«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


«ԱՄԵՆ ՄՈՍԿՎԱՑԻ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ ԲԱՍԱԵՎԻՆ»

Մոսկովյան շուկաների քրեականացման մասին

Մոսկվայի սպառողական շուկայի եւ սպասարկումների վարչության տվյալներով, մոսկովյան ընտանիքների 70 տոկոսը գնումներ է անում բացառապես քաղաքի 174 շուկաներում։ Մայրաքաղաքի բյուջեն պատկառելի եկամուտներ է ստանում շուկաներից։ Իսկ թե որքան է կորցնում, հայտնի չէ, քանի որ շուկաների մեծ մասը կազմակերպված հանցագործ խմբավորումների (ԿՀԽ) վերահսկողության տակ է։ ՆԳՆ-ում համոզված են, որ շուկաները հարկումից թաքցնում են իրենց շահույթների մոտ երեք քառորդը։

Բազմաթիվ շուկաներում գոյացել են քրեական մի շարք «տանիքներ»։ Վարչակազմը, կրպակատերերը, գրպանահատներն ու խարդախներն ունեն իրենց «տանիքները»։ Բայց վերջին հաշվով ամեն ինչի համար վճարում է սպառողը։ Ինչպես ասում են, «ամեն մոսկվացի հարկ է վճարում Շամիլ Բասաեւին»։ Մոսկվայում էթնիկական ԿՀԽ-ներն ունեն հետեւյալ բնութագրերը։

Ադրբեջանցիներ

Ներկայումս Մոսկվայում կան 30-ից ավելի ադրբեջանական ԿՀԽ-ներ, որոնք կառուցված են տարածքային-տոհմական սկզբունքով։ Գործունեության հիմնական ոլորտը թմրաբիզնեսն է մոսկովյան շուկաների մեծ մասում։ Առանձնապես աչքի են ընկնում մինգեչաուրյան եւ լենքորանյան ԿՀԽ-ները։ Հայտնի են նաեւ եւլախյան (դրամափոխություն), մոսինյան (թմրադեղերի, զենքի ու պայթուցիկների առեւտուր), գարդաբանյան (ավտոմեքենաների առեւանգում եւ վաճառք), գյանջյան (թմրադեղեր) ԿՀԽ-ները։

Ադրբեջանական ԿՀԽ-ների գլխավոր առանձնահատկությունը համայնքայնությունն է։ Թեեւ «բրիգադները» գործում են ինքնուրույն, բայց ծայրահեղ դեպքերում միավորվում են։ Ընդսմին, յուրաքանչյուր խումբ պարտավոր է լցնել ընդհանուր գանձարանը։

ԿՀԽ--ներն աչքի են ընկնում դաժանությամբ ու նենգությամբ։ Որպես թիկնապահների եւ բռնաշորթների հաճախ օգտագործում են սլավոններին։ Ադրբեջանական հանցախմբերը վերահսկում են հետեւյալ շուկաները. Հյուսիսային Բուտովո, Պոկրովյան առեւտրային համալիր, Վիխինո, Մարյինո, Վելոզավոդսկի, Չերկիզովո, «Դինամո» եւ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն։

Վրացիներ

Վրացական ԿՀԽ-ի հետաքրքրությունները բազմազան են։ Դրա անդամները չեն խորշում նյութական արժեքների հայթայթման որեւէ միջոցից։ ՎԵրջին տարիներին վրացական հանցախմբերը, ավանդական առեւանգումներից, շորթումներից, կողոպուտներից, ելուզակությունից, խարդախություններից բացի, սկսել են հիմնել սեփական ֆիրմաներ, բաժնետիրական ընկերություններ։

Ամբողջ Ռուսաստանում վրացիներն ակտիվորեն մասնակցում են քրեական բիզնեսին։ Հաշվեհարդարների ժամանակ գործում են դաժանորեն, թեեւ նախընտրում են օգտագործել օտարներին։ Ի դեպ, այսօր Մոսկվայում ընդհատակյա կարգով բնակվում են վրացի տասնյակ «օրենքով գողեր»։ Վրացական ԿՀԽ-ն Մոսկվայում վերահսկում է Տիշինկայի շուկան։

Հայեր

Հայաստանում տիրող բարդ իրավիճակը, Ղարաբաղի պատերազմը հանգեցրին զանգվածային արտագաղթի։ Ռուսաստանում հայտնվեցին նաեւ զգալի թվով քրեական «հեղինակություններ»։ 1995 թ. հայկական ԿՀԽ-ի ներսում տեղի ունեցավ խոշոր հաշվեհարդար, սպանվեցին 5 լիդերներ, եւ ԿՀԽ-ի դիրքերն զգալիորեն թուլացան։ Հետագայում վիճակը բարելավվեց, «բրիգադների» անդամների թիվը հասավ 500-ի։ Հայկական ԿՀԽ-ն Մոսկվայում հարձակումներ է գործում ավտոմեքենաների վրա, զբաղվում թմրադեղերի առեւտրով, գողությամբ։

Ստացվող եկամտի մի մասը հատկացվում է համայնքի շահերը պաշտպանող քաղաքական գործիչների, ինչպես նաեւ դատարաններում, դատախազություններում, միլիցիայում «յուրայինների» վարձատրությանը։

ԿՀԽ-ն աչքի է ընկնում շարքային անդամների կազմակերպվածությամբ եւ գործողությունների քողարկման հմտություններով։ Հայկական ԿՀԽ-ն վերահսկում է հետեւյալ շուկաները. Կիտեր, Մարյինո, «Դինամո», Բիտցեւոյի առեւտրային համալիր, Համալսարանական շուկա։

Դաղստանցիներ

Դաղստանյան ԿՀԽ-ն հայրենակցական եւ տոհմային սկզբունքներով կազմված խմբերի միություն է։ Բոլոր խմբերն ունեն «հեղինակություններ», որոնք լավ ծանոթ են իրար։ Ներկայումս Մոսկվայում կա դաղստանյան երկու տասնյակ հանցախումբ։ Դաղստանցիները դրամ են շորթում Մոսկվայում առեւտուր անող իրենց հայրենակիցներից։ Ընդսմին, ադրբեջանական ԿՀԽ-ների հետ մրցակցում են մայրաքաղաքի շուկաներում վերահսկողություն հաստատելու նպատակով։ Բայց քանի որ ադրբեջանցիների դիրքերն ուժեղ են, դաղստանցիները փորձում են ամրապնդվել Մոսկվայի մարզում։ Մոսկվայում նրանք վերահսկում են Նովոյասենեւոյի կրպակաշարը։

Չեչեններ

Մոսկվայում նրանց հանցախմբերը հնագույններից են։ Ունեն մոտ 3 հազար գրոհայիններ, որոնք պատրաստություն են անցել Չեչնիայի ռազմական գործողությունների ժամանակ եւ հիանալի տիրապետում են զենքին։ Չեչենները մտադիր չեն հեռանալ Մոսկվայից։ Ավելին, նրանք սկսել են «հին պարտքերը» պահանջել անցյալում իրենց ենթարկված կառույցներից։

Չեչենական ԿՀԽ-ն երբեք չի ճանաչել «օրենքով գողերին»։ Ընդսմին, խմբավորումն աչքի է ընկնում կենտրոնացված ուժեղ կառավարմամբ։ Զգալի են տոհմական կապերը։ Եկամուտների մեծ մասն ուղարկվում է Չեչնիա, իսկ այնտեղից ամեն պահի կարող են «արագ արձագանքման խմբեր» մեկնել հաշվեհարդարների համար։ Հանցագործությունները հաճախ կատարում են հենց Մոսկվա հյուր եկած չեչենները։

Վերջին կես տարում օպերատիվ աշխատողները ձերբակալել են չեչենական ԿՀԽ-ի յոթ տասնյակ անդամների, այդ թվումՙ 5 «հեղինակությունների»։ Այսօր Մոսկվայում չեչենական ԿՀԽ-ի լիդերներ են համարվում Հուսեյն Սլեպոյը (Ահմադովը) եւ Ռուսլան (Մովլադի) Ադլանգերիեւը։ Չեչենները վերահսկում են մոտ 30 բանկ, նավթի եւ բնափայտի առեւտուր անում, «տանիք» ծառայում հյուրանոցների եւ խաղատների համար։ Նրանց ազդեցության տակ են նաեւ այն շուկաները, որտեղ ընդհատակյա վաճառվում են զենք եւ թմրադեղեր, ինչպես նաեւ լվացվում են կանխիկ փողեր։ Չեչենները Մոսկվայում վերահսկում են Պոկրովյան առեւտրային համալիրը, «Դինամո» շուկան, Լենինգրադյան շուկան։

Չինացիներ

Նրանց ԿՀԽ-ն Ռուսաստանում «ամենափակն» է։ Չինացիները գործում են բացառապես իրենց նեղ շրջանակում (ունեն իրենց բանկերը), իսկ հիմնական շահույթն արագորեն ուղարկում են հայրենիք։ ԿՀԽ-ն մի քանի խմբի է բաժանվում տարածքային սկզբունքով. կան պեկինյան, խարբինյան, շանհայական խմբեր։ Ամենադաժանը պեկինյան խումբն է, որը վերահսկում է Իզմայլովոյի եւ Չերկիզովոյի շուկաներում առեւտուր անող չինացիներին։

Չինական ԿՀԽ-ն աչքի է ընկնում խստագույն կարգապահությամբ, վերադասին ենթակաների անառարկելի հնազանդությամբ եւ փոխօգնությամբ։ «Բրիգադների» ձերբակալված անդամներն այնքան ահաբեկված են լինում վերադասների կողմից, որ կտրականապես հրաժարվում են ցուցմունքներ տալ։ Չինացիները Մոսկվայում վերահսկում են «Կրասնայա րեկա» շուկան։

Վիետնամցիներ

Իրավապահ մարմինների տվյալներով, Մոսկվայում ներկայումս ապրում է ավելի քան 10 հազար վիետնամցի, այդ թվում մեկ երրորդըՙ ընդհատակյա կարգով։ Վիետնամական ԿՀԽ-ի անդամները հիմնականում դրամ են շորթում հայրենակիցներից, վաճառում թանկարժեք մետաղներ, Ռուսաստանով վիետնամցիներին ապօրինաբար տեղափոխում Եվրոպա։ Վիետնամցիները վերահսկում են «Սալյուտ-5» շուկան։

Սլավոններ

Նման ԿՀԽ իրականում գոյություն չունի։ Մոսկվայի խոշորագույն շուկաները հիմնականում վերահսկում են էթնիկական հանցախմբերը։ Ինչ վերաբերում է ռուս ելուզակներին, նրանք ներկայացնում են Օրեխովոյի, Սոլնցեւոյի, Պոդոլսկի, Կոպտեւոյի եւ այլ բնակավայրերի հանցախմբերը, որոնք գործում են ոչ միայն սեփական տարածքներում, այլեւ փոքր շուկաներում։ Ռուսական հանցախմբերը վերահսկում են Համառուսաստանյան ցուցահանդեսային առաջին կենտրոնը, Լուժնիկին, Չերկիզովոն։ Վերջերս մոսկովյան մի շարք շուկաներ անցնում են «կրկնակի» վերահսկողության տակ։ Առկա է մի նոր միտում, երբ «բանջարեղենի մաֆիան» ուշադիր հետեւում է Մոսկվա եւ Ռուսաստան բերվող պարենամթերքի ամբողջ հոսքին։ Այստեղ գերիշխում են ադրբեջանցիները, որոնք սկսում են ճնշել դաղստանյան, վրացական, չեչենական եւ հայկական հանցախմբերին։ Դեռեւս զինված հաշվեհարդարներ չեն եղել, բայց դրանք մոտալուտ են։ Ադրբեջանցիների «բանջարեղենի մաֆիան» ունի ընդհանուր գանձարկղ, որը թույլ է տալիս տնտեսական իրավիճակին տիրել բանջարեղենի բազաներում եւ շուկաներում։ Մոսկվայի բանջարեղենի բազաներում աշխատող ադրբեջանցի վարձակալները պետությանը պարտք չունեն, կանոնավորապես վճարում են հարկերըՙ օգտագործելով վիթխարի եկամուտները։ Քրեական կառույցի հստակ կազմակերպումն ադրբեջանցիներին թույլ է տալիս ֆինանսական զգալի հաջողությունների հասնել Մոսկվայում։ Նրանց չեն հակազդում ոչ իրավապահ մարմինները, ոչ էլ Մոսկվայի կառավարական կառույցները, որոնք էլ հենց կանաչ ճանապարհ են տալիս մայրաքաղաքի մրգի ու բանջարեղենի կառույցների քրեականացմանը։

Բանջարեղենի բազաներում աշխատող 500-ից ավելի անձանցից 300-ն ադրբեջանցիներ են, 50-ըՙ չեչեններ, 53-ըՙ հայեր, 100-ըՙ ռուսներ եւ 5-ըՙ հրեաներ։

ԸՍՏ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4