ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ի՞նչ է նշանակում լինել աղքատ, ինչպե՞ս է որոշվում աղքատության սահմանագիծը։ Այս հարցերին միանշանակ պատասխաններ գտնելը դժվար է։ Սակայն այս թեման շատ հրատապ է նաեւ Հայաստանի համար, հատկապես նկատի ունենալով, որ կառավարությունը որոշել է պայքարել աղքատության դեմ եւ այդ կապակցությամբ անգամ մի ծավալուն ծրագիր է մշակել։ Բնական է, որ նախ անհրաժեշտ է իմանալ, թե ի՞նչ է պետությունը հասկանում աղքատություն ասելով։ Իսկ դրա համար պետք է որոշել 1 շնչի համար նվազագույն սպառողական զամբյուղի եւ նրա հիմքը կազմող նվազագույն պարենային զամբյուղի պարունակությունը եւ արժեքը։ Սրա համար էլ իր հերթին անհրաժեշտ են որոշակի չափանիշներ։
Վիճակագրության ազգային ծառայության տնային տնտեսությունների հետազոտության բաժնի պետ Ջուլիետա Մագլուչանցը նշեց, որ իրենք հաշվարկում են երկու պարենային զամբյուղների չափերը։ Առաջինը տնային տնտեսությունների հետազոտության հիման վրա ստացած պարենային զամբյուղն է։ Այսինքնՙ այստեղ ընդգրկված են այն պարենային ապրանքներն ու դրանց չափաքանակները, որոնք փաստացի օգտագործում է բնակչությունը։ Այդ զամբյուղը կազմում է օրական 2100 կկալ։
Երկրորդն առողջապահության նախարարության առաջարկած զամբյուղն է 2400 կկալ-ով։ Այստեղ ընդգրկված են այն մթերքներն ու դրանց նվազագույն չափաբաժինները, որոնք բժիշկների, դիետոլոգների կարծիքով, անհրաժեշտ են մարդու համար։ Առաջին եւ երկրորդ զամբյուղների տարբերությունը 300 կկալ է։ Սակայն Ջուլիետա Մագլուչանցի հավաստմամբ, խնդիրն այդ տարբերությունը չէ, որովհետեւ 2100 կկալ-ն եւս Սննդի եւ գյուղմթերքների կազմակերպության (FAD) չափանիշներով բավարար է համարվում։ Խնդիրն այստեղ այն է, թե ինչ սննդամթերքներով է լրացվում այդ 2100 կկալ-ն։ Հայաստանի բնակչությունն այդ կալորիականությունը ստանում է գլխավորապես հացից եւ հացամթերքներից (մակարոնեղեն), ինչը նշանակում է, որ այն ավելի շատ բաղկացած է ածխաջրերից։ Փաստորեն չկա բացարձակ սով, բայց մարդիկ սնվում են ոչ որակյալ սննդամթերքով։
Առողջապահության նախարարությունը, ըստ տնային տնտեսությունների հետազոտության բաժնի պետի, տեսականորեն է մոտեցել հարցին։ Նրա ներկայացրած զամբյուղի մեջ նշված է, որ մարդն ավելի շատ պետք է օգտագործի նաեւ մսամթերք, կաթնաշոռ եւ այլն։ Այսինքնՙ այն, ինչ անհրաժեշտ է, այլ ոչ թե այն, ինչ առկա է փաստացի։
Մեր հարցին, թե ինչու է կառավարությունն աղքատության սահմանագիծ ընտրել փաստացի գոյություն ունեցող նվազագույն պարենային զամբյուղը, այլ ոչ թե առողջապահության նախարարության ներկայացրածը, մեր զրուցակիցը նախ ընդգծեց, որ այս հարցն իրեն պետք չի ուղղել, բայց ասաց, որ այդ դեպքում գուցե ամբողջ բնակչությունը հայտնվեր աղքատության գծից ցած։ Նա նշեց, որ աղքատության սահմանումը, օրինակ, Չինաստանում բրնձով է որոշվում, իսկ ԱՄՆ-ում դարձյալ ընդունվում է, ելնելով իրենց երկրի փաստացի նվազագույն սպառումից։
Կառավարությունն իր մշակած եւ հաստատման դրված աղքատության հաղթահարման ծրագրով որպես աղքատության հաղթահարման նպատակ համարում է մեկ շնչին նվազագույն սպառողական զամբյուղի ամսական 12 հազար դրամով (ըստ 4-5 տարի առաջ կատարված ուսումնասիրության) ապահովելը։ Այս, մեր կարծիքով, զայրացուցիչ հանգամանքը տկն Մագլուչանցը փորձեց մեղմացնել, ասելով, որ ծրագրի մեջ, բացի մեկ շնչին ամսական վերոնշյալ չափի եկամուտ ապահովելուց, գրված են նաեւ առողջապահության, կրթության, սոցիալական ապահովման համակարգերի բարելավման խնդիրները, որոնք շատ թանկ արժեն։ Մինչդեռ առողջապահության նախարարության ներկայացրած նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, դարձյալ, ըստ 5 տարի առաջվա գների, մեկ շնչի համար ամսական 26 հազար դրամ է։ Թերեւս ճիշտ կլիներ այս թիվն աղքատության սահմանագիծ համարելն, ու դա հաղթահարելու խնդիր դնելը։
Սակայն աղքատության սահմանման սեփական տարբերակի համար կառավարությունն ունի իր, միայն միամիտներին անհասկանալի մղումները, որոնց կանդրադառնանք հաջորդ անգամ։