«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Արդեն մի քանի տարի Հայաստանում գործում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (Juniour Achievment of Armenia) կազմակերպությունըՙ տնօրեն Արմինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Այս կազմակերպությունը հանրակրթական դպրոցներում դասավանդում է «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն եւ իրավունք» եւ «Կիրառական տնտեսագիտություն» առարկաները, ինչպես նաեւ դասընթացներ է կազմակերպում նշված առարկաներով ուսուցիչներին վերապատրաստելու համար։

Սակայն այս հոգատար կազմակերպությունը չի բավարարվում դրանով եւ ամեն տարի կազմակերպում է հայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանի լավագույն ճամբարներում։ Ամեն տարվա մայիսին Հայաստանի բոլոր դպրոցներից մեկական 9-րդ դասարանի աշակերտ մասնակցում է «Քաղաքացիական կրթություն» կամ «Կիրառական տնտեսագիտություն» առարկաներից անցկացվող հանրապետական մրցույթ-քննությանը։ Քննության արդյունքների հիման վրա ընտրվում են այն աշակերտները, որոնք իրավունք են ստանում 7 օր հանգիստ վայելել Ծաղկաձորի կամ Լուսակերտի հանգստյան տներից մեկում։

Այս տարի ինձ եւս բախտ վիճակվեց մասնակցել այդ քննությանը եւ հասակակիցներիս հետ հանգստանալ Ծաղկաձորի «Մոր եւ մանկան» հանգստյան տանը։ Ընտրվել էին 600 աշակերտներ, որոնք հանգստանալու էին մեկնելու 3 փուլով։ Մեր խումբը մեկնեց առաջինըՙ հունիսի 25-ին։

Հենց նույն օրը մեզ հայտնեցին, որ երեխաները ճամբարում ստեղծելու են իրենց պետությունը, եւ ցանկացողները կարող են իրենց թեկնածություններն առաջադրել նախագահական ընտրություններին։ Հաջորդ օրը կայացան ընտրությունները, ընտրվեց նախագահ։ Նշանակվեցին վարչապետն ու նախարարներըՙ մշակույթի, կրթության, կարգուկանոնի, արտաքին գործերի, առողջապահության, բնապահպանության եւ ժամանցի։ Մյուս ճամբարականներն ինքնաբերաբար դարձան ԱԺ պատգամավորներ եւ ԱԺ նախագահ ու 2 փոխնախագահ ընտրեցին։ ԱԺ-ն ընդունում էր օրենքներ, իսկ կառավարությունը հետեւում էր դրանց իրագործմանը։

Ճամբարային օրը շատ հագեցած էր։ Շնորհիվ ճամբարի ղեկավարներ Անահիտ Մանուկյանի, Էդուարդ Ասատրյանի եւ Գրիգոր Նազարյանի, ինչպես նաեւ ջոկատավարների մանկավարժական հմտության եւ հոգատարության, առաջին իսկ օրվանից Հայաստանի տարբեր մասերից եկած եւ իրար անծանոթ պատանիների միջեւ ջերմ եւ ընկերական հարաբերություններ հաստատվեցին։ Կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից էին դատական նիստը, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը, ԱԺ լրջախոհ ու երգիծական նիստերը, տարբեր ինտելեկտուալ խաղերը, «Տաղանդներ-տաղանդներ» շոուն, «Բորսա» խաղը, խոհարարական եւ սպորտային մրցույթները։

Հուլիսի 2-ին մենք հեռացանք ճամբարիցՙ գիտակցելով, որ բազմաթիվ ընկերներ ունենք Հայաստանի տարբեր մասերում։ Եվ մենք խորը երախտագիտությամբ կհիշենք «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ե՛ւ ուսանելի մրցույթ-քննությունը, ե՛ւ անմոռանալի ծաղկաձորյան օրերը։

ՆԱՐԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Երեւանի Գ. Նժդեհի անվան թիվ 161 միջն. դպրոց


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4