«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ ՉՀԱՆԳԵՑՐԵՑ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հաջորդաբար հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին, պետքարտուղար Քոլին Փաուելին եւ պաշտպանության նախարար Ռոնալդ Ռամսֆելդին։ Վերջինիս հետ Գյուլի հանդիպմանը ներկա են եղել նաեւ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցը, գեներալ Ռիչարդ Մայերսը եւ Իրաքի կառավարիչ Պոլ Բրեմերը։ Սա թերեւս պայմանավորված է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Պենտագոնի հետզհետե աճող դերով, թուրք-ամերիկյան տարաձայնություններով, որոնք ծավալվում են Իրաքի շուրջը։

Գյուլի հանդիպումները լայն արձագանք գտան թուրքական թերթերում։ Դրանց հուլիսի 25-ի առավոտյան անդրադարձավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը։ Գյուլը Վաշինգտոնում պատասխանեց նույն հեռուստատեսության թղթակցի հարցերին։ Հարկ է, սակայն, նշել, որ անդրադառնալն ամենեւին տեղեկություն հաղորդել չի նշանակում, թղթակցի հարցերին պատասխանելնՙ առավել եւս։ Թուրքական հանրային հեռուստատեսության հաղորդումներում ընդամենը նշվեց, որ Գյուլի հանդիպումներում հարցերը քննարկման դրվեցին լայն շրջանակում, որոնք վերաբերում են Կիպրոսին, Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններին, Մերձավոր եւ Միջին Արեւելքին ու Իրաքին։ Միաժամանակ հաղորդավարը մեջբերեց Չեյնիի հետեւյալ խոսքերը. «Մենք գոհ կլինենք, եթե Թուրքիան զորք ուղարկի Իրաք»։

Գյուլը, թուրքական հանրային հեռուստատեսության թղթակցին պատասխանելիս, Չեյնիի խոսքերի առնչությամբ ասաց, որ Իրաք թուրքական զորք ուղարկելու հարցը պետք է քննարկել ՆԱՏՕ-ի շրջանակներում, դա կհեշտացնի լուծումը։ Իհարկե, նա չմոռացավ ավելացնել. «Հանդիպումներն անցան անկեղծ մթնոլորտում»։

Ինչ վերաբերում է թուրքական թերթերին, ապա «Միլլիեթն» ու «Աքշամը» Գյուլի այցի արդյունքները Թուրքիայի համար բավարար համարեցին, թե, անկախ տարաձայնություններից, թուրք-ամերիկյան դաշինքն ամուր հիմքերի վրա է, իսկ «Փոստան» այցն ընթերցողին ներկայացրեց «Կրկնակի ձախողության մտավախություն» խորագրով եւ նշեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր լարվածության շեմին են։

Թուրքական հանրային հեռուստատեսության անբովանդակ տեղեկություններն ու վերոհիշյալ թերթերի հակասական գնահատականները եթե Գյուլի այցի ձախողման մասին արտահայտվելու հիմք չեն տալիս, ապա գոնե կասկածի տակ են դնում դրա հաջողությունը։ Կասկածի առումով կարեւոր է Իրաք թուրքական զորք ուղարկելու Չեյնիի պահանջը եւ դրա կատարումը ՆԱՏՕ-ի որոշումով պայմանավորելու Գյուլի արարքը։ Փաստորեն, Գյուլը հակադրվել է պահանջին, որպեսզի կատարման համար նախապայմաններ առաջադրի։ Սա չի կարող բավարարել ԱՄՆ-ին այն առումով, որ ԱՄՆ-ի համանման պահանջը ՆԱՏՕ-ի առանցքային երկրներից Ֆրանսիան եւ Գերմանիան ՄԱԿ-ի որոշումով են պայմանավորում։

Թուրքիային էլ այդ պահանջը չի բավարարում։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ ամերիկացիները թուրքական զորքը այսպես կոչված կայունարար նպատակներով պատրաստվում են օգտագործել Իրաքի հարավում, իսկ թուրքերը պնդում են առաջադրանք ստանալ երկրի քրդաբնակ հյուսիսային շրջաններում։

Հակադրության հիմքում հենց քրդերն են։ Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան տարաձայնություններին, ապա դրանց հիմքում էլ ԱՄՆ-ի կամքին հակադրվելու թուրքական իշխանությունների հանդգնությունն էր։ Քանի որ Գյուլը հանդգնել է հակադրվել Չեյնիին, ուրեմն թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածության առաջացման մասին «Փոստայի» կանխատեսումը միանգամայն իրատեսական է։ Համենայն դեպս, թուրքերը Ստամբուլի օդանավակայանում արգելեցին ամերիկացի զինվորական Ռիչարդ Ռենդիի մուտքը երկիրՙ պատճառաբանելով, թե նրա անձնագրային ձեւակերպումները ճիշտ չէին։ Մինչդեռ զինվորականը Թուրքիայում միջոցառման էր հրավիրված, եւ նրա մուտքը երկիր մերժվեց հենց այն պահին, երբ Գյուլը Չեյնիի հետ հանդիպման էր պատրաստվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4