«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸՙ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Վերջին երկու ամիսներին, ինչ պարզ է դարձել, որ Զեյթունի հանրակացարանի 5-րդ մասնաշենքում «բարեփոխումներ» են իրականացվում, եւ մարզերից բազմաթիվ ուսանողներ փողոցում հայտնվելու կամ ուսումը կիսատ թողնելու վտանգի տակ են, նրանցից մի քանի տասնյակ գրություններ են ուղարկվել տարբեր իրավասու գերատեսչություններ, սակայնՙ մինչեւ օրս առանց կոնկրետ պատասխանի։

Երեկ էլ, երբ իրենց հասակակիցները վաստակած ամառային արձակուրդներն են վայելում, մի խումբ ուսանողներ բողոքի ցույց էին անում նախագահի նստավայրի մոտ։ Որպես իրենց իրավունքների պաշտպանի (այդպես կարելի էր եզրակացնել պաստառներից) մեծ հույս կապելով հանրապետության նախագահի հետ, դիմում են իշխանության վերին ատյաններին։

Ռոբերտ Քոչարյանն արձակուրդում է։ Իմանալով այս փաստնՙ ուսանողներն, այնուամենայնիվ, նախագահի նստավայր էին եկել, քանի որ այլեւս ձգձգելու հնարավորություն չունեն։ Սենյակներն ազատելու վերջին ժամկետը օգոստոսի 1-ն է։

Ուսանողները նշում էին, որ այդ հանրակացարանում ապրողները ծայրահեղ անապահով խավի ներկայացուցիչներ են եւ սեպտեմբերին ուղղակի ստիպված կլինեն կացարան չունենալու պատճառով դադարեցնել ուսումը։ Նրանց խոսքովՙ թեեւ ԿԳ նախարարությունում հավաստիացնում են, որ անհանգստանալու հիմքեր չկան, բայց եթե 5-րդ մասնաշենքի 3 հարկերը տրամադրվելու են բժշկական համալսարանի ուսանողներին, մյուս երկուսում այդ քանակությամբ այլ բուհերի ուսանողներ ֆիզիկապես ի վիճակի չեն լինի տեղավորվել։ Ցույցի եկած ուսանողները մտավախություն ունեն նաեւ, որ վերանորոգումից հետո սենյակները տրամադրվելու են ավելի թանկ վարձավճարով (տարեկան 15 հազար դրամի փոխարեն)։

Այս մտավախությունը հիմնավորված է 7-րդ մասնաշենքի օրինակով, որը եւս պատկանում է բժշկական համալսարանին, եւ որտեղ սենյակները տրամադրվում են 250 դոլարով։

Նախագահականից ուսանողների մի փոքր պատվիրակության ընդունեցին առանց լրագրողների, իհարկե։ Ինչպես ուսանողներից տեղեկացանք, վերահսկողության բաժնում իրենց սիրալիր ընդունել են եւ խոստացել երկուշաբթի օրը խնդիրը քննարկել։ Սպասենք երկուշաբթի օրվան։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4