«Հայաստանի մասնագետներն ապագայում կստեղծեն նոր տեխնոլոգիաներ եւ իրենց ընկերությունները» ասում է Երվանդ Զորյանը
Էլեկտրոնային սարքեր նախագծող ամերիկյան «Վիրաժ լոջիկ» ընկերության երեւանյան մասնաճյուղի գործունեության ընդլայնման մասին գրել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկումՙ ընկերության գնած եւ վերակառուցած նոր շենքի բացման արարողության առիթով («Ազգ», 12 հուլիսի, 2003)։ Ընկերության ձեռքբերումների, աշխատանքի կազմակերպման եւ այլ հարցերի մասին ավելի հանգամանալից տեղեկացանքՙ զրուցելով «Վիրաժ լոջիկի» փոխնախագահ եւ գլխավոր գիտնական Երվանդ Զորյանի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը։
¬ Մ. Նահանգներում հիմնված ձեր ընկերությունը կարճ ժամանակահատվածում հեղինակավոր դիրք նվաճեց միջազգային շուկայում։ Ո՞րն էր այդպիսի հաջողության հասնելու գրավականը։
¬ Հիրավի, «Վիրաժ լոջիկը» կարճ ժամանակի ընթացքում արագորեն աճեց եւ հիմնվելուց ընդամենը 4 տարի անցՙ 2000 թվականին, դարձավ բաց բաժնետիրական ընկերություն։ Աստիճանաբար ընդլայնվեց նաեւ մասնագետների թիվըՙ 3¬4 հոգանոց աշխատանքային խմբից դառնալով ավելի քան 300 հոգանոց ընկերություն։ Նախագծում է հիմնականում հիշողության սարքեր, որոնք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեն եւ օգտագործվում են գրեթե բոլոր էլեկտրոնային սարքերի մեջ, այդ թվումՙ ինտեգրալային սխեմաներում, որտեղ նախապես նախագծված հիշողության միջուկները ներդրված են սխեմայի մեջ։ Հենց դրանով էլ, ըստ էության, պայմանավորված էր մեր գործի հաջողության արագ ընթացքը։
Մեր արտադրանքի արժեքը եւ կարեւորությունը մտավոր սեփականության մեջ է։ Վերջին ժամանակաշրջանում, աստիճանաբար, մեր գործունեության ծիրն էլ ավելի ընդլայնեցինքՙ հիշողության սարքերի մտավոր սեփականությանն ավելացնելով հիշողության համակարգերի եւ հիշողությունները լրացնող տրամաբանական բջիջների գրադարանների մեջ եղած մտավոր սեփականությունը։ Անդրադառնալով հիշողության համակարգերին կուզենայի նշել, որ այստեղ հիմնական մտավոր սեփականությունը կապված է տեստավորման եւ վերանորոգման ինֆրակառուցվածքի հետ։ Վերջինս կապում է ինտեգրալային սխեմայի մեջ ներդրված հիշողության միջուկները եւ ապահովում դրանց տեստավորումն ու վերանորոգումը։
Կարծում եմ, որ էլեկտրոնային սարքեր նախագծող եւ արտադրող ընկերությունները լայնորեն կօգտագործեն նշված մտավոր սեփականությունը պարունակող մեր արտադրանքը։
¬ Ովքե՞ր են ձեր ընկերության հիմնական պատվիրատուները։
¬ Առաջին պատվիրատուներն էին ամերիկյան Այ¬Բի¬Էմ, Ինթել, Ագիր, եւ այլ ընկերություններ։ Այսօր դրանց շարքը համալրել են ճապոնական եւ եվրոպական հանրահայտ «Սոնին», «Տոշիբան», «Ֆիլիպսը», «Էս¬Թի մայքրոէլեկտրոնիքսը» եւ այլն։ Դրանց թիվը հասնում է մոտ 200¬ի։
Հիշողության համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը հետեւյալն է։ Բոլորս գիտենք, որ Էլեկտրոնային սարքերի արտադրության ժամանակ հաճախ առաջանում են փոքր թերություններ կամ փոշու հատիկներ են ներթափանցում, որոնք դառնում են արտադրանքի փչացման պատճառ։ Իսկ հիշողությունը բավականին խիտ կառուցվածք ունի, հետեւաբար, նաեւ մեծ է փչանալու հավանականությունը։ Հենց այդ նպատակով էլ հիշողությանը ավելացնում ենք տեստավորման եւ վերանորոգման ինֆրակառուցվածքը։
¬ Գիտական ի՞նչ ներդրում է ունեցել երեւանյան մասնաճյուղը։
¬ Հայաստանում մեր աշխատանքը սկսեցինք 1999 թվականից։ Մեր ընկերության նախագահ ու գործադիր տնօրեն Ադամ Կապլանյանը լավ գիտեր, որ խորհրդային տարիներից ի վեր բարձր տեխնոլոգիաների ոլորտն այստեղ բավականին զարգացած է եղել։ Մասնագետները միշտ էլ աչքի են ընկել բարձր պատրաստվածությամբ, խորը գիտելիքներից բացի ունենալով աշխատանքային մեծ փորձ համակարգիչների նախագծման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Տարբեր առիթներով շփվել էինք նրանց հետ, խորապես ճանաչել, հետեւաբար նրանց մտավոր ներուժը մեր գործում ներդնելու որոշումը բնավ պատահական չէր։ Այստեղի մասնագետներն աշխատում են 2 ուղղություններով. էլեկտրոնիկայի եւ էլեկտրոնային սարքերի տեստավորման մասնագետները նախագծում են հիշողության սարքերի տեստավորման եւ վերանորոգման միավորներ, իսկ ծրագրավորման մասնագետները մշակում են նախագծման ծրագրային համակարգի բաղադրիչները։
Տեստավորման տեխնոլոգիաների մասնագետներ գտնելու խնդիր չունեցանք, որովհետեւ «Նաիրի» եւ մյուս համակարգիչներն ունեին տեստավորման եւ վերանորոգման միջոցներ։ Մասնագետների հրավիրեցինք ԳԱ ակադեմիայից, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտից։ Նրանք լավագույններն են մեզ մոտ, աշխատասեր են ու կազմակերպված, հետեւաբար նրանց հետ էլ որոշեցինք աշխատել։ Բարեբախտաբար, նրանց մասնագիտական եւ մարդկային արժանիքների շնորհիվ դյուրին համագործակցություն հաստատվեց նաեւ դրսի մասնաճյուղերի հետ, որը մեզ համար անչափ կարեւոր է։ Միակ խանգարիչ հանգամանքը ժամերի տարբերությունն է, որը դժվարություն է ստեղծում առանձնապես հեռակոնֆերանսներ կազմակերպելիս։
Ալգորիթմիկ լուծումներ գտնող հրաշալի մասնագետների հետ մեկ տարի աշխատելուց հետո մեր արտադրանքը ներկայացրինք արտաքին շուկայում, ունեցանք առաջին հաճախորդներն ու շահեցինք միջազգային երկու մրցանակ։ Դա «Սթար մեմրի սիստեմն» էՙ հիշողության ինքնավերանորոգման խելացի համակարգ, որը մեր ընկերությունը նախագծել է Երեւանում։ Ի դեպ, համակարգը 2001 թվականին արժանացել է ամերիկյան «Էլեկտրոնիկ փրոդակտս մագազին» հեղինակավոր պարբերականի շնորհած «Տարվա լավագույն արտադրանք» մրցանակին։ Այսօր շուկայում ծանոթ ու յուրահատուկ ապրանք է, մրցակից չունի, եւ հենց դրանով էլ բարձր է գնահատվում։
Երեւանյան մասնաճյուղում նույնպես գործում է աշխատանքային պայմանների ամերիկյան ձեւըՙ հաղորդակցության ամուր կապի միջոցով։
Հիշեցնեմ, որ մեր գործունեությունը սկսելով Կալիֆոռնիայումՙ տարածվեց այլ քաղաքներում։ Մ. Նահանգներում ունենք 3 կենտրոնՙ Ֆրիմոնտում, Նյու Ջերսիում ու Սիեթլում, մասնաճյուղերՙ Հնդկաստանում, Հայաստանում, այժմ նաեւ Անգլիայում եւ Ճապոնիայում։
¬ Երեւանյան մասնաճյուղի աշխատաոճն ինչո՞վ է առանձնանում այստեղ գործող նմանատիպ ընկերություններից։
¬ Ամենից առաջ առանձնանում է նրանով, որ տեխնիկական լուծումները փորձում է գտնել ոչ թե դրսում, այլ մասնաճյուղի ներսում։ Այսինքն, եթե մյուսները նախագծման պահանջներն ու հիմնական լուծումները ստանում են դրսից, մեր գիտական ներուժի մակարդակը թույլ է տալիս ներսում իրականացնել հետազոտություններն ու նախագծումները։ Դրանով, մեր համոզմամբ, ավելի է ընդգծվում ու կարեւորվում մասնաճյուղի դերը։ Կարծում եմ, որ նման ձեւով պիտի աշխատեն նաեւ մյուս ընկերությունները եւ գիտական կենտրոնները։
Կկամենայի նաեւ նշել, որ մենք սկզբից եւեթ խուսափել ենք մեծ թվով աշխատողներ ընդունելուց, դա համարելով ոչ ճիշտ աշխատաոճ։ Նախընտրում ենք աշխատողների աստիճանաբար ավելացումը։ Մինչ օրս ունեինք մոտ 70 աշխատող, նոր շենք տեղափոխվելով կունենանք մոտ 200։ Այն փաստը, որ Հայաստանի մասնագետներն այսօր արտադրանք են ստեղծում միջազգային շուկայի համար, հույս է ներշնչում, որ ապագայում նրանք կստեղծեն նոր տեխնոլոգիաներ եւ իրենց սեփական ընկերությունները։
Ուրախալի է, որ միջին սերնդից զատ երիտասարդների մեջ էլ կան մտավոր բարձր կարողություններով օժտվածներ, որոնք արդեն ասպիրանտներ են, դոկտորներ։
¬ Կարծիք կա, թե բարձր տեխնոլոգիաների հայաստանցի մասնագետները նախընտրում են աշխատել Մ. Նահանգներում։
¬ Մեր ընկերության աշխատանքային փորձը ցույց տվեց, որ տեղի է ունենում հակառակ երեւույթը։ Այստեղից հեռացած մի քանի հայաստանցիներ վերադարձան ու այժմ աշխատում են մեզ հետ։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանում բարձր կենսամակարդակով ապրելուց բացի, ունեն բոլոր հնարավորությունները իրենց զավակներին հայկական ոգով մեծացնելու։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ