- Թողեք, թող ինձ մոտ գան երեխաները։ ¬ Աստվածորդու խոսքին ականջալուր, երեխաներն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի բեմահարթակին հավաքվել էին հուլիսի 14-ին, իբրեւ փոքրիկ դաշտի ծաղիկներՙ գլուխները հակած իրենց նվագարաններին։ Ջութակների, թավջութակների ու ալտերի քաղցրալուր ձայնը մանկանց այս բուրաստանից բարձրանում էր վեր, տարածվում չորս կողմ, ի պատիվ Մայր աթոռ սբ. Էջմիածնի հիմնադրման 1700-ամյակի։
«Սկերցո» մանկական կամերային նվագախմբի համերգը խոստումնալից էր երկու տասնյակ կատարող երեխաների եւ խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սուրեն Պետրոսյանի համար։
Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Մայր աթոռ սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդաց տան բարեհոգածությամբ, սկզբնավորվելով ընդամենը մեկ տարի առաջ, եւ մինչեւ այսօր մայրաքաղաքում 50-ից ավելի ելույթների փորձն ու ոգեւորությունն ունենալով, «Սկերցոն» հիշյալ համերգով հավաստիացրեց, որ հաստատուն է կանգնած իր ոտքերի վրա, ու պատրաստվում է անցնելու դեռ բավականին երկար մի ճանապարհ։
9¬16 տարեկան երեխաների հետ 26-ամյա Սուրեն Պետրոսյանն սկսել է աշխատելՙ ընտրելով նրանց երաժշտական տարբեր ուսումնական հաստատություններից, հավաքելով Արաբկիրի հայորդաց տան ջերմ հարկի տակ։ Իրՙ Սուրենի երաժշտական կենսագրությունն սկսվել է Չայկովսկու անվան դպրոցից, ապա սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, անվանի թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի դասարանում։ 1994-99 թթ. Սուրենը սովորել է կոնսերվատորիայի օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ֆակուլտետում (պրոֆ. Յ. Դավթյանի դաս.)։ 1998 թ.-ից սկսած իբրեւ թավջութակահար հանդես է եկել «Ռենեսանս» քառյակի հետ։ Միաժամանակ համագործակցել է երաժշտական տարբեր կոլեկտիվների հետ։ Հյուրախաղերն արտերկրում, ինչպես նաեւ ելույթները հայաստանյան համերգասրահներում երիտասարդ երաժշտի կյանքում արդեն ապահովել են բեմահարթակի այն պահերը, ուր նա ապրում է երաժշտական զգացողությունների լիակատար ինքնադրսեւորումների բերկրանքը։ Բեմահարթակը, սակայն, այլ պահանջներ ունի, երբ նա կանգնած էՙ ղեկավարելով մանկական նվագախումբը։ Այստեղ նրա հաջողության ապացույցը ֆիլհարմոնիայի փոքր, բայց երաժշտասեր ունկնդիրներով, նվագախմբի անդամների դասատուներով, մանկավարժներով լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափահարություններն էին, յուրաքանչյուր կատարումից հետո։ Երեկոյի ընթացքում արեւմտաեվրոպական եւ հայկական երաժշտության ընտրանիից կազմված ծրագիրը հնարավորություն տվեց բացահայտելու մանկական կատարողական վարպետության հիանալի նմուշներ։ Մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, 9-ամյա Լիլիթ Անտոնյանի «Վիվալդին» վաղուց էր լռել, բայց նա ծաղկեփնջերի տակ երեւացող ոտիկներով դեռեւս երկար «տնօրինություն» էր անում բեմում, փնջերից մաս հանելով նվագախմբին։
«Սկերցո»։ Մանկական կամերային նվագախումբ, համերգի ավարտին կանգնած բեմահարթակին, երբ դահլիճն արդեն լի էր Մոցարտի, Բախի, Հայդնի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի եւ այլ մեծերի ոգեղենությամբ։ Դահլիճը չի լռում։ «Սկերցոն» նվագում է առանց աղեղների, մատիկների խաղով դահլիճին փոխանցելով Շոստակովիչի «Պիցցիկատոյի» հրճվանքը։ Դահլիճում չի մարում մանուկների մատուցած երաժշտության հմայքը։
Ծաղիկների գլխիկներն արդեն հակված չեն նվագարաններին։ Նրանք կանգնած են լայն-լայն ժպտացող աչիկներով, նույնանալով խմբի ղեկավարից ստացած երիցուկների խոշոր գլխիկների հետ։
Հայորդաց տների հոգեւոր տեսուչ տեր Խադ քահանա Ղազարյանը սրտի թրթիռով ու ակնածանքով է նայում հայորդիներին։ ՀՀ երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը շնորհավորում ու բարեմաղթանքներ է հղում մանկական նվագախմբին։
Ու մինչ մանուկների բուրաստանում լուռ ու ականջալուր փոքրիկ ջութակները ծաղիկներին իջած մեղուներ են թվում, հաղորդավարուհին երջանկություն է մաղթում բոլոր ներկաներին, մինչեւ նոր տեսություն։
ՇՈՒՇԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ