«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


«ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԶՈՐԵՂ ԵՆ ԱՄԵՆ ՄԻ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻՑ»

Աչքի պատվաստման հրաշալի օրինակ

«Համաշխարհային մանկական փոխպատվաստման հիմնադրամի» գործուն աջակցությամբ հուլիսի 16-ին Երեւանի 8-րդ հիվանդանոցի մանկական ակնաբուժական բաժանմունքում հնարավոր դարձավ իրականացնել իր տեսակի մեջ բավականին բարդ վիրահատություն։

«Հերպեսի հետեւանքով եղջերաթաղանթի պղտորում ախտորոշումը ժամանակի ընթացքում առավել վատթարացման միտում էր ձեռք բերել, արդեն իսկ նկատելի էր նաեւ շլությունը, ասում է վիրահատող բժիշկ Ահարոն Գաբրիելյանը։ Մեկուկես ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող ավարտվեց եւ մեղրեցի 10-ամյա Արմենն իրեն շատ լավ է զգում»։

Վիրահատության հետ կապված ծախսերը, դեղամիջոցների հայթայթումը ֆինանսավորել է հիմնադրամը։ Ըստ մասնագետների, հետվիրահատական շրջանում չափազանց կարեւոր է ընկճել փոխպատվաստման հետ կապված օրգանիզմի իմունային պատասխանըՙ այն հնարավորինս նվազագույնի հասցնելով։

Տարեկան մի քանի հարյուրի հասնող զանազան տարբեր բարդությունների վիրահատությունների միջոցով հանրապետության ակնաբույժները փորձում են վերականգնել երեխաների տեսողությունը։

Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ բժիշկը կարծես դառնում է «անզոր»։ Խոսքն այստեղ առավել բարդ վիրահատությունների մասին է, որոնք պարզապես անհնար է իրականացնել առանց լուրջ ֆինանսական աջակցության եւ ժամանակակից սարքավորումների։

«Համաշխարհային մանկական փոխպատվաստման հիմնադրամի» երեւանյան գրասենյակի ֆինանսավորած այս վիրահատությունը նման խնդիրներ լուծելու լուրջ հնարավորություններ է ընձեռում բժիշկներին եւ այս բնագավառի զարգացման հեռանկարներ բացում։ Բժշկությունն ինչ-որ տեղ վերածվել է ոչ շահավետ բիզնեսի, որտեղ ներդրումները սակավ են։ Նման հիմնադրամներին աջակցելն իրենց բարոյական պարտքն են համարում շատ երկրներ։ Ողջ աշխարհում մանկական բուժօգնությունն անվճար է։ Եվ սա լուրջ պետական մոտեցում է։ Հայաստանում այս առումով չլուծված շատ խնդիրներ կան։ «Համաշխարհային մանկական փոխպատվաստման հիմնադրամի» երեւանյան գրասենյակի ֆինանսավորած այս վիրահատությունը նման համագործակցության հրաշալի օրինակ է։

Հետեւում են մնացել փոխպատվաստման օրենքի ընդունման դժվարությունները, բազմաթիվ հանդիպումները, զրույցները բուժաշխատողների, իրավաբանների, հոգեւոր հայրերի հետ։ Արված է առաջին իրական քայլը։

«Սկզբում, երբ խոսում էինք պատվաստման հետ կապված հայկական մտածելակերպի մասին, ես, չգիտես ինչու, վստահ էի, որ այն հաղթահարելի է, ասում է հիմնադրամի գրասենյակի երեւանյան ներկայացուցիչ Մարիա Եգանյանը։ Այո, օտար անծանոթի կորսված առողջությունը, գուցե նաեւ կյանքը հարազատիդ «մահվան» հաշվին փրկելու միտքը, թերեւս, անսովոր է։ Սակայն իրական գործերը զորեղ են ամեն մի մենթալիտետից։ Վկանՙ փոքրիկ Արմենի երջանիկ ժպիտն է ու խաղաղ, անկաշկանդ հայացքը»։

ԱԶԳԱՆՈՒՇ ԲԱՐՍՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4