Չեմ դիմանա նոր հարսներու կրակին
Եկեղեցական պաշտոնական տոնացույցում Այլակերպություն կամ Պայծառակերպություն կոչվող տոնը, որը ժողովրդի մեջ տարածված է Վարդավառ անունով, այս տարի նշում ենք հուլիսի 27-ին։
«Տոներից ոչ մեկն էլ չունի Վարդավառի զանգվածային բնույթն ու գրավչությունը», գրում է Բասենի տոները նկարագրողներից մեկը 20-րդ դարի սկզբում։ Հիրավի, Վարդավառը հայոց ամենասիրված, ամենաուրախ եւ զանգվածային տոներից էր, որը տոնում ենք մինչեւ այսօր։ Համբարձման տոնից հետո, քանի դեռ «սրբերը համբարձված էին», ուխտագնացություն չէր լինում։ Վարդավառին ուխտի էին գնումՙ դրա համար մի քանի օր շարունակ նախապատրաստվելով։ Ամենասիրված ուխտատեղը Մշո Սբ. Կարապետ վանքն էր։ Ինչպես յուրաքանչյուր տոն, Վարդավառը եւս ուներ տոնի արարողակարգի հաջորդականություն, տոնը բնորոշվում էր միմյանց վրա ջուր լցնելու, աղավնիներ թռցնելու, ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու եւ օրհնելու սովորություններով, ուխտագնացություններով, մատաղներով, գիշերային հանդեսներով եւ այլն։ Սովորույթ էր, որ մինչեւ Վարդավառ խնձոր չպիտի ուտեին, այսպես կոչված «խնձորի պաս» էր, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողն ուտում են խաղողօրհնեքին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելն ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով։ Օրինակ, Շատախում երիտասարդները Վարդավառի ուրբաթ երեկոյան դեզեր էին կապում, որոնցից մեկը մյուսներից պետք է մեծ լիներ։ Մութն ընկնելուն պես, մինչեւ լուսաբաց սկսում էին վառել փոքր դեզերը։ Դրանց մեջ էլ խորովում էին խնձորները եւ ուտում։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ տղաների եւ աղջիկների պարով կարծես ազդարարում էին տոնի սկիզբը։ Աղջիկների եւ տղաների խմբապարերն ուղեկցվում էին երգ-բանավեճերով, որոնք շատ հաճախ սիրային բնույթ ունեին։ Դրանք կարող էին տեւել մինչեւ լուսաբաց։
Տավուշում տոնի նախորդ օրն աղջիկները դաշտերից ծաղիկներ, հատկապես «վրթիվերի» կոչվող դեղնագույն ծաղիկը հավաքում, խաչաձեւ փնջեր էին անում եւ գիշերը գաղտնի նետում իրենց ծանոթների եւ հարազատների բակը։ Նշանված աղջիկներն այդ խաչ-փնջերից ծաղկե «կսկարանք» էին պատրաստում, զարդարում անուշեղենով եւ ընկերուհիների միջոցով ուղարկում նշանածի ընտանիքին։ Դրանք դառնում էին ստացողի տան այդ օրվա գլխավոր զարդը։
Տեղի էին ունենում խաղեր (ձիարշավներ, գոտեմարտեր, ճլորթիներ), սակայն Վարդավառի առանձնահատուկ խաղը ջրախաղն էր։ Միմյանց վրա կատակով ջուր լցնելը Վարդավառի տոնի հանդիսավոր եւ ամենաանհրաժեշտ արարողությունն էր։ «Ջուր էին նետում առանց հաշվի առնելու դիմացինի տարիքն ու հասարակական դիրքը։ Ջուր էր լցնում չխոսկան հարսը սկեսրայրի վրա, իր կյանքում քավորի ներկայությունից փախչող սանամերը, եթե հաջողացներ քավորի վրա իր թաքստոցից ջուր շպրտել»։ Վարդավառի կեսօրից հետո շատերը ոտքից գլուխ թրջված էին, պատրաստ բոլորի վրա ջուր լցնելու, անկախ նրանից, թե ով է դիմացինը։ Երիտասարդներն առուների մոտ հավաքվելով ժամերով ջրոցի էին խաղում։ Հանգիստ խղճով զվարճանալու համար շատերը փոխում էին տոնական հագուստը։
Վարդավառի զբոսախնջույքները հիմնականում կազմակերպում էին սարերում, ջրերի ակունքների մոտ։ Այստեղ էլ պարտադիր մատաղ էին անումՙ յուրաքանչյուր ընտանիքն ըստ իր հնարավորությունների (գառ, ուլ, աքլոր կամ աղավնի)։ Ականատեսներից մեկն անցյալ դարում գրում է. «Մի տեղ ձիարշավ էր, նշանաձգություն, մի տեղ էլ սրինգների միալար հնչող լո-լո-լոն էր գեղգեղում, ուրիշ տեղ ջիրիդ էին խաղում... Մատաղները քլթքլթում էին բացօթյա օջախների վրա։ Խորովածների, մատաղների, թխվող հացերի բույրը միախառնված սրինգների գեղգեղանքին, Վարդավառի ուխտագնացությանը տալիս էին նավասարդյան խաղերի տոնական բնույթ»։ Քանի որ բոլոր երիտասարդներն այդ օրը դրսում էին լինում, աղջիկ տեսնելու, հարս ընտրելու հնարավորություն էր առաջանում։
Կարծում էին, որ Վարդավառին բոլոր սրբերի վրա լույս է իջնում, եւ ով որ տեսնի այդ լույսը, ինչ խնդրի, կկատարվի։ Հոգեգալստին երկինք բարձրացած բոլոր սրբերը Վարդավառին լուսավոր աստղերի կերպարանքով իջնում են իրենց տեղը։ Ով որ աստղերի իջնելը տեսնի ու մի բան խնդրի, կկատարվի։
Վարդավառից հետո շոգը կոտրվում էր, այդ պատճառով էլ ասում էին. «Վրթիվերն արա տուն մտի, սփխեչն արա սնդուն մտի»։
Ա. Ա.