«Ազգ» օրաթերթն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է պետավտոտեսչության եւ պետավտոտեսուչների հետ կապված խնդիրներին։ Մասնավորապես մեր հրապարակումներում նշել ենք ավտոտեսչության համակարգում կոռուպցիոն դրսեւորումների, վարորդ-պետավտոտեսուչ հարաբերությունների մասին։ Մասնավոր, ոչ պաշտոնական զրույցներում որպես վարորդներից դրամ վերցնելու հիմնավորում, պետավտոտեսուչները նշում էին, թե, օրինակ, իրենց ծառայողական մեքենաների ծախսերը կատարում են իրենք։ Ասենք, մեքենայի համար վառելիքը «գնում է» պետավտոտեսուչը եւ, ըստ վերջինի, պետք է, որ այդ ծախսը «արդարացվի»։
Մենք փորձեցինք ճշտել, թե իրականում պետավտոտեսչության համակարգում բենզին հատկացնելու եւ մի քանի այլ հարցերի առումով ինչպիսին է վիճակը։ «Ազգի» գրավոր հարցին, թե որքան բենզին է հատկացվում հսկողությունն իրականացնող ավտոտեսուչների ծառայողական մեքենաների համար, եւ քանի կիլոմետր է նախատեսված անցնել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը պատասխանել է հետեւյալը։ Պետավտոտեսուչների ծառայողական մեքենաներին օրական հատկացվում է 50 լիտր բենզին, եւ ըստ այդմ, թույլատրելի վազքը կազմում է 550 կմ։
Թե ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով է կազմակերպվում պետավտոտեսչության մեքենաների տեխսպասարկումը, ոստիկանությունից տեղեկանում ենք, որ տեխսպասարկումն իրականացվում է կենտրոնացված կարգով, ոստիկանության ավտոտնտեսությունում։ Եվ հետաքրքրական է, որ ի հակադրություն պետավտոտեսուչների արդարացման, ոստիկանության ավտոտնտեսությունում տեխսպասարկումը կատարվում է պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին։
«Ազգի» հարցին, թե որքան է ավտոտեսուչի միջին աշխատավարձը, ՀՀ ոստիկանության լրատվականը պատասխան չի տվել։ Պատասխան չի տրվել նաեւ մեր այն հարցին, թե պետավտոտեսչության համակարգում ինչպիսի հակակոռուպցիոն միջոցներ են իրականացվում։ Առկախ թողնելով նշված երկու հարցերը, ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը մյուս հարցերին ի պատասխան մեզ տեղեկացնում է, որ 2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոչ մի պետավտոտեսուչ չի հեռացվել աշխատանքից։ Միեւնույն ժամանակ նույն ժամանակահատվածում ճանապարհային կանոնների խախտումների պատճառով պետավտոտեսուչները կազմել են 62 հազար 446 արձանագրություն, տուգանվել է 55 հազար 580 մարդ։
Ինչ վերաբերում է 2002 թ.-ին, ապա այդ ընթացքում պետավտոտեսչության 7 աշխատակից հեռացվել է ՆԳ համակարգից, հարուցվել է քր. գործ։
Այս պատասխաններով հանդերձ, նշենք, որ անգամ հատկացվող 50 լիտր բենզինի եւ X աշխատավարձի պայմաններում ավելի մեծ հարցականով է մնում այն խնդիրը, թե իսկապե՞ս հատկացվում է նշված քանակությամբ բենզին։ Այստեղ խնդիրը բնավ էլ շարքային պետավտոտեսուչի շահերի պաշտպանությունը չէ, այլ ընդամենը այն հանգամանքի շեշտադրումը, որ հակակոռուպցիոն ծրագրերը, ինչպես կարելի է դատել խմբագրությանն ուղարկված պատասխանից, հանգում են միայն այն բանի, որ ՆԳ համակարգից աշխատակիցներ են հեռացվում։ Իսկ թե այլՙ հակակոռուպցիոն բնույթի ավելի կոնկրետ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում, ոստիկանության լրատվականը պատասխան չի տալիս։
Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ սահմանադրությամբ իրավական, սոցիալական, ժողովրդավարական եւ ինքնիշխան հռչակված Հայաստանի Հանրապետությունում միշտ չէ, որ կատարվում են պարտավորությունները, կարող ենք, թերեւս, եզրակացնել, որ կոռուպցիան դեռ երկար կմնա ՀՀ պետական ապարատի առաջին բնութագրիչներից մեկը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ