Կարո Քահքեջյանի նահատակության 10-ամյակի առիթով
Երբ 1975 թ-ին քաղաքական պատերազմը պայթեց սփյուռքի «մայրաքաղաք» Բեյրութում, հայկական թաղամասերի պաշտպանությանը մասնակցեցին նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներիցՙ նույնիսկ հեռավոր ԱՄՆ-ից քաջարի հայորդիներ։ Հերոսական Մուշի ինքնապաշտպանության մարտերի մասնակից, Հայոց ցեղասպանության վերապրող ծնողները Եղեռնից հետո հանգրվանել էին Հալեպում։ 1962 թ-ին ծնվեց նրանց որդինՙ ապագա ազատամարտիկ Կարո Քահքեջյանը, ում վիճակված էր նահատակվել Արցախի ազատագրական մարտերումՙ 1993 թ-ին։ Կարոն, ինչպես Կիլիկիայից ու Արեւմտահայաստանից տարագրված բյուրավոր հայ երիտասարդներ ու նրանց սերունդները, դաստիարակվել էին անսահման հայրենասիրությամբ ու «երկիր» վերադառնալու երազով, պայքարի ոգով։ Մարտական մկրտությունը Կարոն ստացավ Բեյրութում, երկարամյա քաղաքացիական պատերազմի տարիներին։ 1988-ինՙ Հայաստանի երկրաշարժի ողբերգական օրերին, իր նշանածի հետ եկավ հայրենիք։ Շուտով հայտնի դարձավ, որ Կարո Քահքեջյանը վճռել է մնալ հայրենիքում, սփյուռքահայ հայրենասերի լուման ներդնել հայոց նոր Ավարայրի պայքարում, որն ավարտվեց հաղթանակով։ Սակայն Կարոն հերոսի մահով ընկավ զենքը ձեռքինՙ հավերժ մնալով հայրենի հողում, հայացքը Արարատինՙ ննջելով եռաբլուրի մյուս «ամերիկահայ-բեյրութահայ» Մոնթե Մելքոնյանի կողքին։
Այսօր, երբ արդեն Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել են, դժբախտաբար նահանջ է ապրում հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի ապրելու եւ պայքարելու գաղափարական նվիրվածությունը։ Նախկին ազատամարտիկներից ոմանք այժմ դարձել են քրեական աշխարհի դեմքեր, որոնց գործունեության պատճառով հայրենիքը անընդհատ դատարկվում է իր արժանի զավակներից։ Կարո Քահքեջյանի եւ արցախյան պայքարում նահատակված հերոսների արյունը, որ խառնվել էր սփյուռքահայ նորագույն ազգային ազատագրական պայքարի նահատակների արյան հետՙ հանուն ազատ-անկախ, բարգավաճ Հայաստանի ստեղծման, սթափության, ինքնագիտակցության է հրավիրում նրանց, ում ձեռքերի մեջ է այժմ գտնվում հայ ժողովրդի ճակատագիրը
«Իմ կուսակցությունը իմ երկիրն է», կտակեց Կարոն։ Դա սուրբ կտակ է։
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ-Երեւան