«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2003-07-26 | #143, 2003-07-29 | #144, 2003-07-30


ՈՒՄ «ՀԱՄԵՐԳԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆ ԵՆ ԶԱՐԴԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հեյդար Ալիեւի բացակայության հետեւանքները Ադրբեջանում

Ադրբեջանում նախագահական ընտրությունները ժամկետից շուտ թեժացան փաստորեն առանց ներկայիս նախագահ Հեյդար Ալիեւի։ Դա նույնն է, թե նախընտրական կրքերը բորբոքվում են առանց իշխանության ռեալ վերահսկողության, քանի որ եւ Հեյդար Ալիեւը, եւ նրա որդինՙ Իլհամը զրկված են երկիրը կառավարելու հնարավորությունից։ Չնայած դրան, քաղաքական գործընթացները առայժմ էական անակնկալներ չեն մատուցել Թուրքիայում գտնվող Ալիեւին։

Վերջինիս առողջական վիճակի մասին Ադրբեջանում չեն համարձակվում խոսել անգամ ակտիվացած ընդդիմադիր ուժերը։ Իշխանությունը չի հանդուրժում որեւէ ակնարկ, թե Հեյդար Ալիեւի վիճակը ծանր է, եւ որ այդ պատճառով է նրա վերադարձն անընդհատ հետաձգվում։ Մինչդեռ անհանգստանալու առիթ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, ավելի ճիշտ նախիջեւանյան կլանը իրոք ունի։

Դեռ մինչեւ նախագահ Ալիեւի անակնկալ մեկնելը թուրքական «Գյուլհանե» ռազմական հիվանդանոց, իշխող կուսակցությունը հայտարարում էր, թե պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը, չնայած նախագահ դառնալու Իլհամ Ալիեւի հավակնություններին։ Այսինքն կուսակցությունը շատ ավելի վստահում է փորձառու հայր Ալիեւին, իսկ Իլհամին տեսնում էր միայն երկրորդ աստիճանին։ Վերջերս նույն շրջանակները սկսել են ակնարկներ նետել, որ իրենց թեկնածուն կարող է լինել Իլհամ Ալիեւը։ Արդյոք «Ենի Ադրբեջանը» հույսը կտրե՞լ է գործող նախագահից, դժվար է ասել։ Սակայն փաստը, որ Իլհամ Ալիեւը կուսակցության ներսում տարակարծությունների տեղիք է տալիս, ցույց են տալիս նաեւ հենց կուսակցականները։

Օրերս «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամ, Մեջլիսի պատգամավոր Մուսա Մուսաեւը հայտարարել է, թե կուսակցության որոշ անդամներ գաղտնի հանդիպումներ են ունենում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ավելինՙ ֆինանսավորում են անգամ վերջիններիս նախընտրական քարոզարշավը։ Անշուշտ ընդդիմությունը կարող է օգտագործել Մուսաեւի այս հայտարարություններըՙ ցույց տալու համար, թե իշխանությունները խուճապի են մատնվել։ Այնուամենայնիվ Իլհամ Ալիեւը հարկ է համարել հայտարարել, թե թույլ չեն տալու ընդդիմությանը հաղթանակ տանել ընտրություններում։

Հետաքրքրական է, որ Իլհամը կարծես որեւէ մտավախություն չունի ԵԱՀԿ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի հնարավոր, արդեն իսկ ուրվագծվող վերաբերմունքի առնչությամբ։ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հունիսի 9-ից 12-ը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով հաշվետվություն են հրապարակել, որով խիստ մտահոգություն է հայտնվում նախընտրական իրավիճակի կապակցությամբ։ Հիմնական երկու խնդիր է առաջ քաշվում. հասարակական կազմակերպություններին ընտրությունների ընթացքին հետեւելու թույլտվություն չտալու հանգամանքը եւ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Մեջլիսի էքսնախագահ, ներկայումս ԱՄՆ-ում ապաստանած Ռասուլ Գուլիեւին որպես նախագահի թեկնածուի ԿԸՀ-ի գրանցման մերժումը, ինչպես նաեւ վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելը։

Վերջին գործոնը Ադրբեջանի իշխանությունների համար շատ ավելի է կարեւորվում։ Գուլիեւը համարվում է նախագահի ամենահավանական թեկնածուն եւ ընդդիմադիր առավել ազդեցիկ չորս թեկնածուների շարքում է։ Գուլիեւի համախոհները նույնիսկ համոզված են, որ ԿԸՀ-ի կողմից Գուլիեւի դիմումի մերժումը, առավել եւս նրա նկատմամբ գործ հարուցելը վկայում է, որ իշխանությունները նրանից վախենալու առավել մեծ հիմքեր ունեն։ Ադրբեջանում անգամ կարծում են, որ Գուլիեւը ԱՄՆ-ից կարող է վերադառնալՙ ունենալով իր թիկունքում Վաշինգտոնի թաքնված հովանավորությունը։ Նման կարծիքը հիմնազուրկ չի թվում այն առումով, որ առավել քան երբեւէ ԱՄՆ-ն կարող է հետաքրքրություն ցուցաբերել նախագահական ընտրությունների կապակցությամբ։ Պատահական չէ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը երկու անգամ արդեն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում նախընտրական զարգացումների կապակցությամբ։ Այս տեսակետից առանձնակի նշանակություն է ստանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված եւ շարունակ հետաձգվող այցը Բաքու, որով պետք է ի տես ցույց տրվի Մոսկվայի աջակցությունը գործող նախագահին։

Իրականում Հեյդար Ալիեւի ներկայիս առողջական վիճակի պայմաններում Ադրբեջանում շատ լարված իրադրություն է։ Իշխանության եւ ընդդիմության հնարավորությունները աստիճանաբար հավասարվում են, ինչը կարող է հանգեցնել կողմերի միջեւ ուժեղ եւ անզիջում պայքարի։ Ոչ իշխանությունը եւ ոչ էլ ընդդիմությունը պատրաստակամություն չեն հայտնում միասնական ճակատով հանդես գալու։ Իշխանությունըՙ որովհետեւ իրապես չգիտիՙ հույս դնե՞լ Հեյդար Ալիեւի վրա, իսկ Իլհամ Ալիեւին այնքան էլ չի վստահում։ Ընդդիմությունըՙ որովհետեւ չափազանց մեծ են նրանում առկա հավակնությունները։ Եվ «Ենի մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը, եւ «Վահդատ» կուսակցության նախագահ Թաիր Քերիմլին, եւ «Ադալյաթի» առաջնորդ Իլիաս Իսմայլովը իրենց Ադրբեջանի նախագահ դառնալու ամենահարմար թեկնածուն են համարում։ Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն էլ վերջնական փուլում կմասնակցեն ընտրություններին, չնայած բոլորն էլ միասնական թեկնածուով հանդես գալը եւ ընտրությունները մեկ փուլով ավարտելը նպատակահարմար են համարում։

Ելնելով այս իրավիճակիցՙ միանգամայն բնական է թվում նախագահ Ալիեւի վերաբերյալ անհարկի որեւէ տեղեկություն թույլ չտալու իշխանությունների աներկբա ձգտումը։ Փաստորեն նման տեղեկությունները պարարտ հող են նախապատրաստում իշխանության ճամբարից «առնետավազք» սկսելու համար, որը գործող իշխանության համար հավասարազոր է ինքնասպանության։ Մյուս կողմիցՙ Ալիեւի վերադարձի անընդհատ հետաձգման միջոցով ժամանակ շահելով հնարավորություն է ստեղծվում նախապատրաստել Իլհամ Ալիեւին առաջիկաՙ ըստ ամենայնի դաժան մրցապայքարին։

Այսուհանդերձ Ադրբեջանում աստիճանաբար հասունանում է այն կարծիքը, որ Ալիեւի ժամանակաշրջանն արդեն անցնում է պատմության գիրկը։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4