ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 10-19-ը Տոկիոյում կայացած մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային մասնակցած հայաստանցի վեց դպրոցականներից երեքը արժանացել են բրոնզե մեդալների, իսկ երկուսը պարգեւատրվել են գովասանագրերով։ Այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վերահսկողության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը։ Բրոնզե մեդալակիրները ներկայացնում են մաթեմատիկական ուղղվածության կրթօջախներըՙ «Անանիա Շիրակացի» ճեմարանը, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանը եւ Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ Ըստ Ն. Մանուկյանի, օգոստոսի 2-11-ը Թայվանում կմեկնարկի ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին կմասնակցեն «Քվանտ» վարժարանի եւ Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցի երեք սաները։ Իսկ օգոստոսի 16-ին Չիկագո կմեկնի ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային մասնակցող հայ երեխաների խումբը։