«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ԱՄԵՐԻԿՅԱՆ AES-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ

Նրան փոխարինելու է գալիս ռուսական PAO EEC-ը. Թբիլիսին եւ «Գազպրոմը» կնքում են պայմանագիր 25 տարի ժամկետով

Ավանդական ռադիոհարցազրույցում երեկ Էդ. Շեւարդնաձեն փաստորեն հաստատեց Վրաստանում վերջին շրջանում տարածված խոսակցությունները, որ Թբիլիսիի բաշխիչ ցանցերի 75 տոկոսի բաժնետեր ամերիկյան AES-«Թելասի» ընկերությունը հեռանում է Վրաստանից։

AES-«Թելասիի» շահերը պաշտպանող Իրակլի Մելաշվիլին մի քանի անգամ կրկնել է, որ «Վրաստանի կառավարությունն արեց հնարավորը, որպեսզի ամերիկյան ընկերությունը դադարեցնի իր գործունեությունն այս երկրում»։

Էդ. Շեւարդնաձեն ռադիոհարցազրույցում քննադատեց ամերիկյան ընկերությանը, նկատելով, որ AES-«Թելասին» հաջորդ ներդնողին թողնում է «ծանր ժառանգություն»։

Ռուսական PAO EEC ընկերությունը պատրաստվում է AES-«Թելասից» գնել բաժնետոմսերի 75 տոկոսը։

«Ինչքանով ես եմ տեղեկացված, ռուսական եւ ամերիկյան ընկերությունների բանակցությունները վերջին փուլում են։ Չի բացառվում, որ PAO EEC-ի տնօրենների խորհրդի նախագահ Անատոլի Չուբայսը մոտ ժամանակներս այցելի Թբիլիսի», ասաց Էդ. Շեւարդնաձեն։

Վրաստանի նախագահը ռադիոհարցազրույցում նշեց, որ եթե ռուսական ընկերությունը ժամանակին չգա Վրաստան, ապա երկիրը կմնա առանց էլեկտրականության։ Շեւարդնաձեն նաեւ հույս հայտնեց, որ ռուսական ընկերությունը կկարգավորի ոչ միայն Թբիլիսիի, այլեւ ամբողջ Վրաստանի էներգետիկ խնդիրները։

Թբիլիսին մեկ այլ ուշադրության արժանի պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, այն էլ 25 տարի ժամկետով։ Ըստ այդ պայմանագրի, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիսին նախագահ Շեւարդնաձեի եւ «Գազպրոմի» ղեկավար Միլլերի միջեւ Թբիլիսիում, ռուսական ընկերությունը «երկնագույն» վառելիքով կապահովի Վրաստանը, կվերանորոգի գազատարները, ինչպես նաեւ Վրաստանի տարածքով գազը կարտահանի երրորդ երկրներ։

Վրացական ընդդիմությունը վերոնշյալ երկու գործարքները որակում է Ռուսաստանի քաղաքական-տնտեսական էքսպանսիա Վրաստանում։

ԱՄՆ-ը, որից Վրաստանի կախումը գրեթե վասալական է, խիստ դժգոհությամբ է ընդունել «Գազպրոմի» հետ կնքած Թբիլիսիի պայմանագիրը։ Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը հայտարարել է, որ այդ պայմանագրով կասկածի տակ է դրվում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարությունը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4