«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ՀՈՐԴՈՐՆԵՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ

Լույս է տեսել Սուրբ Իգնատիոս Աստուածազգեացի «Թղթերը», որի տպագրությանը մասնակցություն է բերել նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանը։

Գրքի նախաբանում տեղեկություններ է տրված մարդկության նոր թվագրության սկզբի, մ. թ. I-II դարերի Անտիոքի եկեղեցու Երկրորդ եպիսկոպոսի, Սուրբ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի աշակերտի եւ Սուրբ Պողիկարպոսիՙ Զմյուռնիայի եպիսկոպոսի աշակերտակցիՙ Սուրբ Իգնատիոսի մասին։

Քրիստոնեության տարածման վաղ շրջանում սուրբ հավատքի նվիրյալներն ու քարոզիչները ենթարկվում էին ամենադաժան կտտանքների։ Սուրբ Իգնատիոսը Անտիոքում ձերբակալվում է դատապարտվում մահվան, եւ ապա հռոմեացի զինվորների ուղեկցությամբ տարվում Հռոմ, այստեղ «Կոլիզեում» ամֆիթատրոնում նրան նետում են առյուծների առաջ։

Հռոմի ճանապարհինՙ տարբեր քաղաքներում, նախ Զմյուռնիայում, ապա Տրովադայում դադար առնելու պահին սուրբը հանդիպում է քրիստոնյա հավատացյալներին, որոնք ցնծությամբ են դիմավորում նրան։ Այստեղ Սուրբ Իգնատիոսն իր հովվական առաքելությունը շարունակում էՙ նամակ-ուղերձներ հղելով քրիստոնյա համայնքներինՙ զորացնելու նրանց հավատքը։ Հունարենով գրված մեկ տասնյակից ավելի թղթերը Սբ. Իգնատիոսը գրել է Հռոմի ճանապարհին, որոնցից այսօր վավերական համարվող 7-ը սկզբնօրինակները չեն, այլ դրանց խմբագրված տարբերակներն են։ Հայերեն թարգմանվել են V դարում, ասորերենից։

Սուրբ նահատակի, հավատավոր ու նվիրյալ քրիստոնյայի այս թղթերը գրված են Աստծո մեծ սիրո ներշնչումովՙ հնազանդության եւ խոնարհության, միասնաբար ու միակամ լինելու հորդորով։ Խաչի միջոցով դեպի վեր բարձրացող հավատացյալ հոտին նա հոգեւոր տաճարի վեմ է համարում, Աստծո համար նահատակվելըՙ երանություն։ Հոժարակամ ու գիտակցորեն կրելով իր խաչը, Սուրբ Իգնատիոսը տառապանքի շղթաներն ընդունում է իբրեւ հոգու մարգարիտներ, քանզի դրանցով նրան հնարավորություն է տրվելու հառնել մեռյալների միջից...

Իր հորդորը հավատացյալ հոտինՙ հնազանդություն է եկեղեցուն, եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին, խորհուրդըՙ հաղորդակցության խորհրդին հաճախակի մասնակցությունը եւ աղոթքը նաեւ այլոց ապաշխարության համար։ «Քանզի ձեր միաբանութիւնից ու հաւատքից տկարանում է սատանայի զօրութիւնը եւ եղծւում նրա յիշատակը»։ Զգուշացնում է չմոլորվել օտար ուսմունքներից, հին ու նոր հերձվածներից եւ քրիստոնեապես սովորել Հոգին. «Որտեղ ուղղափառ հովիւ կայ, նրան հետեւէք, ինչպէս սուրբ խաչին»։

Սուրբ Իգնատիոսի խոսքերը կարեւոր ճշմարտություններ են պարունակում հոգեւոր սկզբունքներով ապրող յուրաքանչյուր քրիստոնյայի համար. «Տիրոջ կողմից մոռացուած ոչինչ չկայ, նաեւ մեր ծածուկ բաներն են նրան յայտնի։ Ամէն ինչ գործենք այնպէս, ասես Նա մեր մէջ է բնակուած, որպէսզի Նրա տաճարը լինենք, իսկ Նաՙ մեր Աստուածը, եթէ արդարութեամբ սիրենք Նրան»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4