Հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 30 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թե՛ Նյու Յորքում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Լոս Անջելեսում լիակատար աջակցություն է գտել համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու գաղափարը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որն ավարտում է իր այցն ԱՄՆ։
Խոսելով իր ուղեւորության արդյունքների մասինՙ Արա Աբրահամյանն ընդգծել է, որ Մոսկվայում հայերի համաշխարհային կոնգրես անցկացնելու եւ համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու գաղափարն աջակցություն եւ ըմբռնում է գտել ոչ միայն Միացյալ Նահանգների հայ համայնքում, այլեւ ԱՄՆ-ի ամենաբարձր մակարդակի պաշտոնատար անձանց շրջանում։ «Թե՛ Նյու Յորքում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Լոս Անջելեսում մենք լիակատար փոխըմբռնում եւ աջակցություն գտանք այն բանից հետո, երբ պատմեցինք, թե ինչով ենք զբաղվելու եւ ինչ խնդիրներ ենք դնում մեր առջեւ», պարզաբանել է նա։
Ինչպես նշել է Արա Աբրահամյանը, ստեղծվող կազմակերպությունն զբաղվելու է համամարդկային, գլոբալ բնույթ կրող խնդիրների լուծմամբ, որոնք չեն կարող առարկություններ հարուցել։ Մասնավորապես, խոսքը ժողովուրդների եւ պետությունների միջեւ բոլոր մակարդակներով տնտեսական ինտեգրման մասին է, որին օժանդակելու է կազմակերպությունը։ Նա նաեւ նպաստելու է միջազգային ահաբեկչության եւ աղքատության դեմ պայքարին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, մարդասիրական ու սոցիալական օգնությանը միջնորդելուն։ «Այս ամենը վերաբերում է ոչ միայն հայերին եւ ավելի լայն, գլոբալ բնույթ ունի», նշել է Արա Աբրահամյանը։
Խոսելով Լոս Անջելես կատարած իր այցի նպատակների մասինՙ նա պարզաբանել է, որ այդ տարածաշրջանում ապրում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծաթիվ հայ համայնքներից մեկը, եւ ինքը ցանկանում էրՙ անմիջականորեն նրանց բացատրել համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման նպատակներն ու խնդիրները, ինչի համար մի ամբողջ շարք հանդիպումներ է անցկացրել ամենատարբեր մակարդակներով։ Նա հանդիպել է ամերիկյան եւ տեղի հայկական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ եւ բացատրել Ռուսաստանում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ բոլոր նրանք, ում հետ ինքը հանդիպումներ է անցկացրել այցի ընթացքում, պարզորոշ պատրաստակամություն են հայտնելՙ պաշտպանել այն ազնիվ ու համամարդկային նպատակները, որ իր առջեւ դնում է ստեղծվող կազմակերպությունը։