Համոզված է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը
Աղքատության, կոռուպցիայի եւ մեր երկիրը սարդոստայնի պես պատած այլ չարիքների ու 21-րդ դարի իրարանցումների մեջ, միջազգային կազմակերպությունների կողմից շռայլորեն հովանավորվող ծրագրերից, ի վերջո, մի ակնկալիք ունենքՙ մեր իրականության չարչրկված սայլը հրել դեպի կայուն զարգացում։ Հարյուրավոր փորձագետներ, տնտեսագետներ ու սոցիոլոգներ, որ լծված են այդ խնդրի լուծմանը, առայժմ մեկ էական արդյունք են արձանագրումՙ կայուն զարգացման համաշխարհային հայեցակարգը հաջողությամբ զարգանում է ողջ աշխարհում, սակայն որեւէ գործնական արդյունք դեռեւս չի արձանագրվում։ Պարզապես բոլորս ավելի իրազեկ ու գրագետ ենք դառնում նաեւ այս կարգի ծրագրերի առումով, իսկ կյանքը ինչպես որ է, շարունակվում է։
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը այլ մտահոգության ու լուրջ վերլուծությունների պարտադրող դիտանկյունով է մոտենում հարցին, որը եւ նա կամեցավ արտահայտել մեր թերթի միջոցով։
- 1992 թ., երբ առանձնապես ակտիվորեն սկսեց շրջանառվել կայուն զարգացման գաղափարը, անձամբ ես էլ շատ ոգեւորված էի։ Բնական է, որ ոչ մի մարդ չի կարող դեմ լինել հասարակության կայունության եւ զարգացման ծրագրերին։ Շատ հարմար տերմինոլոգիա է ընտրված, որն անմիջապես համակրանք է շահում։ Բայց երբ սկսում ես փոքր-ինչ խորն ու լրջորեն ուսումնասիրել, երբ սկսում ես քրքրել այդ նյութերը, պարզաբանումների կարիք է առաջանում։ Եթե որեւէ հայեցակարգ ես առաջադրում, ապա հնարավորության սահմաններում պիտի կուռ լինի։
- Ի՞նչը ձեզ չի բավարարում։
- Հայեցակարգը հենց ներսում հակասություններ չպետք է ունենա։ Հիմնական գաղափարաբանությունն այն է, որ մարդիկ պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, եւ բնությունն էլ պետք է պահպանվի։ Այսինքն բնական էկոլոգիական համակարգերը պիտի մնան այնպիսին, ինչպիսին որ կան, իսկ վնասվածն ու քայքայվածը պետք է վերականգնվեն։ Բայց երբ փորձում ես ամեն ինչ կողք-կողքի դնել ու թվաբանական հաշվարկ անել, տեսնում ես, որ ողջ մոլորակի պետությունների համար առաջարկվող գաղափարներն ու դրանց իրագործման մեխանիզմները միմյանց չեն համապատասխանում։ Խնդիրը հասկանալի դարձնելու համար մի քանի թվեր ասենք։ Համաշխարհային հիմնախնդիրներով զբաղվող հենց նույն կազմակերպությունների տվյալներով, բնակչության բարեկեցությունը բարձրացնելու համար 8-10 անգամ պետք է մեծացնել արտադրանքի ծավալները։ Այսօր, երբ երկրագնդի բնակչության 70-80 տոկոսն աղքատ է կամ կարիքավոր, յուրաքանչյուր մեկ մարդու հաշվով (ջրի օգտագործումը չհաշված), տարեկան մշակվում է 53-55 տոննա հումք։ Նկատի ունեմ ամեն ինչՙ հանքարդյունաբերությունից սկսած մինչեւ պաղպաղակի արտադրությունը։ Եթե այդ թիվը բազմապատկենք 6,3 միլիարդ բնակչով, ապա ստացվում է, որ տարեկան մոտավորապես 350 միլիարդ տոննա հումք է վերամշակվում։ Եթե կայուն զարգացման առաջարկով այդ թիվն էլ բազմապատկենք 10 անգամ, ապա կոպիտ հաշվարկներով ստացվում է 3,5 տրիլիոն տոննա հումք։
- Դա կարող է խաթարե՞լ էկոլոգիական հավասարակշռությունը։
- Երկրագնդի ցամաքային տարածքի միայն 27 տոկոսի բնական էկոլոգիական համակարգերն են, որ պահպանված են, մոտավորապես 36,5 տոկոսը քայքայված վիճակում է, նունքանն էլՙ կիսաքայքայված։ Վերադառնանք այդ թվերին ու պատկերացնենք, որ հումք օգտագործում ենք հենց այդ չափով, ապա այդ 27 տոկոսից էլ ոչինչ չի մնա շատ կարճ ժամանակահատվածում։ Ակնհայտ է, որ այս ծրագիրը բնակչության միայն փոքր հատվածին է ապրելու իրավունք վերապահում։
- Ձեզ կարող են հակադրվել, թե այժմ շատ կան էկոլոգիապես նախընտրելի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հումքը կարելի է ավելի խելամիտ, թափոնների ավելի քիչ կորուստով օգտագործել, եւ բնությանն այդքան վնասներ չպատճառել։
- Եթե նոր տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ, նույնիսկ 25-30 տոկոսով նվազի հումքի օգտագործումը, տարեկան էլի հարկ կլինի ծախսել 2-2,5 տրիլիոն տոննա հումք։ Հենց սա է հակասությունը. գաղափարը գեղեցիկ է, հղկված, բայց դրան հասնելու ուղին անհավանական է։ Եթե մի պահ ընդունենք, որ կայուն զարգացման ծրագիրը մի առանցքի վրա պտտվող հզոր գեներատոր է, ապա պիտի ընդունենք նաեւ, որ այդ առանցքի մի մասը կազմված է ամուր պողպատից, մյուս մասը կավից է։ Պարզ է, որ կավե հատվածը չի դիմանա գեներատորի ճնշմանը։
- Ո՞րն է, ուրեմն, գաղափարախոսության հեղինակների նպատակը։
- Իհարկե, հայեցակարգն ստեղծվել է ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր, հեղինակավոր մարդկանց ձեռքով։ Խնդիրն այլ էՙ ո՞վ է այս գաղափարախոսութան պատվիրատուն։ Պարզորոշ երեւում է, որ դա այն ուժն է, որը հոգում է ոչ թե 6,3 միլիարդ բնակչության մասին եւ նկատի է առնում նրա անընդմեջ աճը, այլ որի ծրագիրն ուղղված է բնակչության շատ սահմանափակ թվին։ Խոսքն այն ուժի մասին է, որն այժմ փորձում է տիրանալ համամարդկային նյութական ու մշակութային արժեքներին եւ աշխարհը կառավարել մի կենտրոնիցՙ իր նպատակներին համապատասխան։ Եվ այդ դեպքում միայն հնարավոր է, որ մարդիկ, այսինքնՙ ընտրյալները, բարեկեցիկ կյանքով ապրեն, եւ էկոլոգիական համակարգերը աղետալից արագությամբ քայքայվելու վտանգի առաջ չկանգնեն։ Ներկա բացատրությամբ, որ ներկայանում է հայեցակարգը, անըմբռնելի էՙ խիստ թերի։
- Դուք ենթատեքստային որեւէ նպատա՞կ եք տեսնում այս հայեցակարգի մեջ։
- Այս նույն հայեցակարգի պարտադրանքով ստեղծվում են նորանոր համաձայնագրեր, որոնք վերջիվերջո աշխարհի բոլոր պետությունների համար սահմանադրություն են դառնալու։ Եվ ամենեւին պատահական չէ, որ մեր օրենքներում միշտ հիշատակվում է, որ եթե տվյալ օրինագիծը եւ միջազգային փաստաթղթերը միմյանց հետ համաձայնեցված չեն, կամ նրանց միջեւ հակասություն կա, այդ դեպքում գործելու է միջազգային պայմանագիրը։ Այսինքն, աստիճանաբար ազգային պետությունների օրենքները թղթի կտոր են դառնում։ Նրանք պարտադրում են, որ երկրի ունեցվածքը պետք է ապապետականացվի, որ պետական կառավարումը պետք է լինի ապակենտրոն, նախարարությունները եւս պետք է ապակենտրոն կառավարում ունենան։ Այսինքն, ազգային պետությունը կամաց-կամաց պետք է թուլացնի իր դերը եւ վերջում կորցնի իր նշանակությունը։ Նպատակը երկրների հզոր ու կուռ կառուցվածքը քայքայելն է։ Իսկ եթե չկան կենտրոնացված, հզոր պետություններ, ապա դա նշանակում է, որ ի վերջո հանգում ենք քաոսի։ Այսինքն, ձգտում են անիշխանության, միայն ու միայն իրենց ուզածի պես ու հեշտությամբ աշխարհը կառավարելու համար։ Ստացվում է անհեթեթությունՙ քաոսի վերածված համաշխարհային հասարակություն, որին ղեկավարում են մի կենտրոնից։ Այդ ուժը, որ ձեռնարկել է մոլորակի կայուն զարգացումը, ձեռքի տակ կունենա իր համաշխարհային բանակը, որն այսօրվա տեխնիկայի ու տեղեկատվության զարգացման պայմաններում կփորձի սեփական կարգուկանոնը հաստատել ողջ աշխարհումՙ միջազգային օպերատիվ ոստիկանապետի դեր ստանձնելով։
- Աշխարհի ոչ մի անկյունում չի՞ գիտակցվում հայեցակարգի բովանդակած վտանգը, ինչո՞ւ դիմադրության չի հանդիպում։
- Չի կարելի ասել, թե մենք հասկացել ենք, ուրիշները չեն հասկացել։ Այդպես չէ։ Բոլոր նրանք, ովքեր լրջորեն ուսումնասիրել են խնդիրը, ամեն ինչ էլ տեսնում են։ Սակայն կայուն զարգացման խնդիրներով դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունների երեւի հիմնական մեծամասնությունը խնդրի մեջ չի խորացել. ուղղակի նրանք ֆինանսների հետ կարգադրություններ են ստանում ու կատարումՙ գրքեր են հրապարակում, զեկույցներ են գրում։ Եվ բացի այդ, ինչպես ասացի, գործը լավ է կազմակերպված։ Կայուն զարգացումը կապել են էկոլոգիական հիմնախնդրի հետ։ Հայեցակարգի հետ կապված ամենաքիչը 7 համաշխարհային խոշոր գագաթաժողովներ են եղել։ Եվ Ռիո դե Ժանեյրոյում, եւ Յոհաննեսբուրգում պետության առաջին դեմքերի հետ առաջին պլանում նաեւ էկոլոգիայի նախարարներն էին։ Տեսեք ինչ նրբություն կա. հավանաբար նրանք հաշվարկել են այն իրողությունը, որ բոլոր երկրներում էլ բնապահպանության նախարարությունները անհամեմատ ավելի քիչ ավանդույթներ ու աշխատանքի փորձ ունեն, ասենք ռազմականի, ֆինանսների կամ առողջապահության նախարարության համեմատ։ Եվ բացի այդ, էկոլոգիան բարդ բնագավառ է, սակայն բուն էությամբ հարազատ մարդկությանը։ Այս բոլոր պլյուսներն ու մինուսները հավասարակշռելովՙ հայեցակարգի հեղինակները հսկայական հաջողությունների են հասել ողջ աշխարհում։ Փաստորեն 10-12 տարվա ընթացքում նրանց հաջողվել է ստեղծել հասարակական կազմակերպությունների մի հզոր, առաջընթաց գումարտակ, որը հայեցակարգի գաղափարաբանությունը տարածում է ողջ աշխարհում։ Մի մասը դա անում է հանուն ֆինանսների, շատ լավ հասկանալով, որ դառնում է հայեցակարգի ակամա խոսնակը, մյուս մասըՙ ազնվորեն, չխորանալով մինչեւ վերջ։
Այդ հասարակական կազմակերպությունները կարողանում են հաջողությամբ ներազդել նաեւ իրենց երկրների կառավարությունների վրաՙ ստիպելով նրանց որդեգրել այդ քաղաքականությունը։ Հայաստանը նույնպես բացառություն չէ այդ առումով եւ նույնիսկ շատ առաջ է գնացել։
- Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի ձեռնարկի հասարակությունը։
- Ուղղակի բոլորս խնդրին անդրադառնալու խիղճ պիտի ունենանք, եւ մեր պետական այրերին պարտադրենք ուշադրություն բեւեռել դրա վրա։
Հայաստանի կանաչների միության նախագահի այսօրինակ վերլուծությունները, իհարկե, արտասովոր են շատերի լսողության համար, սակայն դրանք, ի վերջո, անսպասելի նորություն չեն։ Մեկ ամիս առաջ Կիեւում կայացած միջազգային էկոֆորումի եւ նախարարների կոնֆերանսի մասնակիցներին եւս միությունը հայտնեց իր հատուկ կարծիքը, որ կայուն զարգացման հայեցակարգը գիտականորեն հիմնավորված չէ եւ վտանգավոր, ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ։ Առաջարկվեց հայեցակարգը համընդհանուր փորձաքննության ենթարկել։ Ինչպես եւ սպասվում էր, այս կարգի ելույթները շատ սառն ընդունվեցին, եւ երկրորդ, այլընտրանքային կարծիքը չընդունվեց։
Խմբագրությունը ակնկալում է խնդրին առնչվող կամ դրանով շահագրգիռ անձանց արձագանքները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ