«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


Omaggio a Berio

Լուչանո Բերիոյի հիշատակին

Ականավոր կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի (1925-2003) մահվան լուրը ցավով արձագանքվեց Հայաստանի երաժիշտների սրտերում։ Իտալական արդի երաժշտության լիդեր, ավանգարդի ճանաչված դասական Լուչանո Բերիոն մտնում էր 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորների կոհորտայի մեջ։ Նրա վախճանը, ինչպես 2001 թ. Յանիս Քսենակիսինը, մեծ կորուստ է ամբողջ երաժշտական աշխարհի համար։

Բերիոն պատկանում էր նրանց թվին, ովքեր ներգործում էին գեղարվեստական գիտակցության փոփոխման վրա, սահմանում երաժշտական մտածողության նորմեր, փորձարարություն անում եւ ստեղծում երաժշտական նոր արտահայտչականություն։ Նրա ստեղծագործության մասշտաբում տեղավորվում էին Մոնտեվերդիի եւ Պուչինիի օպերային ավանդույթները, աբսուրդի ավանգարդային թատրոնը եւ ֆելլինիական տիպի սյուրնատուրալիզմը, իտալական ժողովրդական մեղեդիները եւ էլեկտրաակուստիկ հնչյունային փորձերը։ Ազգային խոշորագույն նախակարապետներիՙ Գորֆրեդո Պետրասիի, Լուիջի Դալլապիկոլայի, Լուիջի Նոնոյի նման, Լուչանո Բերիոն չէր ժխտում դոդեկաֆոնիայի տեխնիկան, հետագայում մշակելով երաժշտական տեքստի ինքնուրույն ֆոնետիկ կազմակերպում։ 60-70-ական թթ. նա Եվրոպայում հայտնի էր նաեւ որպես արեւմտյան եւ արեւելյան (չինական) թատրոնի տարրերը միավորող բեմադրիչ, ինչն ազդեց նրա երաժշտական-թատերական հայացքների վրա. նրա «Օպերան» (1970 թ.) դրամատիկ կառուցվածքի տեսակետից հակասում է օպերայի ժանրին, իսկ հսկայական թվով վոկալ-բեմական ստեղծագործությունները տպավորում են հայեցակարգերի ու ձեւերի յուրօրինակ բազմազանությամբ։

Բերիոյի մեծությունը նաեւ այն է, որ նա իր գեղարվեստական աշխարհի մեջ ներառել է 20-րդ դարի փիլիսոփայական գրականությունը. Ջ. Ջոյս, Ա. Մաչադո, Մ. Պրուստ, Թ. Էլիստ, Է. Փաունդ, Պ. Ցելան, Պ. Ներուդա, Է. Կամինգս։ Անշուշտ, նրա համար թանկ է նաեւ Իտալիայի գրական ժառանգությունըՙ անտիկ Վերգիլիոսից մինչեւ Դանտե եւ Պետրարկա, իսկ ժամանակակիցներիցՙ նեոռեալիստ Ի. Կալվինո (նրա լիբրետտոներով գրված են «Ճշմարիտ պատմություն» եւ «Արքան լսում է» օպերաները) եւ էքսպրեսիոնիստներ Ռ. Ալբերտի եւ Է. Սանգինետտի։

Բերիոյի երաժշտության մեջ թատերական ու գրական մշտական «ներկայությունը» դառնում էր նրա նորարարական գաղափարների յուրօրինակ խթանիչը։ Բոլոր ժանրերում կոմպոզիտորը, ապշեցնելով վիթխարի ստեղծարար եռանդով եւ կոնստրուկտիվ ճկուն երեւակայությամբ, ապացուցում էր համակողմանի պրոֆեսիոնալիզմի հնարավորությունը որպես ստեղծագործական առաջընթացի գրավական։

Լուչանո Բերիոյի անձը, Իտալիայում, ԱՄՆ-ում, ամբողջ աշխարհում որպես կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, տեսաբան, կազմակերպիչ, նրա հագեցած գործունեությունը փառք բերեցին իտալական արդի երաժշտությանը։ 20-րդ դարի երկրորդ կեսի նույնիսկ ամենանշանավոր ստեղծագործողների շարքում (նրանց թվում են Բերիոյի վաղամեռիկ ավագ ընկեր Բրունո Մադերնան եւ կրտսեր հայրենակից Սիլվանո Բուսոտին) Բերիոն մնում էր ազգային կոմպոզիտորական դպրոցի առաջատարը եւ, ըստ էության, 20-րդ դարում աշխարհին այդ օրհնյալ երկրի տված ամենամեծ արվեստագետը։

Բերիոյի անունը ծանոթ եւ թանկ է նաեւ հայերիս համար, քանի որ կապված է երգչուհի Քեթի Բերբերյանի (1928-1983)ՙ կոմպոզիտորի առաջին կնոջ հետ։ Մարտին լրացավ նրա մահվան 20 տարին, բայց Բերբերյանի կերպարը չի խամրում, իսկ Բերիոյի հոգնածությունը բռնկման պես լուսավորեց «Ավանգարդի Կալլասի» կյանքը, ինչպես անվանում էին մեր մեծ հայրենակցուհուն։ Ինձ բախտ է վիճակվել նրան ունկնդրել փառատոներում, շփվել, նամակագրություն հաստատել, ստանալ նոտաներ եւ ձայնապնակներ, վերջապես երեւանցիներին ծանոթացնել արդի վոկալ արվեստին նվիրված նրա տեսական հոդվածներին (հրապարակվել են «Գարուն» ամսագրում)։ Երկրորդ հոդվածում («Նոր վոկալայնությունն արդի երաժշտական ստեղծագործության մեջ») Բերբերյանը շատ է գրում Բերիոյի ստեղծագործությունների վրա կատարած աշխատանքի մասին։

Հարցազրույցներից մեկում Քեթի Բերբերյանը խոստովանել է. «Կյանքիս գագաթնային փուլերի թվին եմ դասում իմ հանդիպումներից երեքըՙ Լուչանո Բերիոյի, Իգոր Ստրավինսկու եւ բեմադրիչ Պիտեր Բրուկի հետ»։ Լուչանոյի հետ առաջին իսկ հանդիպումը կանխորոշեց նրա ճակատագիրը։

Հայ տարագիրների դուստր, Աթլբորո քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) 20-ամյա բնակչուհի Քեթին վոկալ վարպետությունը բարձրացնելու նպատակով մեկնում է Միլան։ Ցուցադրական համերգին նախապատրաստվելիս ծանոթ հայերից մեկի խորհրդով եւ երջանիկ պատահականությամբ նրա դաշնակահարը Միլանի կոնսերվատորիայի ուսանող Լուչանոն էր։ Արդեն 1950 թ. նրանք ամուսնացան եւ համատեղ ապրեցին մինչեւ 1964 թ.։ Հետագայում Քեթին կասի. «Բերիոն ինձ կերտեց որպես երաժիշտ եւ որպես պրոֆեսիոնալ երգչուհի»։ Նրա խորհրդով Միլանի կոնսերվատորիայում Քեթին ուսանեց Ջորջանա դել Վիգոյի մոտ, բայց գեղագիտական կողմնորոշման համար պարտական էր ամուսնուն։ 1951 թ. նրա հետ հանդես գալով Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում (Ալիսայի դերերգը), որտեղ ամուսինը դիրիժոր էր եւ բեմադրիչ, Քեթին հասկացավ, որ իր ուղին ռոմանտիկ երաժշտությունից դուրս է։ 1952 թ. նա առաջին անգամ երգում է ձայնի եւ 4 փողայինների համար Բերիոյի գրած «Opus N ZOO» ստեղծագործությունը, իսկ 1953-ինՙ մեծ ժողովրդականություն ունեցած «Կամերային երաժշտությունը» ձայնի եւ գործիքային եռյակի համար (ի դեպ, այդ տարվա ամռանը ծնվեց նրանց դուստր Քրիստինան)։

Սկսած 1955 թվականից, երբ Բերիոն Բ. Մադերնայի հետ բացում է S udio di Fonologia Musicaleնՙ Իտալիայում էլեկտրոնային երաժշտության առաջին ստուդիան, սկսվում է ամուսինների ստեղծագործական համագործակցության արգասավոր ժամանակահատվածը։ Քեթին մասնակցել է նույնիսկ էլեկտրոնային ստեղծագործություններից մեկինՙ «Omaggio a Joyce»-ին։ Արագորեն հաղորդակցվելով իր բազմակողմանի խառնվածքին հոգեհարազատ նոր երաժշտությանըՙ Քեթին հասնում է վարպետության բարձունքներին եւ միջազգային լայն ճանաչման։ Առաջատար կոմպոզիտորները, այդ թվում Ստրավինսկին, Քեյջը, Հաուբենշտոկ-Ռամադին, Պուսյորը, Բուսատին եւ ուրիշներ, ստեղծագործություններ են ձոնում նրան։

Բնականաբար, Բերբերյանի համար մշտապես գրում է Լուչանո Բերիոն, դա շարունակելով նույնիսկ 1968 թ. պաշտոնապես ամուսնալուծվելուց հետո։ Բերիոն այդ ժամանակ ամուսնացավ ամերիկուհի Սյուզանի հետ, իսկ տարիներ անց (3-րդ անգամ) կյանքը կապեց իսրայելցի Թալիայի հետ։

Վերոհիշյալ գործերից բացի, ահա Բերիոյի այն ստեղծագործությունները, որոնցում երգել է Քեթի Բերբերյանը. «Allez-hop», «Շրջանակներ», «Epifanie», «Դեմք», «Esposizione», «Laborin us II», «Sequenza-III», «Ժողովրդական երգեր» (այստեղ օգտագործվում է «Լուսին ելավ» հայկական քաղաքային երգը), «Շրջապտույտներ Ձայնի հետ», «Reci al I for Ca hy», «Անդորր», «Երեւակայական օրագիր»։ Նախկին ամուսինները հերթական ձայնագրումների ժամանակ շարունակում էին ակտիվորեն շփվել մինչեւ 1988 թ. Հռոմում Քեթի Բերբերյանի մահը։ 1984 թ. կոմպոզիտորը կամերային նվագախմբի համար գրում է «Ռեքվիեմ», որի մասերից մեկըՙ Frammen o--ն ունի ընծայագիրՙ In memoriam Ca hy.

Մեծ արվեստագետների վախճանն արվեստում մշտապես ընկալվում է որպես աղետ։ Նրանց բացակայությունն անհնար է լրացնել։ Բայց երբ մեղմանում է հուզական ցնցումը, ուրվագծվում է ստեղծագործողի գործերի ամբողջական նկարագիրը, որը ըմբռնելի է ժամանակի ընթացքում եւ պահպանվում է հավիտենական լույսով։ Ամեն։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4