«Ոչ միայն հավատում եմ, այլեւ վերարտադրում եմ եղածը»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Դատավարության մասնակիցները հարցաքննեցին վկա Նաիրի Բադալյանին։
Դատական նիստի սկզբում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա հայտնեց, որ գործի նյութերից Նաիրի Բադալյանի ցուցմունքների առնչությամբ բացակայում է 3 թերթ։ Բանն այն է, որ Նաիրի Բադալյանին Վազգեն Սարգսյանի սպանության մասին հարցեր տալու ժամանակ նշված 3 թերթով արձանագրվել են Բադալյանի ռեակցիան եւ պատասխանը։ Այս ամենը պոլիգրաֆ կոչվող սարքով, այլ կերպ ասածՙ ստի դետեկտորով։
Յունոշեւը միջնորդեց, որպեսզի դատախազությունից կամ այլ տեղից պարզվի նշված 3 թերթի տեղը եւ ներկայացվի դատարան։ Դատավոր Սամվել Ուզունյանը որոշեց միջնորդությունը քննարկել ավելի ուշ, ուստի դատարանն անցավ Նաիրի Բադալյանի հարցաքննությանը։
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին ի պատասխան Նաիրի Բադալյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքներից ճշմարտությանը համապատասխանում է նոյեմբերի 4-5-ը թվագրված ցուցմունքը։ Նաիրի Բադալյանը պնդեց նաեւ, որ ի տարբերություն ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի այն վկայության, թե ԱԺ ընդունարանի դռների մոտ Նաիրի Բադալյանը Գրիգորյանից հարցրել է. «Նաիրին քո հետ չի՞», ինքը հարցրել է, թե Նաիրիից ի՞նչ կա, ինչո՞վ է զբաղվում։ Այն հարցին, թե չգիտենալով Նաիրի Հունանյանի ԱԺ տարածքում գտնվելու մասին Նաիրի Բադալյանն ինչո՞ւ է նման հարց տվել, վկան պնդեց իր ասածը։
Շարունակելով հարցաքննությունը, մեղադրող Մարտիրոսյանը փորձեց վկայից ճշտել, թե ինչու է վերջինս նախաքննական ցուցմունքներից մեկում նշել, որ ԱԺ-ից դուրս գալուց հետո տեսել է Նաիրի Հունանյանինՙ մենակ։ Նաիրի Բադալյանը պատասխանեց, որ նշված ցուցմունքը տալու ժամանակ ինքը ենթարկվել է դաժան ծեծի եւ խնդիր է ունեցել պաշտպանել ինքն իրեն։
Ռազմիկ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածության մասին հարցերին ի պատասխան Նաիրի Բադալյանը նշեց, որ սոցապ նախարարին սպասել է պայմանավորված ժամին եւ, իր իսկ խոսքերով, Մարտիրոսյանի ԱԺ-ում լինել-չլինելու մասին հարցրել է շատերին։ Մինչդեռ շատ այլ ցուցմունքներով փաստվել է, որ Ռազմիկ Մարտիրոսյանը գտնվել է Կարմիր նախասրահում։
Անդրադառնալով Նաիրի Բադալյանի այն ցուցմունքին, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան իրեն տեղեկացրել են Արմենպրեսի տնօրեն նշանակվելու մասին, մեղադրող կողմը հետաքրքրվեց, թե ինչու է այս փաստը կարեւորել վկան ցուցմունք տալու ժամանակ։ Բադալյանը բացատրեց, որ այդ հանգամանքով ինքը ցանկացել է ընդգծել, թե չէր կարող մասնակից լինել ահաբեկչությանը, քանի որ կարիերայի առումով առաջընթաց ուներ։ Արմենպրեսի տնօրեն նշանակվելու վերաբերյալ ցուցմունք է տվել նաեւ Նաիրի Հունանյանը, այն առումով, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ, Նաիրի Բադալյանիՙ Նաիրի Հունանյանին ասած խոսքերով, Բադալյանին խոստացվել էր այդ պաշտոնը։ Այդ կապակցությամբ էլ Բադալյանը զրույցներում ասել է, թե խոստումը չեն կատարում, ձգձգում են։
Բադալյանը ժխտեց, թե Նաիրի Հունանյանին նման բան է ասել, վերջինիս ասածը որակելով զրպարտություն։ Վկան զրպարտություն որակեց նաեւ Ն. Հունանյանի այն խոսքերը, թե ընդունարանն անցնելուց հետո ինքը ձեռքով կանչել է նրան։
Մեղադրողի այն հարցը, թե Արմենպրեսի տնօրեն նշանակվելու հարց անգամ չլինելու պարագայում այդ հանգամանքն ընդգծելով արդյոք փորձ չի՞ արվում հեռանալ «27»-ի դեպքից, Բադալյանը նպատակային խեղաթյուրում համարեց։ Իսկ այն հարցին, թե ստացվող տպավորությամբ ինչո՞ւ են բոլորը զրպարտում Նաիրի Բադալյանին, վկան պատասխանեց, որ դա պարտավոր է պարզել դատախազությունը։
Նիստն ընդմիջվեց, որից հետո դատարանը բավարարեց Օլեգ Յունոշեւի միջնորդությունը, եւ կողմերին տրվեցին Բադալյանի ցուցմունքից բացակա 3 էջը։
Բադալյանը պնդեց իր դատաքննական ցուցմունքները։ Այդ կապակցությամբ, ի հակադրություն Բադալյանի ասածների, ամբաստանյալ Վռամ Գալստյանն էլ իր հերթին պնդեց, որ Նաիրի Բադալյանին տեսել է Կարմիր նախասրահում, ինչպես եւ ամբաստանյալը նշել է տեղազննության ժամանակ։
Մեղադրող Կորյուն Փիլոյանը հետաքրքրվեց, թե Ն. Բադալյանը հատկապես ինչո՞ւ է հիշում Ն. Հունանյանին վերջին անգամՙ սեպտեմբերի 30-ին տեսնելու հանգամանքը, վկան անորոշ պարզաբանեց, որ այդ օրը կրկին չորեքշաբթի էր։ Իսկ թե վկան ինչով կարող է բացատրել Ն. Հունանյանի կարմիր թղթապանակն իրեն տալը, եւ ոչ, ասենք, Վռամ Գալստյանին կամ Կարեն Հունանյանին, Ն. Բադալյանը հարցը վերահասցեավորեց Նաիրի Հունանյանին։
Օլեգ Յունոշեւի հարցերին պատասխանելիս Նաիրի Բադալյանը նշեց, որ Վահան Շիրխանյանի հետ ԱԺ-ում հանդիպելու համար չի պայմանավորվել, բայց մտածել է, որ նրան այնտեղ կտեսնի։ Բադալյանը հայտնեց նաեւ, որ Հունանյանի թղթապանակն իրեն տալուց մի քանի վայրկյան անց, ինչ-որ ձայն լսելով տեսել է ինքնաձիգը։ Բայց այդ ձայնն ավելի մեղմ էր, քան ինքնաձիգի ապահովիչը հանելու կամ լիցքավորելու դեպքում է։ Վկան ժխտեց, որ հնարավոր է տեսած լիներ թղթապանակը տալու եւ ինքնաձիգը տեսնելու հանգամանքների միջեւ մի քանի վայրկյանի ընթացքում, թե ինչպես է Հունանյանը հասցրել հանել դանակը, կտրել զենքի կապերը։
Նաիրի Բադալյանը ժխտեց նաեւ, թե դեպքից առաջ Ալեքսան Հարությունյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ տեղեկություններ տա Նաիրի Հունանյանին։ Ժխտվեց նաեւ Նաիրի Հունանյանի այն ցուցմունքը, համաձայն որի չհասած Կարմիր նախասրահի աստիճաններին Նաիրի Բադալյանը Նաիրի Հունանյանին հիշեցրել է, որ չսպանելու դեպքում ոչ մի օգնություն չի հետեւի։ Եվ քանի որ, ըստ Նաիրի Հունանյանի, Ալեքսան Հարությունյանի հետ նախօրոք եղել է խոսակցություն Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանության մասին, Հունանյանը հասկացել է, որ խոսքը հենց նրանց է վերաբերում։
Արդեն Աշոտ Սարգսյանի հարցերին պատասխանելիս Բադալյանը հայտնեց, որ 1991-94 թթ. եղել է ՀՅԴ անդամ, 1999 թ. մարտիցՙ ՀՀԿ։ Եվ չնայած Ն. Հունանյանի հետ աշխատել է մամուլի կենտրոնում, բայց Հունանյանների քեռուն չի տեսել։ Այնուհետեւ վկան ավելացրեց նաեւ, որ ԱԺ-ում հանդիպելը Ռազմիկ Մարտիրոսյանի նախաձեռնությունն էր։ Այն հարցին, թե Վազգեն Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունենալու դեպքում Նաիրի Բադալյանն ինչո՞ւ է իր նշանակման մասին փորձել տեղեկանալ Ռազմիկ Մարտիրոսյանի միջոցով, վկան հայտնեց, որ անհարմար է զգացել անձամբ ճշտել այդ հարցը։
Այլ ցուցմունքների հետ հակասություն առաջացրին նաեւ վկայի այն ասածները, որոնք վերաբերում են Նաիրի Բադալյանի եւ Կարեն Դեմիրճյանի միջեւ, ըստ Բադալյանի, տեղի ունեցած զրույցին։ Իսկ թե Արմենպրեսի տնօրեն նշանակվելու մասին Նաիրի Հունանյանին հանդիպելիս ինչո՞ւ ոչինչ չի հայտնել, վկան նշեց, որ աշխատել է այդ մասին առանց հրաման լինելու ուղղակի չխոսել։ Աշոտ Սարգսյանն այս ամենի համատեքստում ընդգծեց այն հանգամանքը, որ ԱԺ-ում հանդիպելով ոչ Նաիրի Հունանյանը, ոչ Նաիրի Բադալյանը իրար չեն հարցրել խորհրդարանում լինելու պատճառը։ Բադալյանն իր չհարցնելը բացատրեց նրանով, որ Հունանյանը հաճախակի էր լինում ԱԺ-ում։
Աշոտ Սարգսյանի այն հարցին, թե վկան իր ասածներին հավատո՞ւմ է, Բադալյանը հաստատեց, որ վերարտադրում է եղածը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ