«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄԵՐ. ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն իր հիասթափությունն ու մտահոգությունն է արտահայտելՙ կապված «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու մասին Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կայացրած վերջին որոշման հետ։

«Դժբախտաբար, այս որոշումը Հայաստանում բազմակարծության նկատմամբ ոչ բավարար հարգանքի մեկ այլ օրինակ է, ինչը մեզ անհանգստացնում է արդեն մի քանի ամիս, հատկապես վերջերս տեղի ունեցած ընտրարշավների լույսի ներքո», ասել է Շվիմերը։ «Մեզ շատ անգամ է ասվել, որ անկախ հեռարձակողներին լուրջ հնարավորություններ կընձեռվեն դառնալու Հայաստանի տեսալսողական ոլորտի մի մասը, մինչդեռ վերոնշյալ դիմումները մերժվեցին առանց հանգամանալի քննության», ավելացրել է նա։

Ինչպես հայտնում են Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակից, համաձայնելով մամուլի ազատության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեի մեկնաբանություններինՙ Վալտեր Շվիմերը եզրակացրել է, որ եկել է ժամանակը, որ Հայաստանի իշխանությունները որպես այդպիսին ընդունեն բազմակարծությունը, եթե Հայաստանը ցանկություն ունի առավել խորն ինտեգրվել Եվրոպային։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4