«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչ են հուշում հրադադարի խախտման դեպքերը սահմանային գոտիներում

Արդեն որերորդ օրն էՙ ադրբեջանական մամուլը եւ պաշտոնական շրջանակները վայնասուն են բարձրացնում, թե Հայաստանի զինված ուժերըՙ խախտելով 1994 թ.-ից պահպանվող հրադադարըՙ ռազմական գործողություններ են ծավալում Ֆիզուլիի, Աղդամի, Ղազախի, վերջերս նաեւ Նախիջեւանի ուղղություններով։ Այդ կապակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Տավուշի սահմանագծին նույնիսկ սկսված փոխհրաձգությունները դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Սակայն ադրբեջանական կողմը շարունակաբար բարձրացնում է նույն հարցըՙ վկայակոչելով սահմանի այս կամ այն հատվածում ռազմական գործողությունների մասին ինչ-ինչ անհեթեթ տեղեկություններ։ Վերջին նման հայտարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համեմել է հրադադարի վերջնական խախտման հնարավորությունը հայկական կողմի վրա բարդելու նախազգուշացումներով, ինչը նշանակում է, որ այդ տարբերակը լրջորեն քննության է առնվում ամենաբարձր մակարդակներով։ Դրանք վկայում են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակնհայտ տրամադրվածությունը։

Իրադարձությունների ծավալման նախօրեին եւ ներկայումս էլ Ադրբեջանում ակնհայտ թեժացվում են հակահայկական տրամադրությունները։ Այդ գործն իր վրա է վերցրել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որը օրերս պիկետավորել էր Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության շենքըՙ պահանջելով իշխանություններից կտրուկ քայլեր ձեռնարկել ԵԽ-ումՙ այդ կազմակերպությունից վտարելու Հայաստանին, որպես ահաբեկչությունը հովանավորող երկրի։

Նույն միավորումը հանդես գալով ադրբեջանական ժողովրդի անունից, պատրաստակամություն է հայտնում ռազմական եղանակով լուծել ղարաբաղյան հակամարտությունը։

Այսինքն բոլոր մակարդակներովՙ ե՛ւ հասարակական, ե՛ւ քարոզչական, ե՛ւ պետական, ակտիվորեն բորբոքվում է ռազմական գործողությունները վերսկսելու տրամադրությունը, ինչի պատճառները կարելի է փնտրել ինչպես Ադրբեջանում նախագահական ընտրությունների մեկնարկի, այնպես էլ անդրկովկասում կատարվող գլոբալ գործընթացներում։

Երկրի իշխանության լծակները իր ձեռքում կենտրոնացրած նախիջեւանյան կլանը ընդդիմությանը համարում է բավականին լուրջ հակառակորդ, չնայած ընդդիմությունը խուսափում է ընտրություններին գնալ միասնական ճակատով։ Ինչպես հայտնի է, ընդդիմության քարոզչական հիմնական զենքը բոլոր ընտրություններում մշտապես եղել եւ մնում է ղարաբաղյան հարցի շահարկումը, որը միշտ մնում է իշխանության կոկորդում։ Այդ քարոզչությունն ուղեկցվում է ռազմատենչ հայտարարություններով, թեեւ լավ հասկանալով դրա հետեւանքները, իշխանությունը ամեն կերպ աշխատում է չեզոքացնել լարվածությունը։ Վերջին իրադարձությունները վկայում են սակայն, որ այս անգամ նման զգուշավորություն հանդես չի բերվում, ինչը կարելի է բացատրել միայն նրանով, որ թույլ տալով ընդդիմությանը իրավիճակը սրել մինչեւ ռազմական գործողություններ սկսվեն, վերջապես ուզում է ցույց տալ, որ հարցի շահարկումը միայն կարող է խոչընդոտել կարգավորմանը։ Բացի դրանից ռազմական գործողությունները Հայաստանի կողմից վերսկսելու կոչերը լավագույն միջոցն են իշխանությունը Ալիեւ հորից որդուն փոխանցելու սցենարով հանրության ուշադրությունը հնարավորինս շեղելու ընտրական գործընթացներից։ Պատահական չէ, որ սահմանային բախումների մասին հայտարարությունները սկսում են հայտնվել հատկապես այն ժամանակ, երբ կտրուկ վատանում է Հեյդար Ալիեւի առողջական վիճակը։ Նույն սցենարը կրկնվեց նաեւ այս անգամ։ Այս տեսակետից նաեւ երկու Ալիեւների միաժամանակ թեկնածություններ առաջադրելը շեղող մանեւր կարելի է համարել։

Ռազմական բախումները հնարավորություն են տալիս իշխանություններին մյուս կողմից մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին եւ փորձել հիմնավորել Հայաստանը նվաճող երկիր ներկայացնելու քաղաքականությունը։ Այս տեսակետից Ադրբեջանի իշխանությունները կփորձեն լուծել ավելի կարեւոր մի խնդիր. միջազգային հանրությանը ապացուցել, որ հակամարտող կողմերն ի վիճակի չեն այլեւս պահպանելու հրադադարը եւ արդարացված համարել հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղադրելու առաջարկները։ Այս պահին, երբ դեռ որոշված չէ, թե ինչ զորակազմ է ներկայացնելու այդ խաղաղարար առաքելությունը, կարելի է ընդամենը կասկածներ հայտնել, որ ռազմական բախումները կարող են ձեռնտու լինել միմիայն ԱՄՆ-ին։ Միայն այս երկիրն է առայժմ շահագրգռություն հանդես բերել Անդրկովկասում, ավելի կոնկրետ Ադրբեջանում ռազմական ներկայություն ունենալու հարցումՙ հակաիրանյան տրամադրությունների քողի ներքո։ Եթե ռազմական բախումների սցենարը գրվել է Պենտագոնում, ապա կարելի է հասկանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցով Բաքու մեկնելու անակնկալ որոշումը, որը խոչընդոտվեց միայն Ալիեւի առողջության անակնկալ վատացմամբ եւ նրա Անկարա մեկնելով։

Եթե նախորդ դեպքում խնդիրը վերաբերում էր Ադրբեջանի ներքին քաղաքական հարցերին, որը Հայաստանին կարող է հուզել միայն հակամարտության կարգավորման հարցում սթափ մոտեցումներ ունեցող ուժի իշխանության գալու համատեքստում, ապա երկրորդ դեպքում բախվում ենք գլոբալ տարածաշրջանային հետաքրքրություններին։ Ամբողջ խնդիրը Հայաստանի համար մնում է այն, թե որքան հեռու կգնա Ադրբեջանը իր խաղերում եւ արդյոք շահագրգռություն չի՞ ցուցաբերի ընդհարումները վերածելու հրադադարի լիակատար խախտման։ Անշուշտ Բաքվում հասկանում են, որ հրադադարի խախտումը ընդհանրապես Հայաստանին ձեռնտու չէ։ Եթե ինչ-ինչ ներքաղաքական հարցեր պետք է այստեղ դրանով լուծվեին, ապա դրա համար ամենանպաստավոր շրջանըՙ ընտրությունների միամյակը, մնացել է հետեւում։ Իսկ ԵԽ-ում խնդիրներ ունենալով ընդհանրապես անտրամաբանական է թվում հրադադարի խախտմամբ հավելյալ անհարկի ուշադրություն սեւեռելու հանգամանքը։ Մինչդեռ բոլոր առումներով Ադրբեջանին այսօր ձեռնտու է խաղարկել ղարաբաղյան խաղաթուղթը, առավել եւս եթե դրանում շահագրգռված երրորդ ուժ կա։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4