«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


Ե՛Վ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԾԱԽՍԵՐ, Ե՛Ւ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Ըստ հարկային պետական ծառայության մեզ ուղարկած պատասխանի

Մամուլում հրապարակված 1 մլն դրամից ավելի հարկային վնաս հայտարարագրած ձեռնարկությունների ցանկի առնչությամբ մեր տեսակետն արտահայտել ենք։ Մեր համոզմամբ, առկա է ուռճացված վնասների հայտարարագրման երեւույթ, որի նպատակն է շահութահարկի վճարումից խուսափելը։ Շարունակում ենք նաեւ այն տեսակետն արտահայտել, որ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն է այստեղ զգացվում, քանի որ նախորդ տարվա համեմատ (մոտ 92 մլրդ դրամ) 2002 թ. հարկային վնասներն էապես ավելացել ենՙ կազմելով գրեթե 200 մլրդ դրամ։ Հարկային պետական ծառայության կողմից մեր ուղարկած հարցերի պատասխանները թերեւս լրացուցիչ անգամ հաստատում են վերոնշյալ տեսակետների առարկայական լինելը։

- Որքա՞ն է կազմում ընդհանուր վնասի մեջ առավել խոշորների տեսակարար կշիռը։

¬ 2002 թ. տարեկան արդյունքներով 1,0 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս են հայտարարել 801 կազմակերպություններ, որոնցից 166 կազմակերպության հարկային վնասը գերազանցել է 50,0 մլն դրամը, իսկ 94 կազմակերպությանըՙ 100,0 մլն դրամը։

¬ Որո՞նք են արդեն խրոնիկական դարձած հին վնասները։

¬ «Շահութահարկի մասին» 1998 թ. խմբագրությամբ ՀՀ օրենքը սահմանել էր հարկային վնասի հաջորդ տարիների փոխանցման նորմՙ առանց որեւէ ժամկետային սահմանափակման։ 2001 թ.-ից սկսած 5 տարվա ժամկետային սահմանափակում է սահմանվել հարկային վնաս հայտարարած կազմակերպությունների (բացառությամբՙ բանկերի) համար (այսինքնՙ հարկային վնասները կարող են փոխանցվել հաջորդ 5 տարիներ), իսկ 2003 թ.-ից սկսած այդ սահմանափակումը տարածվել է նաեւ բանկերի վրա։

Այս առումով 2001 թ. տարեկան արդյունքներով հայտարարված վնասը, որը նաեւ փոխանցվել է 2002 թ. (այսինքնՙ հաշվի է առնվել կազմակերպությունների 2002 թ. շահութահարկի հաշվարկում), կարելի է համարել «խրոնիկական»։ Հրապարակված ցանկում ընդգրկված են այդպիսի կազմակերպություններ, որոնց «հին» հարկային վնասները հիմնականում պայմանավորված են ներդրումներով։

Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա այդպիսի կազմակերպությունների ցանկի կազմումը կապված է մեծածավալ աշխատանքի (սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրություն, ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համեմատություն, կատարված ներդրումների գնահատում) հետ։ Հարցին որոշակի պատկերացում կտա հետեւյալ համեմատությունըՙ 2001 թ. տարեկան արդյունքներով 1.0 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս ունեցող կազմակերպություններն ընդհանուր առմամբ հայտարարել էին մոտ 91.6 մլրդ դրամ, որը փոխանցվել է 2002թ.։

- Տնտեսությունն աճ է արձանագրել, բայց հարկային վնասները մեծ գումարներ են կազմում։ Ինչո՞վ են տարբերվում հարկային վնասը եւ ֆինանսական վնասը։

¬ Հարկային վնասների մեծությունն ուղղակի կապված չէ տնտեսության աճի հետ։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս կատարել լրացուցիչ նվազեցումներ, որոնք առնչություն չունեն հաշվապահական (ֆինանսական) հաշվառման հետ։ Մասնավորապես դա վերաբերում է հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներին, որոնք կարող են կատարվել ավելի կարճ ժամկետում, քան դրանց փաստացի օգտագործման ժամկետն է, ինչպես նաեւ նախորդ տարիներից փոխանցված հարկային վնասներին։

Միաժամանակ, հայտարարված հարկային վնասները, ըստ առանձին կազմակերպությունների, ուսումնասիրության կարիք ունեն, եւ այն կազմակերպությունները, որոնք չեն ներկայացրել արժանահավատ տվյալներ, տուգանվելու ենՙ սահմանված կարգով հաշվարկված հարկային վնասից ավելի հայտարարածի նկատմամբ 20 տոկոս տուգանքի չափով։

- Ինչո՞վ է պայմանավորված խոշոր եւ հաջողությամբ զարգացող ընկերությունների մեջ մտնող ձեռնարկությունների հայտարարագրած վնասները։

¬ Քանի որ հարցը կոնկրետացված չէ ըստ վնաս հայտարարած կոնկրետ կազմակերպությունների, ապա պատասխանն էլ կլինի ընդհանուր։

Հարկային վնասների առաջացումը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ պատճառներով (փաստացի կատարված ներդրումներ, պարտադրված հաստատուն (պահպանման) ծախսեր, վարկերի եւ այլ շրջանառու միջոցների ներգրավում), այնպես էլ առանձին կազմակերպությունների կողմից իրական շրջանառությունների թաքցման ու ծախսերի գերհայտարարագրման հետ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4