Ըստ «Ազադլիգ» թերթի
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Ադրբեջանական «Հյուրիեթ» ընդդիմադիր թերթը գրում է, որ Իլհամ Ալիեւը պարզապես բլեֆ է անումՙ ասելով, թե հոր առողջությունը լավ է։ Բանն այն է, որ Ալիեւների ընտանիքը գիտակցում է, որ իրենց ժամերը հաշվված են եւ այժմ փորձում են ժամանակ շահել հնարավորին չափ շատ փող երկրից փախցնելու համար։ Ըստ «Հյուրիեթի», եթե Հեյդար Ալիեւն իրեն լավ զգար, ապա անպայման կհայտնվեր հեռուստաէկրանին։
«Ազադլիգ» ընդդիմադիր թերթըՙ վկայակոչելով «Գյուլհանեի» աշխատակիցներից մեկին, գրում է, թե իրականում Հեյդար Ալիեւը հուլիսի 26-ին ժամը 19։30-ին մահացել է եւ այդ պատճառով էլ Ալիեւի մոտ այլեւս ոչ մեկին չեն թողնում։ Ըստ «Ազադլիգի», Հեյդար Ալիեւը, մի ականատեսի վկայությամբ, հուլիսի 15-ի երեկոյան ժամանել է Բաքվի «Բինա» օդակայան, սակայն մի քանի րոպե անց նրա առողջությունը կտրուկ վատթարացել է, եւ նրան անմիջապես նույն օդանավով վերադարձրել են Թուրքիա։
«Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի պնդմամբ, իշխանությունները շտապ կարգով Բաքու են մտցրել հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ։ Իշխանություններն այդ փաստը չեն հերքում, սակայն այն բացատրում են պատերազմական վիճակով, այն էՙ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս իրենց վիճահարույց խնդիրները չեն լուծել եւ ժամանակ առ ժամանակ իրականացվող զորքերի փոխատեղումները դրանով են պայմանավորված։ Թերեւս այդ տեղաշարժն արդարացնելու համար Ադրբեջանի իշխանությունները օրերս միտումնավոր սրում էին ղարաբաղյան հակամարտության թեման ու հայտարարում, թե Ադրբեջանը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ագրեսիայի եւ իբր ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր թշնամուն զսպելու համար։ Իսա Ղամբարի համոզմամբ, իրականությունն այն է, որ իշխանությունները գիտակցում են, որ իրենց ժամանակը սպառվել է եւ ցանկանում են սադրանքների միջոցով ապակայունացնել իրավիճակը, արգելում են հանրահավաքները, ձերբակալում են լրագրողներին, խուզարկում են նախագահության թեկնածուների ավտոմեքենաները։