«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին, փոխնախագահ Դիք Չեյնիին, նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսին, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին։

Հուլիսի 23-ի առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսությունը, անդրադառնալով Գյուլի այցին, նշեց, որ նրա հետ Ռամսֆելդի հանդիպումն ամերիկյան կողմն է պահանջել։ ԱՄՆ-ում Գյուլը միաժամանակ հանդիպումներ կունենա Կոնգրեսի անդամների, թուրք-ամերիկյան միությունների եւ հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ։

Գյուլը հանդիպումներում ԱՄՆ-ի ղեկավարների հետ պետք է քննարկի թուրք-ամերիկյան հարաբերություններին, Բալկաններին, Իրաքի քրդերին եւ Անդրկովկասին առնչվող խնդիրներ։ Ամենայն հավանականությամբ քննարկման առարկա կդառնան նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։

Անդրկովկասում ԱՄՆ-ի հետզհետե ակտիվացման ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունները Վաշինգտոնի համար որոշակի հետաքրքրություն են ներկայացնում։ Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան տարաձայնություններին, ապա որքան էլ Գյուլն ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ռազմավարական դաշինքի ամրության մասին հայտարարություններ անի եւ նրան լրացնի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, դրանք բավականին լուրջ հիմքեր ունեն։ Ըստ երեւույթին Գյուլին չի հաջողվի հարթել տարաձայնությունները, բայց եւ այնպես նրա այցը որոշակի պատկերացում կտա ԱՄՆ-ի պահանջներին դիմակայելու Թուրքիայի կարողությունների մասին։ Ուրեմն, Վաշինգտոնում Գյուլին լուրջ փորձություն է սպասում։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4