«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

Ավարտվեց Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի Վաշինգտոն կատարած այցը։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ նրա հանդիպմանը կբարձրացվի Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը։ Խոսքը տվյալ դեպքում հայ-թուրքական սահմանի բացումից խուսափելու պաշտոնական Անկարայի դիրքորոշման մասին էր, որն իբրեւ ԱՄՆ-ի շահագրգռություններն անտեսելու հերթական փորձ, պետք է որ հիասթափություն պատճառեր Վաշինգտոնին։ Հատկապես այն դեպքում, երբ ամերիկահայ կազմակերպությունները, ընդառաջելով սփյուռքի հետ երկխոսության թուրքական նախաձեռնությունը, հանդիպել էին Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության եւ հետազոտությունների բաժնի վարիչ Թեզջանին։ Այդ ընթացքում պաշտոնական Վաշինգտոնը թուրքական իշխանությունների պահանջով նպաստել էր Հայոց ցեղասպանության բանաձեւի ձախողմանը Սենատում։

Այլ կերպՙ Անկարան Վաշինգտոնին համարժեք արձագանք ցույց չէր տվել։ Հարկ է, սակայն, նշել, որ այդ նույն Անկարան անարձագանք է թողել նաեւ Թուրքիայի տարածքում ամերիկյան զորք տեղակայելու Վաշինգտոնի պահանջը, ինչը երկու դաշնակից երկրների միջեւ տարաձայնություններ է առաջ բերել։ Հակաիրաքյան պատերազմի ավարտին այդ տարաձայնությունները վերաճեցին հարաբերությունների լարվածության, երբ ամերիկացիները փորձեցին վերահսկողություն սահմանել Հյուսիսային Իրաքում տեղակայված թուրքական հատուկ զորամիավորումների վրա։

11 թուրք սպայի ձերբակալությունը վերահսկողության արտահայտությունն էր։ Ինչո՞ւ։ Այն պատճառով, որ Իրաքի հյուսիսում ամերիկացիները թուրքերի դժգոհություններն անտեսում եւ սերտորեն համագործակցում են քրդական կազմակերպությունների ու հատկապես PKK-ի իրավաժառանգորդ KADEK-ի հետ։ Այս համագործակցությամբ ավելորդ է դառնում Թուրքիայի ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում։ Իսկ դա իր հերթին պայմանավորում է այն, որ տարաձայնությունների հիմքում դրվեն ԱՄՆ-ի քրդական պետականության ծրագրերը։

Սա նշանակում է, որ եթե Գյուլին հաջողվեր հաղթահարել տարաձայնությունները, ապա դա ժամանակավոր բնույթ էր կրելու, որովհետեւ ծրագրերի իրագործման հետ դրանք վերստին սրվելու էին։ Ուրեմն թուրք-ամերիկյան տարաձայնությունների հաղթահարման արդյունավետ միջոցը դրանց առաջացման պատճառների վերացումն է, իսկ դա ենթադրում է շրջանառությունից դուրս բերել Հյուսիսային Իրաքում քրդական պետականության հետ կապված ծրագրերը, որոնց իրագործումը, բացի Թուրքիայից, որպես ազգային շահերի սպառնալիք դիտում են նաեւ Սիրիան ու Իրանը։ Հակառակ նրանցՙ Իսրայելը սկսում է քրդերի ազատությունների եւ քրդական անկախ պետականության մասին հայտարարություններ անել։

Որքան էլ Անկարայում ահազանգեն, դեռեւս վաղ է թուրք-ամերիկյան ռազմավարական դաշինքի փլուզման մասին խոսելը։ Բայց եւ այնպես, Իրաքի հյուսիսում քրդական պետականության ծրագրերի իրագործման, ինչպես նաեւ թուրքական զորքերի գործունեության վերահսկման փաստերի առկայությամբ, միանգամայն պարզորոշ կարելի է ասել, որ Մերձավոր եւ Միջին Արեւելքում Թուրքիայի շահերն այլեւս չեն համընկնում ԱՄՆ-ի շահերին, եւ վերջիններս սկսել են տարբեր մոտեցումներ ցույց տալ տարածաշրջանային խնդիրներին։ Նույնը պետք է ասել նաեւ Իսրայելի պարագայում։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ամեն մի տեղաշարժ, անկախ բնույթից, անմիջականորեն անդրադառնում է Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Եթե նույնիսկ թուրք-ամերիկյան տարաձայնությունները հաղթահարվեն, միեւնույն է, տարածաշրջանում ԱՄՆ-ի ձեռնարկած կառուցվածքային փոփոխությունները, որոնց կատարման դեպքում միանշանակ չեզոքանում են Իսրայելի հակառակորդները, անիմաստ են դարձնելու թուրք-իսրայելական առանցքի գոյությունը։ Չի բացառվում, որ զուգընթաց դրան խորանան հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի մոտեցումներում առկա տարբերությունները։ Դա հատկապես նկատելի կդառնա, երբ այդ հարաբերությունների կարգավորման ամերիկյան շահագրգռությունները տարածաշրջանի վերակառուցման անհրաժեշտություն դառնա։ Այս պարագայում Անկարան շահագրգռություններն անտեսելու հնարավորություն չի ստանա։ Թերեւս դրանով էլ ամերիկահայ կազմակերպությունները կձերբազատվեն թուրքական քաղաքական նախաձեռնություններին ընդառաջելու տհաճ պարտականությունից։

Ըստ երեւույթին, Փաուել-Գյուլ հանդիպմանը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը տեսադաշտից դուրս է մնացել, որ թուրքական աղբյուրները որեւէ տեղեկություն չեն հաղորդում։ Այս հանգամանքը վկայում է հանդիպման լարված բնույթի մասին։ Համենայն դեպս, Անկարայում դժգոհում են, որ Վաշինգտոնը տարածաշրջանում անտեսում է Թուրքիայի շահերը, իսկ ամերիկացիները չեն կարողանում մարսել հակաիրաքյան պատերազմի նախօրյակին թուրքերի պատճառած հիասթափությունը։ Այլ կերպՙ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը զարգացման միտումներ է ցուցաբերում, ինչը ենթադրում է, որ հայկական իշխանություններն էլ շուտով կձերբազատվեն Թուրքիայի հարաբերությունների առնչությամբ իրենց վրա գործադրվող ամերիկյան ճնշումներից։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4