«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ՍԿՍՎԵՑԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության արվեստի բուհերում այսօր սկսվեցին ընդունելության քննությունները։ Ինչպես տեղեկացրին հանրապետական ընդունող հանձնաժողովում, արվեստի բուհեր են դիմել 1350 դիմորդ, որոնցից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՙ 278, Գեղարվեստի պետական ինստիտուտՙ 143, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտՙ 206։ Իսկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ են դիմել 723 պատանիներ ու աղջիկներ։ Ի դեպ, վերջին երեք տարիներին նկատելիորեն ավելանում են այդ բուհի դիմորդների թիվը։

Ընդունելության կանոնակարգի համաձայն, արվեստի բուհերը ընդունելության քննությունները կազմակերպում եւ անցկացնում են ինքնուրույն։

Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) առարկայական քննական հանձնաժողովների պատասխանատու քարտուղար Ասյա Ղազարյանի խոսքերով, առաջին օրը կոնսերվատորիայում անկցացվել է 5 քննությունՙ դաշնամուր, լարային գործիքներ, ժող. նվագարաններ եւ ժողովրդական երգեր, վոկալ արվեստ, երաժշտագիտություն։ Քննությունների առաջին օրն անցել է նորմալՙ առանց արտառոց դեպքերի։ Այս տարի դիմորդները պայքարելու են 73 անվճար եւ 112 վճարովի տեղերի համար։ Արդեն 8 միջազգային մրցանակների դափնեկիր դիմորդ առանց քննություններ հանձնելու ընդունվել է բուհ. 4 ջութակահար, 2 դաշնակահար, 1 թավջութակահար եւ 1 կիթառահար։

Սակայն տարեցտարի նվազում է դիմորդների հոսքը թառ, թավջութակ, հոբոյ, ֆոգոտ մասնագիտությունների գծով, թեեւ դրանց կարիքը նվագախմբերում շատ է։ Այս տարի ավելացել է երգիչների թիվը, հատկապես շատ են արական ձայների մրցույթի մասնակիցներըՙ 33 դիմորդ 15 տեղի համար։ Ըստ Ա. Ղազարյանի, ուսանողների թվի նվազման պատճառ է նաեւ բարձր վարձավճարը, քանզի ոչ բոլորն են ի վիճակի վճարել։

Երեւանում են իրենց ընդունելության քննությունները հանձնում նաեւ ԵՊԿ-ի Գյումրիի մասնաճյուղի 23 դիմորդները։

Հավելենք, որ կոնսերվատորիայում քննությունները կավարտվեն օգոստոսի 7-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4