Երեւանի ոսկերչական 5-6 տոնավաճառներում այնքան բազմազան տեսականի կա, որ գույներն ու ձեւերըՙ գեղադիտակի արագությամբ միմյանց հաջորդող, գլխապտույտ են առաջացնում այստեղ առաջին անգամ ոտք դնողի մեջ։ Այստեղ էլ ազնիվ ու մաքուր զարդեղենը կողք-կողքի է խեղաթյուրվածի հետ, եւ շատ հեշտությամբ կարող ես խաբվել, գնելով սխալ տաշվածքի ու քաշի քար, պղնձի մեծ պարունակությամբ ոսկի։
Տոնավաճառները գրեթե միշտ էլ լի են այցելուներով։ Այնուամենայնիվ, հանրահայտ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի (տնօրենՙ Վաղարշ Աբրահամյան) փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանի պնդմամբ, ոսկերչական արտադրանքի 60-70 տոկոսն իրացվում է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Ընդ որում, անհատ արտադրողներն ու ՍՊԸ-ներն իրենք են կազմակերպում արտահանումը, կամ դրսից է ակտիվ հոսք գալիս։ Գնորդները հիմնականում Հյուսիսային Կովկասից են, Դաղստանից, Չեչնիայից, Կալմիկիայից, Օսիայից, նաեւ Վրաստանից։ Ոչ միայն միջազգայինի համեմատ էժան գներն են նրանց ձգում այստեղ։ Հայաստանն այսօր դարձել է ոսկեգործական արտադրության տարածաշրջանային կենտրոն։ Վաճառաշահ արհեստավորի գենը պինդ է ժամանակակից ոսկերիչի ու ակնագործի մեջ, եւ ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում չկան այնպիսի վարպետներ, ինչպես մեզ մոտ։ Ոսկեգործական ավանդույթներըՙ մանրարուքի, հատիկազարդման, հյուսածո եղանակներով, կենդանիների պատկերներով դրվագումներով, հազարամյակների խորքերն են գնում։ Այդուհանդերձ, մեր վաճառակետերում հազվադեպ կտեսնես այդ եղանակների ու զարդապատկերային մտածողության այն բաղադրատարրերը, որոնք «ճամփորդում» են մեր գորգերի ու խաչքարերի, ճարտարապետության ու քանդակագործության մեջ։ Ինչո՞ւ է այդպես, եւ արդյոք դրանց կորստյան վտանգ չի՞ սպառնում այսօր։ Ոսկեգործներն ու ոսկերիչները տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս հարցին։
Արմեն Բաղդասարյանՙ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ տնօրենի տեղակալ- Ավանդական բաղադրատարրերը չեն կարող չլինել ժամանակակից գործերի վրա։ Պահանջել զուտ ավանդականը, նույնն է, թե ասեսՙ ինչո՞ւ հիմա սայլ չկա, ավտոբուս է, կամ ինչո՞ւ ազգային տարազ չեք կրում։ Ոճն է փոխվել։ Ավանդույթները ոչ թե ձեւի ու արտահայտչամիջոցների, այլ ավելի շատ սերունդների շարունակության մեջ են, արհեստը փոխանցելու ժառանգականության։ Ժամանակներն են փոխվել, մոդան է փոխվել։ Այստեղ հիմնական խնդիրը նորաձեւությունն է, նրա պահանջները։ Իմ կարծիքով, այնպիսի հասկացություն, ինչպիսին զուտ ազգային հայկական ոճն է, չկա, չի ստեղծվել, կա արեւելյան ոճ։ Մեզ համար հատկանշականն ազգային այս արհեստի նկատմամբ սերն է։ Ֆիլիգրան ոճը, օրինակ, որ մեզանում էլ տարածված է, Բյուզանդիայից է գալիս։ Ավանդույթի պահպանում ասելով ես հասկանում եմ ոչ թե ոճի, այլ ոսկեգործության նկատմամբ ազգային մտածելակերպի ու վերաբերմունքի պահպանում։ Միայն մեզ մոտ 800 արհեստավոր է աշխատում (ընդամենը 400 մարդ վաճառող է ), որոնց մեջ շատ-շատ են հմուտ, ստեղծագործ վարպետները։
Ռադիսլավ Վարդանյան- Զուտ ազգային ավանդույթներով ստեղծված գործեր հիմա էլ կան Հայաստանում, բայց շատ չեն։ Շուկայում չկան, որովհետեւ չեն գնահատվում։ Աշխատանքը շատ է, չարչարանքըՙ շատ, օրինակ, մանրարուք եղանակով ստեղծված զարդերի, բայց ժողովուրդն էլի էժան է ուզում գնել։ Եվ ոսկերիչն էլ անցնում է նրան, ինչ գնում ենՙ հեշտ ու ստանդարտ ձեւերի։ Եթե փորձի համար 2 հատ սարքենք հին հայկական գործեր, որ նաեւ թանկ պիտի գնահատվեն, մի 20 տարի կմնան, իսկ հետո վերջում իբրեւ լոմ կվաճառվեն։ Այսինքնՙ դրանց գնորդն ու գնահատողը չկան։ Հիմա լավ վաճառվում է իտալական զարդը, որովհետեւ նորաձեւ է, իսկ ստեղծելու տեխնոլոգիան էլ հեշտ է։
Արմեն Մելիքյան (ոսկեգործ վարպետ)- Ինչ որ շուկան է պահանջում, դա է պատրաստվում։ Որ գործը որ լավ է ծախվում, դրա վրա են աշխատում, քանի որ բոլորը տուն են պահում։ Ոսկեգործին էլ թելադրողը սոցիալական պայմաններն են։ Իսկ ազգային հորինվածքով անհամեմատ բարդ զարդերի պատվեր համարյա չի լինում։ Եթե այդպիսիք սարքենք, երեւի չեն վաճառվի։
Կարեն Միգանյան (ժողովրդական վարպետ)- Ոսկերչական զարդերից որ մեկն էլ նայես, մեր ավանդական ոճի է, բաղադրիչներ կան, բայց խիստ նվազ արտահայտությամբ։ Մասիս սարը կա, մեր սիրամարգերը կան։ Արգիշտիի ժամանակներից պեղված թեփուկավոր զարդաձեւեր հիմա էլ կան։ Եթե գնորդը գալիս է եւ ասումՙ ինձ տվեք 20 դոլարի համարժեք մատանի, դա ընդամենը 2,5 գ ոսկի է նշանակում, 2,5 գ ոսկու վրա դու չես կարող խոյակի զարդաձեւ սարքել։ Առնվազն 10-15 գրամանոց պիտի լինի։ Մեր բոլոր վարպետ ոսկեգործները տիրապետում են նաեւ ավանդական զարդաձեւերին, բայց պահանջարկ չկա։
Ոսկեգործությունն իմեյջի ու վստահության արհեստ է
Նոր ձեւավորվող ազատական հարաբերությունների տարերային հորձանքն ամեն ինչ միախառնեց նաեւ այս ասպարեզում։ Որեւէ արգելքի չհանդիպելով, շուկա մտավ նաեւ տնայնագործական կասկածելի արտադրանքըՙ հարգորոշումների ու հարգադրոշմումների սեփական մեխանիզմով։ Արմեն Բաղդասարյանի հավաստմամբ, սակայն, իրենց կազմակերպությունն առայժմ միակն է հանրապետությունում, որ ֆիննախարարության փորձագիտական տեսչության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել։ Ոսկեգործների արտադրանքը հավաքվում է եւ հարգորոշման ու հարգադրոշմումների համար ուղարկվում պետական ծառայություն։ Ավելին, յուրաքանչյուր քաղաքացի եւս կարող է դիմել նույն խնդրանքով եւ չնչին վճարով ստուգել կամ որոշել որեւէ զարդի հարգն ու դրոշմը։
Թերեւս, ոսկերչական տոնավաճառներում ծաղկող անթույլատրելի իրողություններն են պատճառը, որ այս ճյուղի արտադրանքի սպառողները եւս միանգամայն որոշակի բաժանվել են 2 բանակի։ Գումար ունեցող, նաեւ այս ազնվական արհեստի ոլորտում առկա խմորումներին քիչ թե շատ տեղյակ գնորդները հիմնականում օգտվում են ոսկեգործական խոշոր արտադրությունների ծառայություններից, ուր գները երբեմն եռակի, քառակի գերազանցում են տոնավաճառների գներին։ Կամաց-կամաց մեզանում էլ ձեւավորվում է հոգեբանության այն որակը, ինչ է զարգացած երկրներում։ Սպառողը սկսում է ղեկավարվել արտադրանքի իմեյջի հանդեպ հավատի ելակետով։ «Գուչի» ֆիրմայի ժամացույցին ամրացված ադամանդը երբեւէ չի կարող կեղծ լինել։ «Գուչին» կայացած ձեռնարկություն է, ողջ աշխարհում հայտնի եւ այդ իմեյջի տերը չի կարող կեղծված արտադրանք դուրս բերել շուկա», նշում է նաեւ DCA եւ JCA հայկական ադամանդագործական ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը։ Իտալական «Վերսաչի», «Արմանի» ֆիրմաների արտադրած զարդի 1 գրամը միայն այն պատճառով, որ այդ ֆիրմաների դրոշմներն է կրում, կարող է արժենալ 50, 100 դոլար։
Հայաստանյան ձեռնարկությունների բարձրարժեք, որոշակի վարկ ձեռք բերած արտադրանքը ներսի շուկայում գնորդներ չունի։ Իրացվում է հիմնականում Եվրոպայումՙ Շվեյցարիա, Ֆրանսիա, իսկ ներսումՙ ընդամենը 5 տոկոսով։ Անշուշտ, նույնիսկ գրագետ, իրազեկ գնորդը չի մոտենում այսօրինակ արտադրությունների առաջարկին, եթե պայմանները չեն ներում։ Իսկ գնորդների մյուս զանգվածի անտեղյակությունից փող սարքելը սովորական իրողություն է մանր ու մեծ տոնավաճառներում ու վաճառակետերում։ Ներքին շուկայում ով ասես գնահատում է ադամանդի գույնը, մաքրությունը, կարատները։ Թեեւ նույնիսկ մասնագիտական աչքի համար դժվար է զանազանել դրսից բերված ադամանդի փոխարինիչն իսկական քարից։
Իսկ մաքսակետերում ոչ ստուգումներ են անում, ոչ էլ այդպիսի հնարավորություն կա։ Պատասխանատվությունը մնում է վաճառողի խղճին ու ազնվությանը։ Արտասահմանում յուրաքանչյուրՙ նույնիսկ անհատ ոսկերիչ, եթե լիցենզիա ունի, իրավունք ունի նաեւ իր արտադրանքի վրա սեփական հարգը դրոշմել։ Հայաստանում էլ նման կարգ հաստատելու առաջարկներ կան, բայց թերեւս մեր խառնիճաղանջ շուկայի համար դա շուտ է։
Գոհարի ազնվությունը որոշվում է ե՛ւ նրա հստակ նիստավորմամբ, ե՛ւ խտության հատկանիշներով (սովորական ապակին խտություն չի ունենում), ե՛ւ բարձրության, քաշի ու տրամագծի պարամետրերի համապատասխանությամբ։ «Թանկ ապրանք չպետք է գնել պատահական վայրերից, առավել եւսՙ ադամանդը», խորհուրդ է տալիս Գագիկ Աբրահամյանը։ Իսկ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի փոխտնօրենն այլ առաջարկ է անումՙ կեղծված արտադրանքի չափաբաժինը նվազեցնելու համար պարզապես պետք է մետաղափորձական տեսչությանը լիազորություններ տրվիՙ պարբերաբար, պատահական ընտրությամբ ստուգումներ կատարելու տոնավաճառներում կամ խանութներում։ Եվ մենք էլ ավելացնենք, որ կեղծողը պատժվի նույն կերպ, ինչ դրսի աշխարհում է։
Արտագաղթի ալիքը սոցիալական ճգնաժամի առաջին փուլում արտերկիր նետեց նաեւ բազում մասնագետների։ Այսօր Ռուսաստանում ոսկեգործ արտադրողների մեջ հայերն արդեն ճանաչված դիրք են գրավում։ Ոմանց հավաստմամբ, սակայն, հիմա, երբ այս ճյուղը մեր տնտեսության մեջ առաջատար դիրքերի հավակնություններ է ներկայացնում, նրանց մեծ մասը սկսել է վերադառնալ։ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի փոխտնօրենը նշում է, որ իրենց հարգորոշողներն ու գնահատողներն, օրինակ, խորհրդային տարիներին կրթություն ստացած ու աշխատած մասնագետներ են։
Կեղծ արտադրանք գնելու վտանգն առավել հավանական է փողոցային առք ու վաճառքի, այսպես ասած, «ձեռքի վրա» առեւտրի ընթացքում։
Հարկային դաշտը պետք է պարզեցվի
Սակայն սխալ է կարծել, թե տոնավաճառային արտադրանքի որակի հանդեպ վստահության ցածր տոկոսով են բացառապես պայմանավորված այստեղի էժան գները։
Տնայնագործ արտադրողների գերակշիռ զանգվածը դուրս է հարկային դաշտից։ Հարկային կառույցներն, անկասկած, գիտեն այդ մասին, բայց զարմանալի անդորր ու «հանդուրժողականություն» է ցուցաբերվում պետբյուջեի հնարավորություններն ակնհայտորեն զորացնելու ունակ այս փաստի հանդեպ։ Հարկ վճարելուց խուսափող տնտեսվարողներն էլ մշտապես ահ ու դողի մեջ են, թե մի օր հայտնվելու են տեսուչի ուշադրության հորիզոնում։ Արմեն Բաղդասարյանի համոզմամբ, թյուր է այն մտայնությունը, թե արհեստավորները խուսափում են հարկերից ավելորդ գումար չծախսելու նկատառումով։ Խնդիրը նաեւ այլ է. մուտք հարկային դաշտ նաեւ նշանակում է խրվել թղթարարության, ամենամսյա հաշվետվությունների, բյուրոկրատական քաշքշուկի աքցանի մեջ, որ անխուսափելիորեն ժամանակ ու նյարդեր է խլելու նրանցից։ Եվ ընդամենը փոքրիկ տարածքՙ 50-60 սմ զբաղեցնելով, ձեռներեցը հարկադրված պիտի լինի հաշվիչ դրամարկղ էլ տեղադրել։
Ըստ փոխտնօրենի, 1 պատուհանի գաղափարը, որի մասին այնքան խոսվեց, ու որը հասարակ քաղաքացու, մանր ու միջին տնտեսվարողի, իր փոքրիկ բիզնեսը ձեռնարկողի հանդեպ պարտադրում է կիրառել ՀՀ նախագահը, պիտի կիրառվի նաեւ հարկային դաշտում։ Ոլորտի զարգացումը խթանելու համար պետությունը նույնիսկ ոսկու առուվաճառքն ազատել է ավելացված արժեքի հարկից թե ներքին իրացման, թե արտահանման ժամանակ։ Ոսկու հումք, նաեւ ադամանդների հումք ներկրելիս մաքսատուրք չկա։ Չնչին մաքսավճար է նախատեսված նաեւ պատրաստի արտադրանքի արտահանման ժամանակ։ Սակայն ոսկերչական շուկան բնորոշող այդ կարեւոր բացն անտեսվում է։
Եթե ոսկեգործն ու ակնագործը համոզված լինեն, որ ընդամենը 1 կետի ծառայությունից օգտվելով կարող են ազատվել ճղճիմ քաշքշուկներից, նրանցից յուրաքանչյուրը հաճույքով կվճարի ամսական, ասենք 10-15 դոլարի հարկը։ Իսկ դա փոքր գումար չէ, եթե նկատի ենք առնում այս ոլորտում կուտակված մեծ ներուժը։ Նվազագույն հաշվարկներով, եթե Հայաստանում առկա նման վաճառակետերի յուրաքանչյուր ձեռներեցից նույնիսկ 10 դոլար գանձվի, ամսական մեկ քառորդ մլն դոլար կգնա պետբյուջե։ Եթե դրա ծախսելու տեղը չգտնվի, կենսաթոշակային ֆոնդին կարելի է հանձնել, եւ թոշակառուներին տրվող ծիծաղելի գումարները պակաս անհեթեթ կդառնան։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ