«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ՀԱՅ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի իրավապահները կարող են օգնել Ռուսաստանի գործընկերներին

Մոսկվայի մեր թղթակցի հաղորդելով, Մագադանի նահանգապետ Վալենտին Ցվետկովի սպանության հետաքննության կապակցությամբ Ռուսաստանի ԶԼՄ-ներում, հեռուստատեսությամբ ակտիվորեն քննարկվեց «հայկական հետքը», ուր սպանության հնարավոր կազմակերպիչը Երեւանի բնակիչ ոմն Արթուր Անիսիմովն է (ընդսմին պարզ չէՙ հա՞յ է, թե՞ ռուս), հայազգի (այս անգամ արդեն անտարակուսելի) եւս երկու հանցակիցներիՙ Ախունցի եւ Բաբաքիխյանի մասնակցությամբ (մնացած 5-ը սլավոնական «արտաքին» ունեն)։ Թղթակցի ասելով, ռուսաստանաբնակ հայի համար չկա մի ավելի տհաճ փաստ, քան հայ հանցագործների նողկալի գործողությունների տարփողումը կամ ուռճացումը տեղի ԶԼՄ-ների կողմից։ Ավելորդ անգամ խոսակցություն է բացվում այն թեմայով, որ կովկասցիները, տվյալ դեպքումՙ կոնկրետ հայերը, Ռուսաստան են արտահանում նաեւ իրենց մարդասպաններին, գողերին, ավազակներին, խաբեբաներին եւ այլն, որ Ռուսաստանում կատարվող հանցագործությունների զգալի մասի հեղինակները լկտի «սեւամազներն» են։ Նույնիսկ այն փաստի արձանագրումը, որ Հայաստանի ՆԳՆ-ն օպերատիվորեն նպաստել է Անիսիմովի ձերբակալմանը, Մոսկվայում դրական տպավորություն չի գործել (ձեր աղբն է, դուք էլ տեր կանգնեք)։ Ավելինՙ թերթերից մեկը նույնիսկ գրել է, որ հենց առաջին իսկ ինքնաթիռով Անիսիմովին հանձնելով Ռուսաստանին, հայկական կողմը թույլ է տվել էքստրադիցիայի կանոնների խախտում (օրինակ, առանց դատարանի վճռի)։

Վերոհիշյալի կապակցությամբ մի այսպիսի հարց է առաջանում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի «օրենքով գողերի» մեջ, դժբախտաբար, քիչ չեն հայերը։ Ժամանակին նրանցից շատերին վտարել են Հայաստանից, եւ նրանց մի զգալի մասը բարեհաջող բուն է դրել Ռուսաստանում ու իր ակտիվ գործունեությամբ շոշափելի «ավանդ» է ներդնում այդ երկրի քրեական կյանքի զարգացման մեջ (ընդ որում գերազանցապեսՙ ազգային միջավայրում)։ Ահա եւՙ իսկ ի՞նչ է անում Հայաստանի ՆԳՆ-ն այդ ասպարեզում։ Ընդ որում, հարցը չի հնչում որպես մեղադրանք։ Ո՛չ։ Կարելի է հանգիստ ասել, որ Ռուսաստանն ուրիշ պետություն է, եւ թող ռուսներն էլ մտածեն իրենց հանցագործներին մեկուսացնելու մասին։ Այդուհանդերձ կարծում ենք, որ մեր իրավապահ նախարարությունը կարող է մեծ օգնություն ցույց տալ ռուսաստանցի գործընկերներին (տվյալ դեպքը դրա ապացույցն է)։ Հայտնի է, որ մեր գերատեսչությունն իր ներկայացուցիչն ունի Մոսկվայում։ Իմաստ կունենար իմանալ, եթե գաղտնիք չէ, թե ինչ լիազորություններ ունի նա, եւ որքանով է արդյունավետ նրա աշխատանքն այդ երկրում։ Եվ ի վերջո, ի՞նչ կարող է անել մի մարդը, երբ հայ օրենքով գողերի քանակը տասնյակների է հասնում։ Գուցե հնարավոր լինի մոբիլ մի խումբ ստեղծել, ներգրավելով նաեւ տեղի հայ միլիցիոներներինՙ գործող թե պաշտոնաթող։

«Ազգ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4