալ. պետական մարմինների համառ անտարբերությունը, անկամությունն ու շահագրգռվածության բացակայությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4