Երեկ Կոմիտասի 15/12 հասցեում բացվեց վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում իր կայուն տեղը զբաղեցրած «Յունիբանկի» մասնաճյուղը։
Այս ընթացքում բանկը զգալի հաջողություններ է արձանագրել։ Նրա ակտիվներն այժմ անցնում են 9 մլրդ դրամից, որի մոտ 45 տոկոսը կամ 4 մլրդ դրամը վարկային ներդրումներն են կազմում։ Ինչպես տեղեկացանք գործադիր տնօրեն Վարդան Աթայանից, «Յունիբանկը» վարկեր է տրամադրում Հայաստանում կայացած եւ հաջողություններ արձանագրած ամենատարբեր ոլորտների ընկերություններին։ Ավանդատուների թիվն արդեն անցնում է 1800-ից։ «Յունիստրիմ» համակարգով օրական 400 փոխանցումներ են կատարվում։ Գործադիր տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերին, երբ լրանալու է բանկի երկամյա գործունեության տարեդարձը, հաճելի անակնկալ է մատուցվելու հաճախորդներին։ Ավանդատուների գումարների տոկոսներն ավելացվելու են լրացուցիչ 10 տոկոսով։
Երեկվա միջոցառմանը, ի թիվս ոլորտի այլ ներկայացուցիչների եւ հյուրերի, մասնակցում էր նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան ավելացել է 17 տոկսով, որը հիմնականում գալիս է Ռուսաստանից։ Ըստ ԿԲ նախագահի, «Յունիբանկն» այստեղ բավականին ակտիվ տեղ ունի, եւ նրա տեսակարար կշիռը փոխանցումների շուկայում աճել է։
Նոր մասնաճյուղի բացման եւ Հայաստանում «Յունիբանկի» քաղաքականության մասին մանրամասներ հաղորդելու խնդրանքով դիմեցինք բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին, որը նաեւ Ռուսաստանում գործող «Յունիաստրոմ» բանկի տնօրենների խորհրդի փոխնախագահն է։
¬ Մասնաճյուղի բացումը նպատակ ունի բարելավելու սպասարկումը եւ առավելագույն հարմարություններ ապահովել մեր հաճախորդների համար։ Գործող մասնաճյուղերը աշխատանքի ծավալների մեծանալու պատճառով չէին հասցնում կատարել դրանք։ Այս տարի եւս մեկ մասնաճյուղ կբացենք Երեւանում։ Մտածում ենք 2-3 մասնաճյուղեր էլ բացել մարզերում։ Այս ուղղությամբ առայժմ ուսումնասիրություններ ենք անցկացնում։
Մենք հասկանում ենք, բանկային բիզնեսն անբաժանելի է մասնաճյուղերի ցանցի զարգացումից։ Ռուսաստանում այս տարի 16 մասնաճյուղ ենք բացելՙ Նովոսիբիրսկից մինչեւ Կալինինգրադ, Սանկտ Պետերբուրգից մինչեւ Կրասնոդար, Ռոստով, Վոլգոգրադ։ Հայաստանում եւս նույն ռազմավարությունն ենք ընտրելու։ Դա հաջողություն կունենա, որովհետեւ ինչպես փորձն է ցույց տալիս, յուրաքանչյուր մասնաճյուղի բացման համար արված ներդրումները վերադառնում են կես տարի հետո։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ