«Քեզ կպած». այսպես է կոչվում Ֆարելլի եղբայրների նոր կատակերգությունը սիամական երկվորյակների մասին։ Ֆիլմի գլխավոր դերերից մեկը ամերիկյան էկրանի զվարճաբան եղբայրները վստահել են Շերին։ Նկարահանումներն արդեն ավարտվել են, եւ շուտով կինոնկարը կբարձրանա էկրան։ Իսկ առաջիկայում Շերը հանդես կգա «Մայրիկը» երաժշտական կատակերգության մեջՙ ըստ Պատրիկ Դենիսի վեպի եւ Ջերոմ Լորենսի պիեսի։ Նրան բաժին է ընկել որբ տղայի էքսցենտրիկ մորաքրոջ դերը, մի կերպար, որ «ձեւված է» ճիշտ Շերի վրայով։ Նախագիծը դեռեւս մշակման ընթացքում է, եւ ձգձգվող նկարահանումները, ամենայն հավանականությամբ, սկիզբ կառնեն այս տարվա վերջին։
Շերը հայտնել է, թե «Մայրիկ» մյուզիքլըՙ ճանաչված մի ներկայացում, ժամանակին դիտել է դեռ մոր հետ։ Կոմպոզիտոր Ջերի Հերմանն ասում է. «Միայն Շերի ձայնը կարող է այդ ստեղծագործությունը հնչեցնել նորովի եւ ժամանակակից ոգով»։
Շերն ինքը տարված է «ռետրո» հովերով։ Նա երազում է 30-40-ական թվականների երգերի ալբոմ ձայնագրել, բայց մտավախություն ունի, թե ունկնդիրները չեն ուզենա այդ երգերն իր կատարմամբ լսել։