Հուլիսի 1-ին Պրովիդենսի մշակութային կոմիտեն, Ռոդ Այլենդի սբ. Սահակ եւ Մեսրոպ հայկական եկեղեցին, սբ. Վարդանի ասպետների եւ Արաքս Լոջի համագործակցությամբ, Եկավյան մշակութային կենտրոնում ներկայացրել է երաժշտական հոգեզմայլ մի երեկոՙ «Հայաստանյան մշակութային ներկայացուցիչների հետ» խորագրով, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։ Երեկոն նվիրված է եղել 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին, որն այս տարի մեծ շուքով տոնակատարվում է համայն աշխարհում։ Կոմիտեի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Պետրոսյանը ներկայացրել է հրավիրված հյուրերին, որոնց թվում են եղել Երեւանի Արամ Խաչատրյանը, երաժշտագետ Մարգարիտա Տեր-Սիմոնյանը, Երեւանի Կոմիտասի երաժշտանոցի պրոֆ. Վիկտոր Խաչատրյանը, ջութակահար Կարինե Բաղդասարյանը (Մասաչուսեթսից), Լուսինե Օվանեսյանը (Ռոդ Այլենդից) եւ հայկական երաժշտական ասամբլեայի նախագահ Լեւոն Չաուշյանը։
Գեղարվեստական ծրագրին հետեւել է ընդունելություն, որի ընթացքում ներկաներն առիթ են ունեցել առավել մոտիկից առնչվելու հրավիրված հյուրերի հետ։
Հ. Ծ.