Շատ հակասություններ մնացին չլուծված
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց վկա Նաիրի Բադալյանի հարցաքննությունը։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը հարցաքննությունը վարում էր մի քանի դրվագներով։ Աշոտ Սարգսյանին հետաքրքրում էր, թե Նաիրի Հունանյանի ցուցմունքով այդ օրը վերջինիս հուզված լինելու հանգամանքը, ըստ Նաիրի Բադալյանի, բնավ էլ այդպես չէր։ Այսինքնՙ Նաիրի Հունանյանը եղել է հանգիստ։ Աշոտ Սարգսյանը մեջբերեց նաեւ Նաիրի եւ Կարեն Հունանյանների միջեւ գաղտնալսմամբ ձեռք բերված այն տեղեկությունը, ըստ որի հոկտեմբերի 25-ին Նաիրի Բադալյանը զանգահարել է Հունանյանենց տուն։ Թե ինչ են խոսելՙ այդ հարցին Նաիրի Բադալյանը պատասխանեց, թե նման զանգ եւ խոսակցություն պարզապես չեն եղել։
Հարցաքննության հաջորդ դրվագը վերաբերում էր Ազգային ժողովում հայտնված կարմիր թղթապանակին։ Աշոտ Սարգսյանը հիշատակեց մի շարք հակասական ցուցմունքներ, որոնց համաձայն կարմիր թղթապանակը մի դեպքում գտնվել է աստիճանների վրա, մեկ այլ դեպքումՙ հարթակին, մի երրորդի համաձայն էլՙ Կարմիր նախասրահում։ Այս առումով Նաիրի Բադալյանը պնդեց իր տարբերակը, թե կարմիր թղթապանակը գցել է աստիճաններից ներքեւ եւ հեռացել։
Հետաքրքրական էին ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանիՙ Նաիրի Բադալյանին ուղղված հարցերը։ Գրիգորյանը մասնավորապես սկսեց նրանից, թե ինչով է պայմանավորված Նաիրի Բադալյանի բացասական վերաբերմունքը ամբաստանյալների նկատմամբ։ Ն. Բադալյանը կրկնեց նախորդ նիստերին ասված իր այն խոսքերը, թե ամբաստանյալների իրականացրած գործողությունների արդյունքում Հայաստանն իր զարգացման առումով 15-20 տարի հետ ընկավ։ Իսկ թե ինչպես է հաշվարկել կոնկրետ 15-20 տարի նահանջի պարագան, վկան պարզաբանեց, որ ինքը սոցիոլոգ է եւ կարող է նման հաշվարկներ կատարել։
Աշոտ Սարգսյանը, շարունակելով իր հարցադրումները, կարծիք հայտնեց, որ ԱԺ-ի Բաղրամյանի մուտքի անցակետում Նաիրի Բադալյանիՙ էդիկ Գրիգորյանին եւ Նաիրի Հունանյանին հանդիպելու տրամաբանությունը թերեւս եղել է այն, որ Բադալյանը պետք է խմբին հաղորդեր ԱԺ մտնելու եւ այնտեղ ծրագրված գործողություններ իրականացնելու թույլտվությունը։ Այն հարցին, թե արդյոք Էդիկ Գրիգորյանին եւ Նաիրի Հունանյանին տեսնելը չի՞ նշանակում հանդիպում ըստ պայմանավորվածության, որի ժամանակ Նաիրի Բադալյանը պետք է ինչ-որ տեղեկություն փոխանցեր նրանց եւ ինչ-ինչ հրահանգներ կատարեր ԱԺ-ում տեղի ունենալիքի առումով, Բադալյանը ժխտական պատասխան տվեց։ Նա ավելացրեց նաեւ, որ թեեւ նախաքննության ընթացքում իր ցուցմունքներում ինքը թաքցրել է Նաիրի Հունանյանի հետ անցակետի մոտ Էդիկ Գրիգորյանին տեսնելու հանգամանքը, դա պայմանավորված է եղել նրանով, որ անբարենպաստ զուգադիպությունները շատ են եղել։
Աշոտ Սարգսյանը հրապարակեց նաեւ ցուցմունքներ, համաձայն որոնց հարց ու պատասխանի նիստը սկսվելուց անմիջապես հետո այն ժամանակ սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը Կարմիր նախասրահում կանգնած ծխել է։ Մինչդեռ վկան պնդում է, որ նստած է եղել Կարմիր նախասրահում հենց այդ ժամանակ, սակայն Ռազմիկ Մարտիրոսյանին չի տեսել։
Այս ամենը հասցրեց այնտեղ, որ Աշոտ Սարգսյանը դատարանին միջնորդեց քրեական գործ հարուցել Նաիրի Բադալյանի նկատմամբ կամ գլխավոր դատախազին հանձնարարել, որ վերացվի Բադալյանի նկատմամբ հարուցված քր. գործի կարճման որոշումը։ Դատավոր Սամվել Ուզունյանը միջնորդության կապակցությամբ հայտնեց, որ նման կարգի հարցերին անդրադարձ կկատարվի որոշում կայացվելուց հետո։
Երեկ դատարան էր ներկայացել եւս մեկ վկաՙ ոստիկան Խաչատուր Հովհաննիսյանը, որը հսկել է ԱԺ նիստերի դահլիճ տանող դռներից մեկը։ Նրա ցուցմունքում հետաքրքրականն այն է, որ նա վկայում է Արմենակ Արմենակյանի սպանության մասին։ Դրվագը վկան նկարագրեց հետեւյալ կերպ։ Կարեն Հունանյանը զենքը պահել է նախ Խաչատուր Հովհաննիսյանի վրա, հրահանգել նրան նստել։ Այնուհետեւ զենքն ուղղել է նստած Արմենակ Արմենակյանի վրաՙ հրահանգելով պառկել։ Արմենակյանը չի պառկել, նստած տեղից վեր է կացել, եւ այդ ժամանակ Խաչատուր Հովհաննիսյանը լսել է 2 կրակոց։ Կրակոցներից հետո Հովհաննիսյանին խփել են, գցել հատակին։ Նա ընկել է Արմենակյանի կողքին եւ այդ պահին նկատել, որ ճաշարանի կողմից հայտնվել է մեկը։ Այդ պահին վերջին դռան մոտ կանգնած զինված Վռամ Գալստյանը կանչել է ճաշարանի կողմից հայտնվածին, վերջինս դիմել է փախուստի։ Կրակելով փախչողի հետեւից, բայց մտածելով, որ չի կպել, փախչողի հետեւից նռնակ է գցել։ Խաչատուր Հովհաննիսյանը լսել է ուժգին պայթյուն, որից հետո տիրել է լռություն։
Կարեւոր է եւս այն ցուցմունքը, որի համաձայն, ըստ Խաչատուր Հովհաննիսյանի, լուռ պահին ինքը լսել է Արմենակյանի տնքալը։ Կարեն Հունանյանը հայհոյելով ստուգողական կրակոց է արձակել, որից հետո Խաչատուր Հովհաննիսյանը կորցրել է գիտակցությունը։ Ուշքի գալով, Հովհաննիսյանը կրկին լսել է կրակոցներ, այնուհետեւ հայտարարություն, որ դահլիճից վիրավորներին պետք է դուրս հանել։ Հովհաննիսյանը վեր է կացել, հասել մինչեւ Կարմիր նախասրահի վերջ, տեսել ԱԺ բուժքրոջն ու բժշկին, նրանց հետ վերադարձել դահլիճ։ Մտնելով դահլիճ եւ տեղեկանալով, որ պատգարակի կարիք կա, Հովհաննիսյանը դուրս է եկել պատգարակ բերելու։ Պատգարակը հասցրել է կրկին դռան մոտ եւ իջել ներքեւ։
Վկան ավարտեց իր ցուցմունքը, որից հետո, մինչ հարցաքննությունը Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի պաշտպան Օլեգ Յունոշեւը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա բացարկ հայտարարեց վերջերս դատավարությանը ներգրավված մեղադրող Կորյուն Փիլոյանինՙ փաստարկելով, որ վերջինս որպես պետական մեղադրող հանդես է եկել Մուշեղ Սաղաթելյանի դատավարության ընթացքում եւ չի կարող լինել անաչառ։ Փիլոյանն առարկեցՙ պաշտպանի մոտեցումը որակելով ոչ օբյեկտիվ։ Կորյուն Փիլոյանին բացարկ հայտարարելուն առարկեցին նաեւ Նաիրի եւ Կարեն Հունանյանները։ Աշոտ Սարգսյանը միացավ բացարկի, միջնորդությանը, սակայն մեկ այլՙ Միսակ Մկրտչյանի դրվագով։
Սամվել Ուզունյանը մերժեց բացարկը, դատարանն անցավ Խաչատուր Հովհաննիսյանի հարցաքննությանը։ Նիստը կշարունակվի երկուշաբթի։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ