Սիրելի պրն Միրզախանեան,
Հաճոյքով ստացանք Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան յայտարարութիւնը, ուր կը հաղորդուի 2003 թ. յուլիս 21-ին վարչութեան նիստի գումարումը։
Վերոյիշեալ նիստին վարչութիւնը Ձեզ նախագահ ընտրած է Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան։ Կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը Թէքէեան մշակութային միութեան նախագահութեան եւ վստահ ենք, որ Ձեր նախագահութեամբ միութիւնը Հայաստանի մէջ նոր եւ յարաճուն թափ պիտի ստանայ ու պիտի ծաւալէ մշակութային լայնածաւալ գործունէութիւն ի նպաստ մեր ժողովուրդին, որուն համար իսկ ծնունդ առած էր միութիւնը եւ ընդարձակ գործունէութիւն ունեցած սփիւռքի մեր բոլոր գաղութներուն մէջ։
Կը շնորհաւորէնք նաեւ վարչութեան անդամները, որոնք գնահատելով Ձեր կարողութիւնն ու նուիրումը հայ կեանքին, գիտցան ճիշդ ընտրութիւնը կատարել ճիշդ պաշտօնին։
Յաջողութեան լաւագոյն մաղթանքներովՙ ՀԱՅԿԱՇԷՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ, Նախագահ Ռամկավար Ազատական կուսակցութեան
***
Մեծարգո պրն Միրզախանյան
Անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզՙ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահի պաշտոնակատար ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանի գիտնականները համոզված են, որ Թեքեյան մշակութային միությունը, հավատարիմ մնալով արվեստի, գրականության եւ գիտության զարգացման ու ծաղկման նկատմամբ տասնյակ տարիների ընթացքում ցուցաբերած լավագույն ավանդույթներին, Ձեր անմիջական ղեկավարությամբ նոր շունչ կհաղորդի ազգանվեր գործունեությանըՙ հանուն հայ մշակույթի հարատեւության ու ազգային արժեքների պահպանության։
Ակադեմիկոս Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ