«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ՔԱՅՔԱՅԻՉ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՙ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

«Ես բազմիցս դիմել եմ իրավապահ մարմիններինՙ ընտանիքիս անդամներին ՆԳ նախկին աշխատակից Սոնա Ֆահրադյանի հոգեբանական ճնշումներից եւ դրամական շորթումներից զերծ պահելու խնդրանքով։ Գործի դնելով նյարդաբան-հոգեբանի մասնագիտական կարողությունները եւ օգտագործելով արգելված հիպնոս, նա «ստիպում» է մարդկանց ամուսնալուծվել, վաճառել տունը, ունեցվածքը։ Այդ կնոջ հանցավոր արարքներից տուժել են իմ դուստրը եւ մեր ամբողջ ընտանիքը...»։

«Քույրսՙ Գայանե Սարգսյանը քայքայիչ պաշտամունքի անդամ է, ուր բոլորը խոնարհվում են այսպես կոչված «տիրամորը»ՙ Սոնա Ֆահրադյանին։ Նա, օգտագործելով դասական եւ էրիքսոնական հիպնոսը, ոչնչացնում է նրանց «ես»-ը, կարողանում է անել այնպես, որ վերջիններս վաճառեն իրենց բնակարանները, տնօրինում է վաճառքից ստացված գումարը...»։

Վերը շարադրվածը փոքր հատվածներ էին նամակներից, որ ստացել է խմբագրությունը։ Հեղինակները դրանք ուղարկել են նաեւ տարբեր դատական ատյաններ, ՀՀ ոստիկանություն, ազգային անվտանգության կառույցներ, դատախազություն, որոնք կարող են եւ պարտավոր են աջակցել խնդրի լուծմանը։

«Ազգին» ուղարկված նամակների հեղինակները միակը չեն, որ տուժել են Սոնա Ֆահրադյանի գործունեությունից։ Նման ուրիշ ընտանիքներ էլ կան, ովքեր Սոնա Ֆահրադյանին հանդիպել են ընտանեկան ծանր իրավիճակում, երբ առանց այն էլ խարխուլ հիմքերը քանդելն ավելի հեշտ է դառնում։ Նպատակը շատ պարզ է, իրադարձությունների զարգացումը տանել մինչեւ ամուսնալուծություն եւ բնակարանը կիսելու նպատակով դրա վաճառքը։

Նամակների հեղինակները գրում են, որ բազմիցս նպատակ են ունեցել պատասխանատվության ենթարկել այդ կնոջը, սակայն լուրջ դիմադրության են հանդիպել հենց իրավապահների կողմից։ Պարզվում է, քայքայիչ պաշտամունքի խմբի մեջ կան (կամ հովանավորում են) նաեւ իրավապահ մարմինների նախկին եւ ներկայիս մի շարք աշխատակիցներ։ Նամակագիրները թվարկում են Գագիկ Ֆահրադյանի, Հասմիկ Աթաբեկյանի, Մելիք Սողոմոնյանի անունները։

Այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկու գործ է քննում, որոնք անմիջականորեն կապված են քայքայիչ պաշտամունքի եւ Սոնա Ֆահրադյանի հետ։

Նանա Դովլաթյանը քայքայիչ պաշտամունքի խմբում է եւ ապահարզանի հայցով դիմել է դատարան։ Նշան Գրիգորյանը դատարանին խնդրում է իրեն ճանաչել 8-ամյա դստեր խնամակալը, քանի որ, ասում է նա, նախկին կինըՙ Գայանե Սարգսյանը, Սոնա Ֆահրադյանի ազդեցության տակ է։ Այս գործերի քննությունը դեռ չի ավարտվել։ Սակայն այս իրավիճակի գլխավոր դերակատարի նկատմամբ որեւէ քննություն դեռեւս չի կատարվում։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4