«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2003-07-26 | #143, 2003-07-29 | #144, 2003-07-30


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նրա հոգատարությունը սահման չունի

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի Վաշինգտոն կատարած այցի նախօրյակին «Ազգը», հենվելով թուրքական հանրային հեռուստատեսության վրա, տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ հանդիպմանը կարծարծվի հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Թվում էր, թե նույն աղբյուրն այցը լուսաբանելիս կապահովի նախորդ տեղեկության շարունակականությունը եւ գոնե կնշի, թե Փաուել-Գյուլ հանդիպմանը Հայաստանի հարցն արծարծվե՞լ է, թե՞ ոչ։

Քանի որ դա չարվեց, ուստի մենք ենթադրեցինք, որ Գյուլի հանդիպումներում ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը շրջանցել է։ Հակառակ ենթադրություններինՙ այդ հարցն, այնուամենայնիվ, արծարծվեց։ Այլապես Գյուլն Անկարայում այցի շրջանակներում քննարկված հարցերին անդրադառնալիս Հայաստանի հետ հարաբերությունների մասին չէր նշի։

Ի դեպ, նա այցի մասին որոշ պարզաբանումներ է տվել եւ ասել. «ԱՄՆ-ի հրեական լոբբին ինձ Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ չհանդիպելու որեւէ պահանջ չի ներկայացրել»։ Գյուլը միաժամանակ հաստատել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի խնդիրը, եւ ինքն ամերիկյան կողմին հաղորդել է Իրանի ներքաղաքական զարգացումներին չմիջամտելու նպատակահարմարության մասին իր կարծիքը։ Այս ամենին հուլիսի 29-ի համարում անդրադառնում է «Զամանը»։

Ըստ «Զամանի», Գյուլը նշել է, որ Հայաստանի նկատմամբ բացասական որեւէ դիրքորոշում այլեւս չունեն, եւ ընդգծել է. «Երբ առկա խնդիրները լուծվեն, ապա մենք տեր կկանգնենք աղքատության մեջ տառապող 1,5 միլիոն հայերին։ Հայաստանը դատարկվում է։ Հայերը գաղթում են»։ Վերջում Գյուլն ավելացրել է. «Այս ամենի կարգավորման համար անհրաժեշտ է, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց քայլ կատարվի»։

Գյուլի հոգատարությունը, որն անսահման է, մեկնաբանության կարիք չի զգում, հայերին տեր կանգնելու թուրքական նկրտումներըՙ եւս։ Թերեւս անհասկանալին Հայաստանի շրջափակումն էր, շնորհիվ Գյուլի դա էլ հասկանալի դարձավ։ Ուրեմն Հայաստանը շրջափակելու Թուրքիայի նպատակը դրա բարգավաճմանը նպաստելն է։ Չէ՞ որ շնորհիվ Թուրքիայի Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց բարգավաճել են։ Պարզապես թուրքական տնտեսությունն է անընդհատ քայքայվում, սակայն դա էլ հոգ չէ, մեկ ուրիշն էլ Թուրքիային տեր կկանգնի։

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4