«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2003-07-26 | #143, 2003-07-29 | #144, 2003-07-30


ՍԿՍՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեւի թե դժբախտաբար ճիշտ այնտեղ, որտեղ ընթանում է «27»-ի դատավարությունը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին ժամանակներում բազմիցս առիթ-անառիթ հասարակության մեջ քննարկվում են վերջին հնչեղ սպանությունների մանրամասներն ու տարաբնույթ վարկածները։ Դրանց թվում է նաեւ Հանրային հեռուստատեսության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործը։ Եվ հասկանալի է, որ Նաղդալյանի սպանության գործի նկատմամբ հետաքրքրությունը եւ ոչ անտարբեր վերաբերմունքը պայմանավորված են ոչ միայն Տիգրան Նաղդալյանի անձով, այլեւ նրա սպանության մեջ մեղադրվող մարդկանցով։

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ սկսեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը։ Մինչ կսկսվեր նիստը, վճռաբեկ դատարանի շենքի մոտ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Սահմանափակ տեղերի պատճառով դահլիճ մտնել ցանկացողները շրջապատել էին բոլոր մուտքերը։

Լրագրողների մուտքը թեեւ ազատ էր, սակայն այդ ազատությունը միայն ոստիկանների կողմից էր։ Ըստ էության, մուտքի մոտ կուտակված մարդիկ ուղղակի ճանապարհ չէին տալիս անցնելու։ Իսկ երբ բազմության մեջ հայտնվեց նաեւ Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Ռուբեն Ռշտունին, հասարակությանը հայտնի տեսակի մի քանի կին փորձեցին սպառել լուտանքների իրենց պաշարըՙ անհարկի մեղադրելով փաստաբանին։

Ինչ վերաբերում է արդեն կոնկրետ դահլիճ մտնելու անցակետում տիրող իրավիճակին, ապա գրանցվելիս որոշ մարդիկ ի ցույց դրեցին իրենց ոչ նորմալ վերաբերմունքը ոչ միայն դատական համակարգի, այլեւ ընդհանրապես մարդկանց նկատմամբ։ Մասնավորապես, ներկայումս ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանն իրեն թույլ տվեց ոչ միայն հաստատված հերթից «թռչկոտումներ կատարել», այլեւ բավականին հանգիստ վերաբերվեց իր արարքի նկատմամբ հնչած գնահատականներին, կարծես արածը պատգամավորին վայել էր եւ տեղին։

Ինչեւէ։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Այնտեղ էին ամբաստանյալ Արմեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը եւ մայրըՙ տիկին Գրետան։ Դահլիճում էին նաեւ Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, մի շարք պատգամավորներ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ։

Սկսելով դատաքննությունը, դատավոր Սարո Արամյանը նախ պարզեց, որ կողմերից ոչ մեկը բացարկ չի հայտարարում մյուսներին, նաեւՙ դատավորին։ Այնուհետեւ դատավորը սկսեց 13 ամբաստանյալների կենսագրություններից։ Ամբաստանյալ Արմեն Զավենի Սարգսյանը մինչեւ կալանավորվելն աշխատել է որպես Արարատի պահածոների գործարանի խորհրդի նախագահ, մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության գործողություններին։ Ամբաստանյալն, ի պատասխան իր առողջական վիճակի մասին դատավորի հարցին, նշեց, որ կալանավորման օրվանից ունի ջերմություն։ Արմեն Սարգսյանի շահերը դատարանում, ինչպես նաեւ նախաքննության ժամանակ կպաշտպանեն երկու փաստաբանՙ Հովիկ Արսենյանը եւ Ռոբերտ Գրիգորյանը։

Ամբաստանյալ Ջոն Հարությունյանը, որ ծնվել է Ղարաբաղի Մարտունի քաղաքում, հայտարարեց դատարանում, թե ինքը նախկինում դատված չի եղել, սակայն մեղադրողի հարցի միջոցով ճշտեց, որ դատապարտվել է, բայց կալանքի տակ չի գտնվել։ Այսուհետեւ Ջոն Հարությունյանի շահերը կներկայացնի փաստաբան Լուսնթագ Բադալյանը։

Ղարաբաղի նույն Մարտունի քաղաքից է նաեւ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը, որը մինչեւ կալանավորվելը չի աշխատել, դատապարտված չի եղել։ Նրա շահերը նախաքննության ժամանակ ներկայացրել է Էդիկ Չինարյանը, որը դատարանին տեղեկացրել էր, որ դատաքննության համար իր հետ պայմանագիր չի կնքվել։

Մարտունի քաղաքից է նաեւ ամբաստանյալ Սամվել Աբրահամյանը։ Վերջինս առաջին խմբի հաշմանդամ է, ինչը հետեւանք է մարտական գործողություններին մասնակցելու։ Դատարանում Սամվել Աբրահամյանը հայտնեց, որ մինչեւ կալանավորվելը զբաղվել է անհատական բիզնեսով, եղել է դատված։ Դատավորի հարցին, թե ինչի՞ համար է դատվել, Սամվել Աբրահամյանը պատասխանեց, որ այդ ժամանակ «Ղարաբաղի կեսը դատվել է»։ Ամբաստանյալը մանրամասնեց, որ դատապարտվել է որպես «Սամոյի մարդ»։ Իսկ դատավորի հարցին, թե ինչո՞ւ չի ասում այդ մասին, ամբաստանյալը պատասխանեց, որ դեռ ժամանակ կա, եւ ինքն ասելու շատ բան ունի։ Սամվել Աբրահամյանը հրաժարվեց պաշտպան ունենալուց։

Ամբաստանյալների մյուս խումբը նախկին Արտաշատի շրջանից է։ Մասնավորապես Գեղամ Շահբազյանը եղել է մսավաճառ, դատված չէ, եւ նրա շահերը կպաշտպանի Լուսնթագ Բադալյանը։ Արտաշատի շրջանից է նաեւ ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանը, որը մինչեւ կալանավորվելը զբաղվել է անհատական բիզնեսով, դատված չի եղել։ Նրա շահերը պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարան չէր ներկայացել։ Պաշտպանի նման վերաբերմունքը դատարանի նկատմամբ հանկարծակի պոռթկմամբ շարժեց դատավորի զայրույթը։ Սարո Արամյանը որոշեց համապատասխան գրություն գրել Հայ փաստաբանների միջազգային միությունՙ Լիպարիտ Սիմոնյանի անպատասխանատու վարքագծի մասին։ Չնայած սրան, Գրիգոր Պետրոսյանի շահերը կպաշտպանի Լիպարիտ Սիմոնյանը։

Արտաշատի շրջանից է եւս մեկ ամբաստանյալՙ Լյովա Հարությունյանը։ Վերջինս մինչեւ կալանավորվելն աշխատել է որպես արտադրական կոոպերատիվի տնօրեն, դատված չի եղել։ Լյովա Հարությունյանը դատարանում բողոքեց նյարդերից եւ գլխացավերից։ Նրա փաստաբանն է Վաղինակ Գեւորգյանը։

Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը նախկինում դատված չի եղել, աշխատել է որպես խանութի տնօրեն։ Նրա փաստաբանն էր Հոկտեմբեր Քարամյանը։ Ամբաստանյալ Սամվել Հարությունյանը նույնպես դատված չի եղել, նրա շահերը ներկայացնում է Լուսնթագ Բադալյանը։ Երեւանաբնակ ամբաստանյալ Խաչիկ Ահագինյանը, որի շահերը պաշտպանում է Ալբերտ Քարամյանը, նույնպես դատված չի եղել, մինչեւ կալանավորվելը չի աշխատել։

Ամբաստանյալներ Նշան Մուրադյանը, Ռաֆիկ Մելքոնյանը եւ Արմեն Մանասյանը հրաժարվեցին պաշտպան ունենալուց։ Նշենք, որ այս երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրվել։ Նրանցից Ռաֆիկ Մելքոնյանն օձունցի է, թոշակառու, իսկ Արմեն Մանասյանըՙ ԼՂՀ քաղաքացի։

Դատավորը հայտարարեց, որ մեղադրանքը դատարանում պաշտպանում են մեղադրողներ Զ. Թադեւոսյանը, Ա. Ավագյանը եւ Լ. Մելքոնյանը։ Տուժողի իրավահաջորդ Հովհաննես Նաղդալյանի շահերը ներկայացնում էր Ռուբեն Ռշտունին։

Երբ դատավորը դիմելով կողմերին, ասաց, որ կարող են հանդես գալ միջնորդություններով, ամբաստանյալ Արմեն Սարգսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը հայտնեց, որ հաշվի առնելով ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայությունը, ցանկանում է ճշտել դատարանի վերաբերմունքը, թե նպատակահարմա՞ր է արդյոք միջնորդություններ անել, չունենալով պաշտպաններից մեկի կարծիքը։ Մեղադրող կողմը համաձայնեց, որ պաշտպանի բացակայության պարագայում հնարավոր չէ դատաքննությունը շարունակել։ Նույնակարծիք էր նաեւ տուժողին ներկայացնող Ռուբեն Ռշտունին։ Ըստ նրա, պաշտպաններից մեկի բացակայությունը միանգամայն հիմք է նիստը հետաձգելու համար։

Այդպիսով, դատարանը որոշեց, ելնելով ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի շահերից, որի պաշտպանը չէր ներկայացել եւ միջնորդությունների փուլում հնարավորություն չունի իր կարծիքը հայտնելու դատարանին, հետաձգել դատական նիստը մինչեւ օգոստոսի 5-ը։

Արդեն միջանցքում տուժողի իրավահաջորդ Հովհաննես Նաղդալյանն ասաց, որ համաձայն է ներկայացված մեղադրանքին։ Իսկ ամբաստանյալներից Արմեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանեց, որ իր եղբոր ամբաստանյալ լինելը պայմանավորված է, երեւի թե, Վազգեն Սարգսյանին շատ նման լինելով։

Ելնելով նմանատիպ դատերի մեզանում ձեւավորված ընդհանուր պրակտիկայից, ամեն դեպքում կարելի է համոզմունք հայտնել, որ դատավարությունը կարճ չի տեւի։ Չնայած դրան, երեւի թե կարելի է հույս հայտնել, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործը կբացահայտվի ամբողջությամբ, ի վերջո, պատասխան տալով նրա սպանությամբ առաջացած բազմաթիվ հարցերի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4