«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ

Գյումրու քաղաքապետարանի շախմատի մարզադպրոցի սաներն այսուհետեւ վճարելու են ուսման վարձ, ճիշտ էՙ ամսական ընդամենը 500 դրամի չափով։ Տնօրինությունը հարկադրված էր այդ վճարը մտցնել քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա, համայնքի հնարավորություններից ելնելով, քանի որ, տնօրեն Հասմիկ Խալիկյանի տեղեկացմամբ, այս տարի նաեւ տեղական բյուջեում միջոցներ չեն նախատեսվել դպրոցի կոմունալ ծախսերի վճարման համար։ Ընդհանուր առմամբ ըմբռնումով վերաբերվելով շուկայական հարաբերությունների տրամաբանությանը, մարզադպրոցի տնօրինությունը միաժամանակ այն կարծիքին է, որ Գյումրու առանձնահատուկ սոցիալական իրավիճակի պայմաններում նույնիսկ այդ փոքր վճարը որոշ թվով սաների համար կարող է խնդիր առաջացնել։ Ճիշտ է, համայնքային ենթակայության մարզադպրոցների վարձավճարների հարցում քաղաքապետի որոշմամբ նաեւ սահմանվել են զեղչեր, բայց ոչ սոցիալական բնույթի։ «Այդ հավաքած գումարը առանձնապես ծախսեր չի հոգա, մանավանդ եթե նկատի ունենանք, որ կազմը կպակասեցնի», ասաց Հ. Խալիկյանը, ավելացնելով, որ վերջին հանգամանքն իր հերթին կհարվածի նաեւ մարզիչների վարձատրությանը։ Իսկ սաների ծնողներից շատերը մտավախություն են հայտնում, որ մի անգամ արդեն սահմանված 500 դրամը վաղը կարող է ավելանալ, դպրոցին տեղական բյուջեից տրամադրվող գումարներըՙ հետզհետե պակասել։ Ասենք նաեւ, որ նախորդ տարիներին եւս քաղաքապետարանը երբեմն դժվարություններ է ունեցել դպրոցի (նաեւ աշխատողների աշխատավարձերի) ժամանակին ֆինանսավորման հարցում։

Դեռ երկու տարի առաջ շախմատի դպրոցի ղեկավարությունը դիմել էր մշակույթի եւ սպորտի նախարարությունՙ առաջարկելով մարզադպրոցը դարձնել հանրապետական ենթակայության (քաղաքում այլ մազաձեւերի գծով այդպիսիք կան)։ Սա իմաստուն խաղի ուսուցման ու տարածման մարզային նշանակության միակ օջախն է Շիրակում, որի ոչ միայն գյումրեցի, այլեւ մոտակա շրջաններից հաճախող սաների թվում կան նաեւ Եվրոպայի ու աշխարհի պատանեկան առաջնությունների ուղեգրեր նվաճողներ, ոչ քիչ թվով խոստումնալից պատանի շախմատիստներ։ Այժմ հանրապետական կարգավիճակի հարցը կրկին առաջ է գալիս։ Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, թե այս անգամ նման լուծմանը կողմնակից է նաեւ քաղաքի ղեկավարությունը։

Կարծում ենքՙ այդպիսի լուծումը կարող է նոր խթան դառնալ մայրաքաղաքից դուրս շախմատի զարգացմանը։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4