Երեկ ՀՌԱԿ գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության նորընտիր համանախագահների ասուլիսը։ Համանախագահ Հարություն Առաքելյանը տեղեկացրեց, որ ՀՌԱԿ 12 շրջանակներից 11-ի պահանջով անցկացվել է արտահերթ համագումար։ 12-րդՙ Գորիսի շրջանակը հետո հավանություն է տվել տեղի ունեցածին։
Վարչության անդամ Կարեն Թունյանն աշխատել է համանախագահների ինստիտուտը ՀՌԱԿ-ում ստեղծելու նպատակով կանոնադրությունից վերացնել ատենապետի եւ փոխատենապետի պաշտոնները։
Առաջարկն ընդունվել է մեծամասնության կողմից։ Համագումարում ՀՌԱԿ 3 փոխատենապետները (Հարություն Առաքելյան, Մեխակ Գեւորգյան, Հրաչյա Կարապետյան) ընտրվել են համանախագահներ։ Ընտրվել է նաեւ Հանրապետական վարչության 22 հոգանոց կազմ։
Ըստ Հարություն Առաքելյանի, կանոնադրական փոփոխությունը եռանախագահներին ոչ մի առավելություն չի տալիս, որոշումներ կայացնելու է Հանրապետական վարչությանը։ Շնորհավորանքներ են ստացվել ՌԱԿ նախագահ Հայկաշեն Ուզունյանից, որ նորընտիր վարչությունը մաղթել է բարեհաջող գործունեությունՙ առավել աշխուժացնելու համար վերջին շրջանում արձանագրված ՀՌԱԿ-ի ժողովրդականացումը, բազմանդամացումը, գաղափարախոսության տարածումը։ Պրն Առաքելյանը նշեց, որ համագումարը դեռ չի ավարտվել, կշարունակվի աշնանը, երբ նախատեսվում է ընդունել բանաձեւՙ ՀՌԱԿ հետագա գործունեության վերաբերյալ։
«Կանոնադրական, գաղափարական ոչ մի փոփոխություն կուսակցությունը չի կրել, ինչ կա, որտեղ որ կա», հավաստիացրեց Հարություն Առաքելյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին եւ բացատրելով, իրենց իսկ խոսքերով, կուսակցությունում կատարված կանոնադրական բարեփոխումների պատճառը, եռանախագահներից Մեխակ Գեւորգյանը պարզաբանեց. «Ասում ենՙ երբ կուսակցությունը հաջողության է հասնում, բոլորը վերագրում են իրենց, երբ անհաջողություն է ապրում, վերագրվում է ղեկավարին։ Մենք բազմակողմանի կարող ենք կիսել թե՛ պատասխանատվությունը մեր գործունեության համար, թե՛ պարտականությունները, որոնք պիտի կատարեն կուսակցության ղեկավարներըՙ ղեկավարելով այսպիսի մեծ, կայացած ավանդական կառույցը»։
Ինչ վերաբերում է ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետագա գործունեությանը, ապա այդ մասին Մեխակ Գեւորգյանը հետեւյալ կարծիքն ուներ. «Պրն Միրզախանյանը մնում է մեր կուսակցության անդամ, նա վերջերս ընտրվեց ԹՄՄ նախագահ։ Դա իսկապես այն ոլորտն է, որտեղ նա կարող է բազմակողմանիորեն ներկայացնել իր ունակությունները։ Նա մշակույթի մարդ է, եւ, կարծում եմ, այդտեղ նա կլինի շատ եւ շատ օգտակար»։
Այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաջողության դեպքում էլ նման փոփոխությունների խնդիր կլինե՞ր, Հարություն Առաքելյանը պատասխանեց դրական։ Եվ անդրադառնալով ընտրություններում 5 տոկոսը չհավաքելու պատասխանատվությանը, պրն Առաքելյանը նշեց. «Ռուբեն Միրզախանյանը մենակ չի եղել, մենք բոլորս եղել ենք նրա հետ, թող քավության նոխազի տպավորություն չստեղծվի։ Ընդամենը կուսակցությունը գնացել է բարեփոխումների, առողջացման, էքսպերիմենտի ճանապարհով։ Հեռացումներ, գնդակահարություններ չեն եղել»։
Հարություն Առաքելյանը, խոսելով ՀՌԱԿ ատենապետի հրաժարականի մասին, ասաց, որ չի ցանկանում նրա հեռանալը կապել բարեփոխումների հետ։ «Ռուբեն Միրզախանյանին ոչ ոք չի ասել հեռացիր, որեւէ պահանջ, ուլտիմատում չի եղել։ Եղել է բարեփոխումների նպատակ։ Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է հրաժարական առանց որեւէ հիմնավորման»։
Ինչ վերաբերում է կուսակցության հետագա քաղաքական կուրսին, ապա, ըստ Մեխակ Գեւորգյանի, ՀՌԱԿ-ը շարունակելու է քննադատել այն, ինչ սխալ է, եւ պաշտպանել ճիշտ նախաձեռնությունները։ Ըստ Հրաչյա Կարապետյանի, ՀՌԱԿ-ը մնալու է պետականամետ, այդուհանդերձ, նկատի ունենալով, որ բնակչության զգալի մասն ունի ընդդիմադիր տրամադրվածություն։ Կուսակցության քաղաքական կուրսին վերաբերող հարցերին պատասխանելուց հետո Մեխակ Գեւորգյանն ամփոփեց. «ՀՌԱԿ-ը կհայտնվի այնտեղ, ուր կտանի իրեն իրականությունը»։
Մասնավորապես, «Ազգ» թերթի եւ Թեքեյան մշակութային միության հետ հարաբերությունների առումով եռանախագահները նշեցին, որ հարաբերությունները մնալու են նույնը, քանի որ, ինչպես նշեց Հարություն Առաքելյանը. «Մենք ինչ-որ ապահարզան ֆաքսով կամ հեռախոսով չենք ստացել»։ Ենթադրվում է, Հարություն Առաքելյանը նկատի ուներ վերը նշված կառույցները։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ