«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2003-07-26 | #143, 2003-07-29 | #144, 2003-07-30


ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ

Օրերս «Հայաստան» հրատարակչության եւ Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Եղվարդում տեղի ունեցավ գրական միջոցառում, որը մինչ այդ չուներ նախադեպը, սակայն հավակնում է դառնալ ավանդական։

Միջոցառման առիթը Գեւորգ Արշակյանի «Հոգով խելառը» հուշագրության լույսընծայումն էր։

Արձակագրի խոհական-վերլուծական ինքնատիպ ոճը կարողացել է վերհուշի միջոցով լսելի դարձնել ժամանակի խորհրդավոր լռությունը։ Գիրքն ունի խորհրդանշական մի նախաբանՙ արդարամիտ ու ազատատենչ, ազգային ինքնագիտակցություն ձեւավորած սերնդի մասին։ «Չորս սեւ աղավնի բռնում եմ արկղի միջից ու բաց եմ թողնում ազատության մեջ։ Գիտակցությունս սեւացնելով ճախրում եմ գմբեթից վեր, խաչից վեր... քարացած երկնքից վեր... Մեր քարացած հավատի եւ թեւավոր երեւակայությունից հեռու...

Նրանց սեւ թեւերի ծափը լսում եմ օդում, եւ հայտնի չէ, թե մյուս անգամ ո՞վ է երկինք հանելու մեր աղավնիները Պարույրի ոգով, Շիրազի ոգով, Համոյի ոգով, Մկրտիչի ոգով...»։

Այդ օրը Եղվարդում, ուր ամփոփված է Գեւորգ Արշակյանի աճյունը, գրողներն ու գրասերներն օդ բարձրացրին բազում աղավնիներՙ արձանագրելով, որ հայրերի մաքառումը որդիների պատվի ու նվիրումի գործն է, եւ չի մոռացվի ու չի մամռոտի հիշողության ճանապարհը։ Միջոցառմանը ելույթ ունեցան գրողներ Անահիտ Սահինյանը, Արշակ Գյումրյանը, Հարություն Հովնաթանը, Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, բանասիրության դոկտոր Ավիկ Իսահակյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը։

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4