«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2003-07-26 | #143, 2003-07-29 | #144, 2003-07-30


«ՀՆՉՈՒՄ Է... ԶՈՒՌՆԵՆ»

Ես սիրում եմ Մոսկվայում հաճախել հայկական երաժշտության համերգներին։ Եթե արմատներդ հայաստանյան են, ապա ազգային մեղեդին թափանցում է ներաշխարհդ ու առաջացնում հայրենաբաղձ հուշերի առինքնող մի շարան։ Բայց այս լիրիկական թեմայի շուրջ չէ, որ ուզում եմ խոսել։ Ամեն անգամ, երբ պարուրվում ես հիշյալ տրամադրությամբ, հանկարծ «հնչում է... զուռնեն» ու իր ծղրտոցով սղոցում քնքշացած ուղեղդ։ Ես չգիտեմ ինչքանով է հայկական այս գործիքը, եւ ինչ արդյունավետությամբ ենք մենք նրանով պրոպագանդում հայ երաժշտությունը։ Մելոդիկ չէ, պրիմիտիվ իր երաժշտատեխնիկական արտահայտչական հնարավորություններով։ Հիմա կասեք, թե դուդուկը հայտնի է եղել տակավին հին Եգիպտոսում, հայկական չեն թառը, քյամանչան եւ մի շարք այլ նվագարաններ։ Ճիշտ է, բայց դրանք մելոդրամիկ գործիքներ են եւ լավագույնս արտահայտում են մեր երաժշտական կուլտուրան։ Ջիվան Գասպարյաը նույն դուդուկով ժողովրդական մեղեդին բարձրացրեց, առանց չափազանցության, համաշխարհային մակարդակի։ Կարծում եմ, զուռնան անընդունակ է դրան, ինչքան էլ որ վարպետ լինի նվագողը։ Գուցե գինովցած հարսանքավորի համար այդ գործիքն անզուգական է, թեեւ կասկածում եմ։ Գուցե ներքին հայաստանյան օգտագործման համար դա իմաստ ունի։ Բայց հանել այն բեմ Մոսկվայում, Նյու Յորքում կամ Փարիզում... «Զուռնան ունի սուր, ճչացող ձայն», ազդարարում է հայոց հանրագիտարանը։ Արդյոք թա՞նկ է այդ ձայնի «արտահանական» գինը։

Ես կանխատեսում եմ «խստիվ դատապարտումներ» իմ այս «անիրավ» մտորման առթիվ։ Բայց խորհել, երեւի, կարելի է։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4