ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որն այցով գտնվում է Վաշինգտոնում, ամերիկյան կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման պլանները, որը պետք է կարեւոր ավանդ ներդնի տարբեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ մի շարք գլոբալ խնդիրների լուծման գործում։ Հինգշաբթի օրը նա հանդիպումներ է անցկացրել Սպիտակ տանը, պետդեպարտամենտում եւ ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Նրա զրուցակիցները եղել են Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան աշխատակից Թոմազ Գրեմը, պետքարտուղարի օգնականի տեղակալներ Սթիվեն Պայֆերը եւ Լին Պասկոն, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Թոմ Լենթոսը։
Ինչպես հայտնել է Արա Աբրահամյանը, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք լիովին պաշտպանել են հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում հայերի համաշխարհային կոնգրեսի անցկացման գաղափարը, որտեղ ծրագրվում է ստեղծել համաշխարհային հայկական կազմակերպություն։ ԱՄՆ-ը, որտեղ մեկ միլիոնից ավելի հայեր են ապրում, պատրաստակամություն է հայտնել ապագայում համագործակցել նրա հետ եւ ըստ կարելվույն օժանդակել նրա աշխատանքին։ Դա զարմանալի չէ, քանի որ համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման հայեցակարգը նախատեսում է, որ այն նպաստելու է միջազգային հարաբերությունների բարելավմանը, տնտեսական ինտեգրմանը եւ այնպիսի կարեւոր հիմնախնդիրների լուծմանը, ինչպես ահաբեկչության, սովի, աղքատության, վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարն է։
Բացի այդ, Արա Աբրահամյանը Սպիտակ տանը եւ պետդեպարտամենտում կայացած հանդիպումների ժամանակ իր կարծիքն է հայտնել Անդրկովկասի մի շարք խնդիրների, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ Թուրքիայի հետ այդ տարածաշրջանի երկրների հարաբերությունների առթիվ։ Ռուսաստանի հայերի միության նախագահը իր ամերիկացի զրուցակիցներին պատմել է իր գլխավորած կազմակերպության գործունեության, Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքին ու քաղաքացիական հասարակության ստեղծմանը նրա մասնակցության մասին։ Արա Աբրահամյանը, որը վերջերս դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հանդիպել է նաեւ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Վաշինգտոնից բացի, նա արդեն այցելել է Նյու Յորք, իսկ հաջորդ շաբաթ կուղեւորվի Լոս Անջելես, որտեղ ծրագրված են նրա նոր հանդիպումները ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։